«Լեգելատա» իրավաբանական ընկերության տնօրեն Գոռ Մարգարյանի հարցազրույցը Banks.am պորտալին- Ձեր ընկերության իրավաբանական ծառայությունները հասցեագրված են նաեւ ֆինանսական շուկայի մասնակիցներին: Արդյո՞ք ֆինանսական հաստատություններին, հատկապես՝ բանկերին ավելի նպատակահարմար չէ սեփական ուժերով իրականացնել այդ գործառույթները: - Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է նոր բանկային պրոդուկտների կամ գործիքների իրավական աջակցությանը եւ կարգավորմանը, ինչպես նաեւ դրանց իրավական ռիսկերի գնահատմանը, բանկերը մեծ մասամբ նախընտրում են դիմել այդ ոլորտում երկարատեւ փորձ եւ գիտելիք կուտակած իրավաբանական ընկերություններին եւ մասնագետներին: Դրանով իսկ ապահովվում է միանվագ մատուցվող ծառայության միջոցով նույն գործիքը, օրինակ՝ պայմանագիրը անընդհատ օգտագործելու հնարավորությունը, ինչն էապես նվազեցնում է ֆինանսական հաստատության իրավաբանական ծառայություններին ուղղվող ծախսերը:Ճիշտ է, սկզբնական փուլում այս մոտեցումն ենթադրում է որոշակի ծախսեր բանկերի համար, սակայն հետագայում օգնում է խուսափել իրավական եւ դրա հետ կապված այլ ռիսկերից: Սա օգնում է նաեւ արագորեն ստանդարտացնել այդ պրոդուկտները՝ դարձնելով դրանք արդեն կիրառելի տվյալ բանկում աշխատող իրավաբանների կամ ոչ իրավաբանների համար:Ընդհանուր առմամբ, ներկայումս բանկային եւ ֆինանսական շուկայի իրավաբանական ծառայությունների նկատմամբ պահանջարկի մակարդակը կարելի է բնութագրել ստատիկ: Այն օրենքները եւ համակարգի փոփոխությունները (խոսքը, մասնավորապես, կենսաթոշակային համակարգի փոփոխությունների մասին է) չհանգեցրին այդ հարաբերությունների իրավական աջակցության պահանջով պայմանավորված իրավաբանական ծառայությունների աճի: - Իսկ ինչո՞վ է պայմանավորված աշխուժության պակասը, հատկապես, կենսաթոշակային համակարգի փոփոխությունների պարագայում: - Դա կբացատրեի նրանով, որ այդ շուկայում ներդրումներ կատարելու հնարավորությունն իրատեսական դարձավ շատ քիչ անձանց համար՝ շուկա մուտք գործելու իրավակարգավորիչ խոչընդոտները հաղթահարելու բարդության պատճառով: Այդ խոչընդոտներից կարելի է նշել կանոնադրական կապիտալի բարձր շեմը, ակտիվների կառավարմանը ներկայացվող խիստ պահանջները եւ այլն: Ոչ իրավական պատճառներից կառանձնացնեմ շուկայի փոքրությունը, ինչը անհետաքրքիր է դարձնում այն խոշոր ներդրողների համար, ինչպես նաեւ, կարծում եմ, կա կարգավորողի շահագրգռվածությունը շուկայում ունենալ խոշոր խաղացողներ: - Ինչպե՞ս կգնահատեք ֆինանսական կազմակերպությունների հնարավորությունները՝ վեճերը դատական կարգով լուծելու տեսանկյունից: - Վերջին շրջանում նկատվում են միտումներ, երբ գործերի մեծ քանակի դեպքում բանկերը պատրաստ են վերահսկողության վրա միջոցներ ծախսելու փոխարեն փոխանցել դրանք իրավաբանական ընկերություններին՝ դատական կարգով գործերի ընթացքն ապահովելու համար: Ընդ որում, սա հավասարապես վերաբերում է նաեւ վարկային կազմակերպություններին: Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, ապա դրանց մեծ մասն իրենց փոքր եւ արդյունավետ կառուցվածքը պահպանելու նպատակով արդեն բավականին երկար ժամանակ է օգտվում է իրավաբանական ընկերությունների ծառայություններից՝ թե դատական, թե խորհրդատվական ծառայությունների մասով:- Կարո՞ղ ենք փաստել, որ իրավաբանական գործառույթները մասնագիտական ընկերությանը