«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ակնկալում են, որ միջազգային Clearstream դեպոզիտարիայի հետ կապուղին կհեշտացնի օտարերկրյա ներդրողների մուտքը ՀՀ արժեթղթերի շուկա: Այս մասին նշել են բորսայի մամուլի ծառայությունում՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ում (ՀԿԴ) Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիայի` Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագրի ստորագրումը: Պայմանագրի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն այսուհետ կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում եւ վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում: «Օտարերկրյա ներդրողները վերոնշյալ պարտատոմսերում կարող են ներդրումներ կատարել Clearstream-ի թղթակցային հաշիվների միջոցով՝ առանց ՀՀ-ում հաշիվներ բացելու»,- պարզաբանել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում: Դեպոզիտարիայում ընդգծել են, որ Clearstream-ն ունի հաճախորդների հսկայական բազա՝ շուրջ 2500 ֆինանսական կազմակերպություն ավելի քան 110 երկրում: Բացի այդ, այսուհետ հայկական դրամը կդառնա վերջնահաշվարկի լիարժեք արժույթ` հնարավորություն տալով օտարերկրյա ներդրողներին ստանալու իրենց պարտատոմսերի գծով եկամուտները ՀՀ դրամով: Բորսայում հիշեցրել են նաեւ, որ ՀԿԴ-ի անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում բացվել է 2013թ. դեկտեմբերին, որի արդյունքում ներկայում հայաստանյան ներդրողները կարողանում են մեկ պատուհանից նեդրումներ կատարել աշխարհի ավելի քան 50 երկրների արժեթղթերում: Tweet Դիտում՝ 16562