Արարատբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:Թողարկվել է 80 հազ. անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $2 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 7% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Դրանց բաժանորդագրությունը կիրականացվի նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան արտարժութային պարտատոմսերով առուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ:Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտատոմսերի գնման համար կարող են դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ներկայացնելով պատատոմսերի նախորդ թողարկումների արդյունքները` նա նշել է, որ Արարատբանկն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, եւ հաշվի առնելով նախորդ թողարկումների ընթացքում ձեւավորված պահանջարկը՝ բանկն այս անգամ եւս առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Արարատբանկի թողարկած պարտատոմսերով 2015թ. կատարվել է 118 գործարք՝ 704 մլն դրամ ծավալով:«10-րդ թողարկման պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության՝ հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը»,- տեղեկացրել է նա: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն էլ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է հետաքրքրության աճ կա բանկերի կողմից թողարկվող պարտատոմսերի նկատմամբ:«Ֆինանսական շուկան կարող է կայանալ միայն այնպիսի գործողությունների պարագայում, ինչպիսիք են բանկերի եւ ընկերությունների կողմից պարտատոմսերի թողակումները: Այս քայլերը, ինչպես նաեւ դրանց պարբերականությունը, շատ կարեւոր են»,- ասել է Կոնստանտին Սարոյանը: Tweet Դիտում՝ 24526