ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ եւ համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից եւ խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատեւ սոցիալական եւ տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաեւ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլեւ ֆոնդերի կառավարիչներին եւ կառավարությանը»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 2234