ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

20.11.2019 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#եվրապարտատոմս #ֆոնդային բորսա #Հայկ Եգանյան
Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առեւտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։

Բորսայում նշել են, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ եւ 3,95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը:  

«Մենք նախաձեռնում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի գրավիչ ներդրումային գործիքները հասանելի դառնան հայաստանյան ներդրողներին։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած դոլարային պարտատոմսերը հենց այդպիսի գործիք են։ Լինելով շատ գրավիչ՝ դրանք պետք է հասանելի լինեն ոչ միայն օտարերկրյա, այլ նաեւ մեր ներդրողներին՝ մեր հարթակի միջոցով»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«2020-ին կիրականացնենք մի շարք նախաձեռնություններ, որպեսզի ընդլայնենք տարբեր ֆինանսական գործիքների հասանելիությունը հայաստանյան ներդրողների համար»,- հավելել է բորսայի գլխավոր տնօրենը։


«Ողջունում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հրաշալի քայլը եվրապարտատոմսերի գնանշման եւ եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու ուղղությամբ: Սա առաջին հերթին կարեւորում ենք հասարակության համար կառավարության պարտքային եւս մեկ գործիք հասանելի դարձնելու առումով»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Եվրապարտատոմսերի շրջանառությունը եւ վերջնահաշվարկն իրականացվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Դեպոզիտարիայի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։  

Եվրապարտատոմսերի առաջին ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2014-ին։

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։
Դիտում՝ 6045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW