«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (FNCAB2) մայիսի 12-ին ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես հայտնել են «Ֆինքա»-ում, ցուցակման գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաեւ ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:Ցուցակված պարտատոմսերը ներառում են 150 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12,75% տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով: «2017թ. ապրիլ ամսին «Ֆինքա» ՈՒՎԿ-ն հաջողությամբ ավարտել է 12,75% տարեկան եկամտաբերությամբ 1 500 000 000 անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը՝ տեղաբաշխելով ամբողջ ծավալը եւ ներգրավվելով 1 501 239 156 դրամ: Որպես տեղաբաշխող հանդես էր եկել Արարատբանկը, որն իրականացրել էր երաշխավորված տեղաբաշխում: Այժմ Արարատբանկին շնորհվել է «Ֆինքա»-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ»,- ասել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:Նրա խոսքով՝ շուկա ստեղծողի կարգավիճակում Արարատբանկը կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ «երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը եւ ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն»: Tweet Դիտում՝ 7495