«Սահման» ՀԿ-ն Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր եւ Չինարի համայնքներում շուրջ երկու տարի իրականացնում է ջերմոցային տնտեսության եւ մեղվաբուծության ծրագրեր: Շահույթ չհետապնդող ծրագրերի հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում հողագործության եւ անասնապահության համար այլընտրանք ստեղծելն ու այդ կերպ բնակիչներին աջակցություն ցուցաբերելն է: Banks.am պորտալը ծրագրերի մասին խոսել է ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանի հետ: Ջերմոցային տնտեսությունը` հողագործությանն այլընտրանք«Տավուշի մարզի սահմանիյին գոտում ունենք 14 գյուղ, որտեղ առկա են նույն խնդիրները, ինչ մեր մյուս գյուղերում, սակայն դրանք գտնվում են նաեւ հակառակորդի անմիջական նշանառության տակ: Ականապատ լինելու կամ նշանառության տակ գտնվելու հետեւանքով այստեղ հնարավոր չէ օգտագործել դաշտերն ու այգիները: Մեր հիմնական նպատակն այդ համայնքներում մասնագիտանալն է: Օրինակ, երկու տարի առաջ աշխատում էինք Բարեկամավանում, հիմա ավելի շատ կենտրոնացած ենք Բերքաբեր համայնքի վրա»,- ասում է Ջորջ Տաբակյանը:Նրա փոխանցմամբ, նպատակ ունեն մի քանի ծրագրերի միջոցով կարճաժամկետ ապագայում համայնքում քիչ թե շատ կայուն եւ զարգացած տնտեսություն հիմնել:ՀԿ-ի նախաձեռնությամբ Բերքաբերում իրականացվում է երկու հիմնական ծրագիր` ջերմոցային տնտեսության եւ մեղվաբուծության:«Ինչպես արդեն նշեցի, գյուղի համայնքապատկան հողերի մեծ մասն անհնար է օգտագործել: Որպես հողագործության այլընտրանք` մենք առաջարկում ենք ջերմոցային տնտեսության հիմնումը: Նախորդ տարի ծրագիրն առաջին անգամ մեկնարկեց Բերքաբերում: Առաջին փուլով երկու ջերմոց էինք հիմնել, հիմա դրանք յոթն են»,- պատմում է մեր զրուցակիցը: Ծրագրի մասնակիցների ընտրության հարցում շեշտը դրվում է բազմազավակ ընտանիքների վրա, որոնք պատրաստ են նման աշխատանք կատարել: Յուրաքանչյուր ընտանիքի ջերմոցը, որի տարածքը 100 քառակուսի մետր է, տեղադրվում է նրանց բակում գտնվող հողամասում` այն պայմանով, որ ջերմոցը վաճառելու իրավունք չունեն: Ջերմոցն ու դրա համար անհրաժեշտ պարագաները տրամադրվում են անվճար, առաջին տարվա համար «Սահման» ՀԿ-ն տրամադրում է նաեւ անվճար սածիլներ, իսկ համապատասխան մասնագետների կողմից իրականցվում է ջերմոցային տնտեսության վարմանն ուղղված 4 ամսվա ուսուցում: «Ճիշտ աշխատելու դեպքում մարդիկ կարող են մեծ եկամուտ ստանալ ջերմոցից: Յոթ ընտանիքները, որոնց հետ աշխատում ենք, ներկայումս մտածում են բերքի սպառման մասին. հիմնական շուկան հարակից գյուղերն են, հասնում է նաեւ Իջեւան»,- ասում է Տաբակյանը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ՀԿ-ն ստանում է տարբեր կազմակերպություններից:Մեղվաբուծությունը` անասնապահության այլընտրանք Ջերմոցային տնտեսություններ հիմնելուց բացի, սահմանամերձ Բերքաբերում եւ Չինարիում ՀԿ-ն իրականացնում է մեղվաբուծության ծրագիր:«Այդ համայնքներում անասնապահությամբ զբաղվելը հնարավոր չէ. արոտավայրերը նշանառության տակ են, որոշ տարածքներ` ականապատ, իսկ հակառակորդն առիթը բաց չի թողնում անասունների վրա կրակելու համար: Կարծում ենք, մեղվաբուծությունը լավագույն այլընտրանք կարող է հանդիսանալ: Այն համեմատաբար ավելի հեշտ է ու անվտանգ»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա փոխանցմամբ, այս դեպքում գյուղացին կարող է ստանալ իրեն անհրաժեշտ մեղրի տարեկան պաշարը, որոշ մասը վաճառել կամ փոխանակել մեկ այլ ապրանքի հետ:Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում եւ Չինարիում մեղվաբուծության զարգացման եւ սպառողական կոոպերատիվ ստեղծելու ծրագիրը հանդիսանում է G2iA-ի (Groupement interprofessionnel international arménien՝ Միջազգային միջմասնագիտական հայկական խմբավորում) համայնքային զարգացման կառուցողական ծրագրի բաղադրիչներից մեկը: Այն ընդգրկում է Հայաստանի երեք մարզերի 13 համայնք՝ դրանք համախմբելով մեղվաբուծության, թեյաբույսերի, մրգերի, չրերի, պահածոների, խնձորի հյութի ոլորտներում գյուղացիական միավորումների ստեղծման շուրջ: Բերքաբերում եւ Չինարիում ծրագրի իրականացման գործընկերը «Սահման» ՀԿ-ն է: Չինարիում գործընթացը սկսվել է դեռեւս 2009-ին`Ֆրանսիական Ռոն Ալպ տարածաշրջանի աջակցությամբ: G2iA-ի ծրագիրն ընթանում է Ֆրանսիայի Ռոն Ալպ Ռեգիոն-Հայաստանի Համայնքների Միության համագործակցության շրջանակներում` Ռոն Ալպյան գործընկերների ու Ռոն Ալպ տարածաշրջանի համաֆինանսավորման շնորհիվ: Ռոն Ալպ տարածաշրջանը ծրագրի հիմնական գործընկերն ու համակարգողն է: Տարբեր բաղադրիչներում ծրագիրն ունի համաֆինանսավորող գործընկերներ, ինչպես, օրինակ, Օրանժ Հիմնադրամը, Օքսֆամ Հայաստանը, Ռոտարի ակումբը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որոնք էլ ավելի են հզորացնում համայնքային զարգացման այս ծրագիրը:Ծրագրի շրջանակներում Բերքաբերում 80 փեթակ է տեղադրվել: Առաջին մեղրաքամը հուլիսին է նախատեսվում: Չինարիում փեթակները 200-ն են, որոնք տրամադրվել են շուրջ 30 ընտանիքի: Ջորջ Տաբակյանի փոխանցմամբ, 1 փեթակից 15-20 կգ մեղր կարելի է ստանալ, որը հնարավոր է վաճառել 2000-3000 դրամով:Բերքաբերում նաեւ չորանոց բացելու ծրագիր կա, սակայն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, դեռեւս համապատասխան միջոցներ չկան. «Բերքատվությունն ու բերքի որակն այնտեղ բավական լավն է, սակայն սպառման խնդիր կա: Հաճախ բերքն այնքան շատ է լինում, որ չեն հավաքում, եւ այն ծառերի վրա չորանում է: Չորանոցը հնարավորություն կտա տեղում չրեր պատրաստել եւ, ինչու ոչ, արտահանել»:Սահմանամերձ որոշ համայնքներում վարկային միջոցները հասանելի չենՋորջ Տաբակյանը փաստում է, որ սահմանամերձ մի շարք համայնքներում հասանելի չեն վարակային միջոցները: Հակառակորդին մոտ գտնվող տարածքն ու բնակարանները համարվում են ռիսկային, եւ դրանք չեն ընդունվում որպես գրավ վարկավորման դիմաց: «Ուրախությամբ ուզում եմ նշել, որ անցյալ տարի Բերքաբերից մի ընտանիք էր դիմել ՓՄՁ ԶԱԿ-ին տեխնիկայի ձեռքբերման համար ֆինանսավորում ստանալու նպատակով, եւ մեր միջամտությամբ նրանց օգնեցին»,- ասում է նա:Լավագույն արդյունքն ընտանիքիների սոցիալապես կայուն վիճակն էՄեր զրուցակցի փոխանցմամբ, ՀԿ-ի համար լավագույն արդյունքը ծրագրի մասնակից ընտանիքների սոցիալապես կայուն վիճակն է. «Մենք աշխատում ենք ընտանիքի հետ, ջերմոցն ու փեթակը տալիս ենք ընտանիքին եւ արդյունք ակնկալում նրանից: Հիմնականում տեսնում ենք, որ գյուղացին եկամուտ է ունեցել, որոշ ընտանիքներ, ովքեր նախորդ տարի մասնակցել են ջերմոցային ծրագրին, ասում են, որ տարվա կտրվածքով հիմնական եկամտից ավել $1800 օգուտ են ունեցել: Որոշ ընտանիքների դեպքում էլ տեսնում ենք, որ արտագաղթի կանխում է տեղի ունեցել: Օրինակ, մի ընտանիքի հայր, ում մենք նախորդ տարի ջերմոց տվեցինք, վերադարձել է արտագնա աշխատանքից եւ ասում է, որ այլեւս չի պատրաստվում մեկնել»:Մեր զրուցակիցը կարծում է, որ պատկերն ավելի հուսադրող կլինի, երբ սահմանամերձ ու նշանառության տակ գտնվող համայնքներին պետության կողմից հատուկ կարգավիճակ տրամադրվի. «Օրինակ, նոր բիզնեսն ազատվի հարկերից, ցածր տոկոսներով վարկավորում տրամադրվի, կոմունալ ծախսերի մի մասը սուբսիդավորվի, առաջնահերթություն տրվի հիմական ենթակառուցվածքային ծրագրերին`խմելու, ոռոգման ջրով ապահովելու, ճանապարհները բարեկարգելու եւ այլ հարցերում, քաջալերվի գյուղացու գյուղում մնալը: Ի վերջո, մենք Երեւանում կարող ենք ապահով քնել, երբ սահմանամերձ գյուղացիները ապահով են ապրում իրենց գյուղերում»,- եզրափակել է Ջորջ Տաբակյանը:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 6978