Ինչպե՞ս վստահել պաղպաղակի որակին ու թարմությանը

16.06.2014 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշմամբ մայիսի 30-ին արգելվեց «Թամարա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների, այդ թվում` «Քսան Կոպեկ» եւ «Կարմեն» պաղպաղակների արտարդրությունն ու վաճառքը:

Արգելանքի պատճառը ստուգումների արդյունքում հայտնաբերված «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը չհամապատասխանելն էր: Սակայն, օրեր անց, նույն ծառայության հունիսի 11-ի որոշմամբ վերոնշյալ արգելանքը հանվեց:

Banks.am-ը պաղպաղակի սպառման անվտանգության հետ կապված հարցերի շուրջ զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգություն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների համակարգող Դավիթ Ղուլյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում արտերկրյա տեխնոլոգիայով պաղպաղակի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Դավիթ Ղուլյանի փոխանցմամբ, ծառայությունն առնվազն տարին մեկ անգամ փորձագիտական ստուգում է իրականացնում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, պարբերաբար կատարում նաեւ դիտարկումներ:

«Եթե բաղադրության հետ կապված որեւէ ռիսկի առկայություն է նկատվում, հետագծելիությունն ապահովելու նպատակով կրկնակի ստուգումներ են իրականցվում», -Banks.am-ի հետ զրույցում ասել է Ղուլյանը:

Խոսելով «Թամարա» ընկերության որոշ արտադրատեսակների վրա դրված եւ հետո հանված արգելանքի մասին` մեր զրուցակիցը նշել է, որ արգելանքը սահմանված է եղել որոշման հրապարակման պահից մինչ այն պահը, երբ ընկերության արտադրանքի վրայից արգելանքը հանվել է: Դավիթ Ղուլյանը նշել է, որ արգելանք դնելու պատճառն «ընկերության որոշ արտադրատեսակների բաղադրության մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի խմբի մանրէներն են (ԱՑԽՄ), որոնք կարող էին առաջացնել աղիքային հիվանդություններ»:

Մեր դիտարկմանը, որ քաղաքացիները նշված ժամանակահատվածում տարբեր խանութներում հանդիպել են նշված արտադրատեսակները, Դավիթ Ղուլյանը պատասխանել է. «Եթե սպառողը խանութում հայտնաբերել է վերոնշյալ ընկերության արգելանք ունեցող արտադրանք, որն արտադրվել է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա դա կարող է դիտվել օրենքի խախտում: Այդ դեպքում քաղաքացին կարող է դիմել մեր ծառայություն, որը եւ կզբաղվի հետագա քայլերով: Արգելանքի ընթացքում տվյալ արտադրատեսակի արտադրման ու սպառման դեպքում ընկերությանը սպասում է կրկնակի վարչական տույժ»:

Խոսելով փողոցում հանդիպող անհայտ ծագում ունեցող «լցնովի» պաղպաղակների մասին` Դավիթ Ղուլյանը նշել է, որ փողոցային առեւտուրն օրենքով արգելված է, իսկ դրա նկատմամբ ստուգումները պետք է իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի պաղպաղակի վաճառք իրականացնող ընկերությանը, նա նշել է, որ, քանի դեռ ծառայությունը չի հայտնաբերել եւ հայտարարել որեւէ խնդրի մասին, պաղպաղակը կարելի է վստահելի համարել: Միեւնույն ժամանակ, Դավիթ Ղուլյանը նկատել է, որ սպառողը պաղպաղակ գնելիս պետք է ուշադրություն դարձնի դրա պիտանելիության ժամկետին ու վաճառակետի սանիտարահիգիենիկ պայմաններին:

Banks.am-ը փորձեց պարզել նաեւ, թե պիտանելիության ի՞նչ ժամկետ եւ անվտանգության ի՞նչ երաշխիք ունեն շուկայում արտերկրյա տեխնոլոգիայով պատրաստվող եւ համեմատաբար ավելի թանկ գնով վաճառվող պաղպաղակները:

«Իլ Սոլո Ջելատո» իտալական պաղպաղակի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության մենեջեր Լուսինե Սայադյանի փոխանցմամբ, պաղպաղակն այստեղ արտադրվում է թարմ կաթից եւ իտալիայից ներմուծվող հումքից:

«Ներմուծման ժամանակ հումքը սահմանային անցակետում անվտանգության մի քանի ստուգում է անցնում, որից հետո մենք ձեռք ենք բերում արդեն ստուգված եւ անվտանգ հումք»,- մեզ հետ զրույցում նշել է Լուսինե Սայադյանը:

«Ի տարբերություն այլ պաղպաղակների, որոնք ունեն, օրինակ, պահպանման 6-ամսյա ժամկետ, մեզ մոտ պաղպաղակի պահպանման առավելագույն ժամկետը երեք օրն է. դրանից հետո պաղպաղակը համային եւ կառուցվածքային փոփոխության է ենթարկվում»,- ասել է նա եւ նկատել, որ պաղպաղակը հիմնականում սպառվում է սահմանված եռօրյա ժամկետից էլ շուտ:

«Բլուբերի» պաղպաղակի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության մենեջեր Ժորա Դալաքյանի փոխանցմամբ, պաղպաղակի հումքը ներմուծվում է Իտալիայից` իտալական ընկերության տեղական դիստրիբյուտորի կողմից, իսկ կաթն ու անհրաժեշտ թարմ մրգերը հայաստանյան շուկայից են:

«Պաղպաղակի ժամկետը մեզ մոտ, ըստ կառավարության ներկայացրած չափանիշների, 20 օր է, սակայն ամռան ընթացում ամենաուշը 3 օրվա ընթացում ողջ արտադրանքը սպառվում է»,-ասել է ընկերության մենեջերը:

Անդրադառնալով պաղպաղակի` շուկայականից ավելի բարձր գնին, մեր զրուցակիցը նշել է, որ դա պայմանավորած է ներմուծվող հումքի գնով:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW