Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

13.09.2019 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #Հայաստանի ֆոնդային բորսա
Սեպտեմբերի 12-ին AMX ֆոնդային բորսայի զանգն ազդարարել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի (AMCOVSB28ER6 եւ AMCOVSB29ER4) ցուցակումը բորսայի Abond ցուցակում։

Բորսայում նշել են, որ 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը թողարկվել են 9,75% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։

Բանկը վճարումները կատարելու է կիսամյակային պարբերականությամբ։
 
Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 10 մլն դոլար ընդհանուր ծավալով՝ 3 տարի մարման ժամկետով, վճարման կիսամյակային պարբերականությամբ եւ 5,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ։

«Վերջին երկու տարիներին Կոնվերս Բանկը թողարկել եւ տեղաբաշխել է ավելի քան 22 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ երեք արժույթով կորպորատիվ պարտատոմսեր, որոնց նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերում թե ինստիտուցիոնալ, եւ թե  ֆիզիկական անձ հաճախորդները: Կոնվերս Բանկն այս ոլորտում առաջատարներից է եւ առաջիկայում նույնպես շարունակելու է պահպանել իր դիրքերը՝ պարբերաբար իրականացնելով նոր տեղաբաշխումներ»,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը։

Սա Կոնվերս Բանկի 3-րդ դոլարային եւ 2-րդ դրամային ընթացիկ ցուցակումն է։

Ողջունելով Կոնվերս Բանկի արդյունավետ համագործակցությունը՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ՝ բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասել է.

«Կոնվերս Բանկի եւ մեր մյուս գործընկերների ակտիվությունը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածի համար շահավետ է ֆինանսական միջոցների ներգրավումը պարտատոմսերի օգնությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների միջոցով մեր գործընկերները կարողանում են ընդլայնել իրենց գործունեության սահմանները, եւ արդյունքում շահում են բոլորը՝ թե՛ անհատ ու ինստիտուցիոնալ ներդրողները, թե՛ թողարկողը՝ ի համեմատություն բանկային դեպոզիտի եւ վարկի»։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով։ Նույն կերպ աճել է բորսայում կնքված գործարքների քանակը՝ 18%-ով, եւ առեւտրի ծավալը՝ 36%-ով՝ 24 մլն դոլարից հասնելով 33 մլն դոլարի։

Կոնվերս Բանկը ֆոնդային բորսայի անդամ է 2008 թվականից ի վեր։ Ներկայում նաեւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաեւ դեպոզիտար եւ կենսաթոշակային համակարգերի հաշվի օպերատոր:
Դիտում՝ 6659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW