Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2022 թվականի հունվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների համեմատական աճ։Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 52 մլրդ դրամ:Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի հունվարի համեմատ գրանցելով 65% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 59 գործարք։Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ, որը 8%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը 2021 թվականի հունվարի համեմատ աճել է 78%-ով՝ հատելով 3.6 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 180 գործարք։Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 104-ի։Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թվականի հունվարի համապատասխան ցուցանիշը 41%-ով։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 6.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով՝ հասնելով 174 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 9 գործարք։ Tweet Դիտում՝ 6651