«Գլոբալ Կրեդիտ»-ը հայտարարել է պարտատոմսերի հերթական թողարկման մասին
17.11.2016 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա



«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն այսօր հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի հարթակում տեղաբաշխման մասին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:
«Սա ընկերության արդեն երկրորդ թողարկումն է, եւ մենք ակնկալում են քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավվածություն: Այս այլընտրանքային ֆինանսական գործիքը հնարավորություն կտա ներդրողներին ստանալ եկամուտներ`քիչ ռիսկային գործարքով»,- նշել է նա:
Լուիզա Իգրարյանի խոսքով` տեղաբաշխումից ստացվելիք միջոցներն ուղղվելու են վարկային քաղաքականության ընդլայնմանը, այդ թվում` վարկատեսակների ավելացման միջոցով, որոնք կլինեն ավելի մատչելի եւ բարելավված պայմաններով:
Ընկերության փոխտնօրեն Արամ Ղուկասյանն էլ տեղեկացրել է, որ պարտատոմսերի թողարկումը կիրականացվի երկու տրանշով:
Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` $1 մլն ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ $100 անվանական արժեքով, 9% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (վճարումները` կիսամյակային պարբերականությամբ) եւ 36 ամիս շրջանառության ժամկետով:
Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 20 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 200 մլն դրամ ծավալով, 10 հազ. դրամ անվանական արժեքով, 14% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (վճարումները` կիսամյակային պարբերականությամբ) եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Ռենեսա» ընկերությունը, որը հետագայում հանդիսանալու է նաեւ պարտատոմսերի մարքեթմեյքերը:
«Ռենեսա»-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանի խոսքով` պարտատոմսերը կտեղաբաշխվեն նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ մեկանգամյա աճուրդի միջոցով, որին անմիջապես կհաջորդի պարտատոմսերի ցուցակումը բորսայում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը կարեւորել է ընկերության` պարտատոմսեր թողարկելու նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ «այս օրինակները վարակիչ կլինեն նաեւ մյուս ընկերությունների համար, որոնք դեռեւս չեն որոշել, որ պարտատոմսեր թողարկելով կարող են այլընտրանքային ֆինանսավորման հնարավորություններից օգտվել»:
Նա ընդգծել է, որ ոչ բանկ թողարկողների առկայությունը վկայում է հայաստանյան շուկայում ֆինանսական միջնորդության խորացման մասին, երբ այս կազմակերպությունների պարտատոմսերն ի վիճակի են մրցակցել նաեւ բանկերի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: