Հայաստանի պետական պարտատոմսերի պահանջարկը բարձր է

17.04.2020 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմսեր #Հայկ Եգանյան
Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնում են, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին տատանումներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ ՀՀ ֆինանսական շուկայի վրա։

Այն արտացոլվել է երկարաժամկետ պետական պարտատոմսերի շուկայի վրա, որոնց եկամտաբերությունները դեռ փետրվարի վերջից սկսել են տատանվել։

10 տարի մարման ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունն մարտի 17-ի դրությամբ հասել է 9,0793%-ի, 20 տարվանը՝ 10,0792%-ի, իսկ 30 տարվանը՝ 10,5156%-ի, սակայն կրկին կայունացան մի քանի օր անց՝ վերադառնալով հունվարի վերջին օրերի ցուցանիշներին։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․

«Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների համար շարունակում  են հուսալի եւ գրավիչ ներդրման գործիք մնալ ՀՀ պետական պարտատոմսերը։ Դրա վկայությունն է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում մարտ ամսին եւ ապրիլի առաջին կեսին իրականացված պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների պահանջարկի բազմապատիկ գերազանցումն առաջարկին։


Ապրիլի 14-ին 30 տարի ժամկետայնությամբ, 20 մլրդ ՀՀ դրամ անվանական արժեքով պետական պարտատոմսերի՝ ֆոնդային բորսայում տեղի ունեցած տեղաբաշխման աճուդի ժամանակ ներկայացված առաջարկությունների ծավալը կազմել է ավելի քան 79 մլրդ դրամ՝ գրեթե 4 անգամ ավելի հայտարարված եւ տեղաբաշխված ծավալի նկատմամբ, որը վկայում է ՀՀ կառավարության հուսալիության մասին, քանի որ ականատես եղանք, թե ներդրողներն ինչ ծավալի պարտք էին պատրաստ տալ ՀՀ Կառավարությանը 30 տարով եւ ինչ հարաբերական ցածր տոկոսով»:

Բորսայի փոխանցմամբ՝ ներկայում Հայաստանը տարածաշրջանային երկրների ազգային արժույթներով արտացոլված պարտատոմսերի մեջ մրցունակ է:

«ՀՀ Կենտրոնական բանկը կարողացավ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կայունացնելու արտարժութային շուկան:

Նախ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25%: Սա թույլ տվեց որոշակիորեն զսպել  այն տնտեսական բացասական հետեւանքը, որը ճգնաժամը կարող էր ունենալ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի վրա։ Բացի այդ, մարտի 16-ին եւ 17-ին ԿԲ-ն իրականացրեց 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման ՍՎՈՊ գործառնություններ, որն էականորեն նպաստեց  արդեն  մարտի վերջին օրերին արտարժութային շուկայի տատանումների զսպմանը եւ դրամի կայունացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արժեթղթերի բորսայական հարթակներում առեւտրի կայուն ընթացքը նաեւ պահպանվել է կորպորատիվ պարտատոմսերի դեպքում։

2020-ի առաջին եռամսյակի տվյալները վկայում են  երկրորդային շուկայում առեւտրի ծավալների աճի մասին նախորդ տարիների համեմատ։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի առաջին եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 233 մլրդ դրամ, որը 46%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հավելենք նաեւ, որ  կորպորատիվ պարտատոմսերի առեւտրի բորսայական ծավալը 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 87%-ով՝ գերազանցելով 10 մլրդ դրամի շեմը, որի արդյունքում գների արժեթղթերի գնանկում եւս չի նկատվել, որը կրկին հավաստում է այն մասին, որ ներդրողները վստահում եւ շարունակում են ներդնել պարտատոմսերում»,- ամփոփել են Հայաստանի ֆոնդային բորսայում:
Դիտում՝ 2880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW