Awesome հիմնադրամ. լավ գործեր փոքր գումարով

08.07.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Awesome հիմնադրամն աշխարհով մեկ տարածված եւ անընդհատ աճող ցանց է, որը  հիմնադրվել է 2009 թ-ին Բոստոնում: ԱՄՆ-ում եւ աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը (chapters) ամեն ամիս $1000 դրամաշնորհներ են տրամադրում հետաքրքիր եւ յուրահատուկ (awesome) ծրագրերի հեղինակներին՝ դրանք կյանքի կոչելու համար: Այսօր արդեն Awesome-ի շնորհիվ ամբողջ աշխարհում ֆինանսավորվել է 1067 նախագիծ:

2013 թ-ի սեպտեմբերից գործարար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ Երեւանում նույնպես գործում է Awesome հիմնադրամի մասնաճյուղ, որի միջոցով արդեն ֆինանսավորվել է 9 ծրագիր:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նազարեթ Սեֆերյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ հիմնադրամի հիմքում դրված է այն գաղափարը, որ լավ գործեր անելու համար մեծ գումար հարկավոր չէ:

«Մեր խումբը բաղկացած է 40 անդամներից, որոնցից յուրաքանչյուրն ամեն ամիս ներդնում է մոտ 11 000 դրամ, արդյունքում կուտակվում է $1000 խորհրդանշական գումարը, որն էլ տրամադրվում է տվյալ ամսվա հաղթող նախագծին: Դիմումներն ընդունվում են ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում դրանք քննարկվում են, եւ հոգաբարձուների քվեարկության արդյունքում ընտրվում է հաղթող նախագիծը: Չհաղթած նախագծերը կարող են նորից դիմել հաջորդող ամիսներին:

Կցանկանայի շեշտել, որ Awesome հիմնադրամի գաղափարը հենց $1000-ի մեջ է. դրամաշնորհի այս ոչ մեծ չափը պետք է խթան հանդիսանա հեղինակների համար ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու եւ գաղափարի հետագա հղկման համար»,- նշել է Նազարեթ Սեֆերյանը:

Նրա փոխանցմամբ, քանի որ գումարը տրամադրվում է մի խումբ անհատների կողմից`որպես նվիրատվություն, հարկային համակարգին հաշվետու լինելու խնդիր եւս չկա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ` Լուսինե Քասարջյանը նշում է, որ դիմողների շարքում ավելի շատ են անհատները, քան կազմակերպությունները: Դիմումները քանակային տեսանկյունից բավարար են: Յուրաքանչյուր ամիս ստանում են 30-70 դիմում, սակայն կա մտահոգություն որակային առումով. կուզեին, որ մտահաղացումներն իրապես «awesome» լինեին:

«Ներկայացվող նախագծերի համար չկա որեւէ ոլորտային սահմանափակում: Ֆինանսավորվել կարող են ինչպես startup-ներ, այնպես էլ բարեգործական ծրագրեր: Ֆինանսավորումը տրամադրվում է միանվագ եւ հետագայում չկա հաշվետու լինելու կամ վերահսկողության խնդիր: Չնայած սրան`հաղթողները բարեխղճորեն մինչ օրս կատարում են իրենց ստանձնած պարտականությունները»,- նշել է մեր զրուցակիցը:

Banks.am-ը զրուցել է նաեւ Awesome հիմնադրամի կողմից ֆինանսավորված երկու առավել հետաքրքիր նախագծերի հեղինակների հետ:

Ուշագրավ գիտություն

2014 թ-ի ապրիլին Awesome հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել «Ուշագրավ գիտություն» նախագիծը, որի հեղինակը Հայկ Իշխանյանն է: Banks.am-ի հետ զրույցի ընթացքում հեղինակը պատմել է նախագծի եւ մտահղացման առաջացման դրդապատճառների մասին:

«Միտքը հետեւյալն է. ուշագրավ եւ անսպասելի արդյունքներով գիտափորձեր ցուցադրել նախ Երեւանի կենտրոնում եւ հեռուստատեսությամբ, ապա նաեւ մարզերում: Հետագայում մի քանի տասնյակ ուսուցիչների համապատասխան վերապատրաստումից հետո պլանավորում ենք ցուցադրություններ կազմակերպել դպրոցներում։ Ընդհանուր նպատակն է գիտության հանրայնացումը, դպրոցականների շրջանում գիտության վարկանիշի բարձրացումը եւ գիտության ոլորտի գրավչության մեծացումը: Թեեւ բուն գաղափարը վաղուց կա եւ, վստահաբար, մինչ մեզ էլ աշխարհում իրագործվել է,  այնուամենայնիվ, գաղափարից գործի անցնելու խթան հանդիսացել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ զրույցը»,- պատմել է նախագծի հեղինակը:

Հայկ Իշխանյանի խոսքերով, առկա պայմաններում համեմատաբար պարզ գործողություններով, սարքերով ու նյութերով կարող են ցուցադրել մոտ 200 փորձ։ Ծրագրերի շրջանակը լայն է, ներառված են փորձեր գերսառը, գերտաք նյութերի հետ (այսինքն, կարելի է տեսնել սառույց, մառախուղ, պայթյուններ, կրակ), մեխանիկական, օպտիկական եւ էլեկտրամագնիսական փորձեր:

Հիմնադրամի կողմից ֆինանսավորումը ստանալուց հետո նախագծի իրականացումը սկսվել է փոքր քայլերից: «Դեռեւս խուսափում ենք հեռուստահաղորդումներից, մշակում եւ հետագա հղկման ենք ենթարկում ցուցադրությունները, փորձերն ու մեկնաբանությունները։ Առաջին 20 օրերի ընթացքում 4 ցուցադրություն ենք իրականացրել տարբեր հարթակներում՝ դպրոց, բեմ` հասուն հանդիսատեսով, շրջիկ բեռնատարի թափք, լաբորատորիա»։

Հիմնադրամի տրամադրած գումարը էական էր, նշում է հեղինակը, սակայն ավելի էական էր անդամների ջերմ աջակցությունը եւ ցուցաբերած հետաքրքրությունը՝ որպես գաղափարի այսօրինակ մշակման եւս մեկ ստուգում:

Ticcson bikes

Հեծանվով երթեւեկելու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով մասնագիտությամբ ճարտարապետ Տիգրան Մանուկյանը Awesome հիմնադրամ է ներկայացրել «Ticcson bikes» նախագիծը, որը  հաղթող է ճանաչվել այս տարվա մայիսին: Հեծանիվների յուրահատկությունն այն է, որ դրանք հիմնականում պատրաստված են լինելու բնական, էկոլոգիապես մաքուր  փայտանյութից (ֆաներա): Հիմնադրամի տրամադրած դրամաշնորհը ուղղվելու է սկզբնական երկու նախատիպերի պատրաստմանը: Տիգրան Մանուկյանը նշում է, որ հետագայում իրականացվելու են նաեւ անհատական պատվերներ պատվիրատուի եւ դիզայների համատեղ քննարկման արդյունքում, տրվելու են դիզայներական տարբեր լուծումներ, հնարավոր է լինելու հեշտությամբ փոխել  դիզայնի փայտե կառուցվածքը`ըստ տրամադրության եւ անգամ ըստ սեռի:

«Այժմ աշխատում ենք մի խումբ ճարտարագետների /ինժեներների/ հետ, փնտրում ենք օպտիմալ տարբերակներ եւ կոնստրուկտիվ ճիշտ լուծումներ: Արդեն ձեռք ենք բերել այն հեծանիվը, որի վրա պետք է կատարվեն համապատասխան փոփոխությունները»,- եզրափակել է Տիգրան Մանուկյանը:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

Դիտում՝ 4806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW