Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

25.05.2016 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկը սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 մլն դրամ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ»-ը:

Յունիբանկում հիշեցրել են, որ 2015թ. բանկը որոշում է կայացրել բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու վերաբերյալ: IPO-ի արդյունքում  բանկի բաժնետերերի թիվը կազմել է 186:

Արդեն այս տարվա ապրիլին Յունիբանկը լրացուցիչ թողարկել եւ բորսայում ամբողջությամբ տեղաբաշխել է 5.2 մլրդ դրամի բաժնետոմսեր:

«Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է հատկացնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը»,- նշել են բանկում:

«Այս տարվա հունիսի 1-ին կկայանա Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն տարվա արդյունքները, եւ կներկայացվեն առաջիկա ծրագրերը: Չնայած 2015-ը այնքան էլ բարենպաստ տարի չէր տնտեսության աճի համար, Յունիբանկը տարվա արդյունքներով գրանցեց 358 մլն դրամ շահույթ եւ բարձրացրեց իր ներդրումային գրավչությունը` տեղաբաշխելով եւ ցուցակելով բաժնետոմսերը ֆոնդային բորսայում: Բանկի բաժնետոմսերի ընթացիկ գինը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում` գործունեության արդյունավետության եւ իրական շուկայական արժեքի որոշման հավաստի ցուցանիշն է»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Բանկում ընդգծել են, որ ներդրողները զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Յունիբանկի բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների:  

2016-2020 թթ. զարգացման ռազմավարության համաձայն՝ Յունիբանկի շուկայական մասնաբաժինը ավանդների գծով նախատեսվում է մեծացնել մինչեւ 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Ակնկալվում է, որ հաճախորդների թիվը 2020թ. կկազմի մինչեւ 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ. բանկը կապահովի 5 մլրդ դրամի շահույթ:

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր՝ բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը եւ բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին եւ լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: Բաժնետոմսերի նոր թողարկման շնորհիվ մենք կընդլայնենք բաժնետերերի մեր ցանկը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բարելավելու բանկի կորպորատիվ կառավարման մակարդակը»,- ընդգծել է Վարդան Աթայանը:

«2016թ. առաջին եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% եւ կազմել 125 մլրդ դրամ: Բանկը 2016թ. առաջին եռամսյակում  ապահովել է 212 մլն դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկում հիշեցրել են, որ բանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է եւ ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ:

Դիտում՝ 6028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW