Ինեկոբանկը տեղաբաշխում է $5 մլն ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր
08.06.2018 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Բանկում նշել են, որ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում: Այն կատարվելու է բաց բաժանորդագրության միջոցով:
«Պարտատոմսը ցանկացած պահի հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում եւ, ի տարբերություն ավանդի, որի դեպքում ժամկետից շուտ մարումը ենթադրում է կուտակված տոկոսների վերահաշվարկ, պահպանել ընթացիկ եկամտաբերությունը։ Ներդրողները, մինչեւ պարտատոմսերի մարումը, հնարավորություն ունեն, ընթացիկ շուկայական գներով դրանք վաճառել մարքեթ մեյքերին։ Մարքեթ մեյքերը ֆինանսական կազմակերպություն է, որը պարտավորվում է ապահովել պարտատոմսի առքն ու վաճառքը պարտատոմսի շրջանառության ամբողջ ընթացքում։ Պետք է ընդգծեմ, որ հաճախորդները կարող են չանհանգստանալ ներդրման ապահովության մասին. հարկման եւ երաշխավորվածության տեսանկյունից պարտատոմսերը ոչնչով չեն տարբերվում ավանդներից»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։
«Առաջին տրանշի շրջանակում նախատեսում ենք իրականացնել 50 000 հատ պարտատոմսի տեղաբաշխում, յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 3 տարի է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականցվելու է կիսամյակային պարբերականությամբ։ Սա Ինեկոբանկի կողմից կապիտալի շուկա մուտք գործելու առաջին քայլն է։ Հետագայում բանկը կլինի էլ ավելի ակտիվ. «Ծրագրային ազդագրով» նախատեսվում է եւս 15 միլիոն ԱՄՆ դոլարի եւ մինչեւ 2,5 մլրդ ՀՀ դրամի թողարկումներ իրականացնել»,- հավելել է Հայկ Ոսկանյանը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում:
Ծրագրային ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ թղթային տարբերակները ներդրողները կարող են ձեռք բերել՝ այցելելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ՝ ք.Երեւան, Թումանյան 17 հասցեով:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։
- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- 2017թ. բանկը առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: