Հաջողությամբ ավարտվել է Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Բանկում նշել են, որ տեղաբաշխումն անցկացվել է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձեւով` 2015թ. նոյեմբերի 18-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը: Կնքվել է 186 գործարք, որի ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 2 454 668 330 ՀՀ դրամի 10 672 471 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Բանկը բաժնետոմսերը տեղաբաշխման էր ներկայացրել 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմել է 230 ՀՀ դրամ: «Հատկանշական է, որ Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ» ԲԲԸ-ն»,- ասված է հաղորդագրությունում:Յունիբանկում ընդգծել են, որ բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է բանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկում հիշեցրել են, որ հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի դարձնելու նպատակով իրենք ձեռնամուխ են եղել «Ժողովրդական բանկ» հեռուստածրագրի թողարկմանը: «Յուրաքանչյուր հաղորդմանը բանկի մասնագետները կպարզաբանեն, թե ինչպես ճիշտ օգտվել բանկային ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը եւ խնայողություններ անել»,- նշել են Յունիբանկում: Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել էր Յունիբանկի վարկանիշը՝ կանխատեսումը թողնելով անփոփոխ՝ «կայուն»: Tweet Դիտում՝ 6534