փոխանցելով՝ ֆինանսական կառույցները լուծում են նաեւ ռիսկերի կառավարման հետ կապված հարցերը: - Բնականաբար: Նախ, վարկատու կազմակերպությունը կատարման եւ սխալի ռիսկը փոխանցում է այլ անձի, այսինքն՝ իրավաբանական ընկերությունը կրում է պատասխանատվություն մասնագիտական անփութության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար: Այսպես, Լեգելատան ապահովագրում է իր մասնագիտական պատասխանատվությունը մինչեւ $1 մլն-ի սահմաններում որոշակի ապահովագրական պատահարների համար: Սա նշանակում է, որ, օրինակ, եթե Լեգելատայի իրավաբանները անփութորեն վարեն գործը, որի հետեւանքով վստահորդի հայցը չի բավարարվի, եւ նա դրա հետեւանքով չի ստանա ակնկալվող գումարը, մեր ապահովագրական ընկերությունը կհատուցի չբավարարված մասով գումարը:Երկրորդ, վարկատու կազմակերպություններին միանշանակ ձեռնտու է գումարների բռնագանձման համար տրանզակցիոն ծախսերը դնել պարտապանների վրա: Իսկ դա տեղի է ուենում, երբ իրավաբանական ընկերությունը գումարի բռնագանձման պահանջի հետ մեկտեղ ներկայացնում է նաեւ դատական ծախսերի պահանջներ: Դատարանի կողմից հայցը բավարարվելու հետ մեկտեղ այդ ծախսերը դրվում են պարտապանի վրա: Բացի այդ, վարկատու կազմակերպությունները կցանկանան կենտրոնացնել իրենց ռեսուրսները եւ մասնագիտանալ հիմնական գործունեության ոլորտում՝ շուկայում մրցակցության պայմաններում արդյունավետ գործելու համար: Իսկ իրավաբանական գործառույթների պատվիրակումը, թեկուզ եւ ոչ ամբողջ ծավալով, տալիս է բանկերին եւ վարկային կազմակերպություններին այդ հնարավորությունը: Եվ, վերջապես, վարկատու կազմակերպություններին ձեռնտու է գործ ունենալ մի խումբ փորձառու իրավաբանների հետ, որոնք աշխատում են նույն խնդրի շուրջ, քան հանձնարարել այդ խնդրի լուծումը մեկ կամ երկու իրավաբանի կազմակերպության ներսում: - Ձեր գործառույթների մեջ է մտնում նաեւ մաքսային եւ հարկային մարմինների հետ ծագող խնդիրների կարգավորումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հեռանկարը կախված բիզնես համայնքի իրավաբանական գրագիտության մակարդակի բարելավումից: - Բնական է, որ իրազեկված եւ իրավակարգավորիչ միջավայրին ծանոթ գործարարը կամ ընկերությունը, որը գիտակցում է իր գործողությունների հետեւանքները, ավելի գրագետ գործունեություն ծավալելու դեպքում իջեցնում է իր իրավական ռիսկը: Այդպիսի ռիսկի ցածր լինելու պարագայում էլ ցանկացած կամ գրեթե ցանկացած գործարար պատրաստ է բոլոր ատյաններում պայքարել հարկային եւ մաքսային մարմինների հետ իրենց կարծիքով անարդար կամ ապօրինի որոշումներն ու գործողությունները բողոքարկելու համար: Իհարկե, այստեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է նաեւ հստակ օրենսդրություն, ինչպես նաեւ «դամոկլյան սրի» տակ գործարար միջավայրին պահող մեխանիզմների վերացում: Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ հարկային կամ ավելի հաճախ մաքսային մարմինները սահմանափակումներ են կիրառում կազմակերպության ապրանքանյութական արժեքների վրա: Oրինակ, մաքսային պահեստում են պահում ներկրված ապրանքները, որոնք պետք է ներկրողի կողմից վաճառվեն այլ պայմանագրի շրջանակներում կոնկրետ ժամկետներում: Բնականաբար, նշված դեպքում կորուստներից խուսափելու համար գործարարները շահագրգռված են այդ ապրանքներն օր առաջ մաքսային պահեստից դուրս բերել եւ վաճառել, քան բողոքարկել այդ մարմնի գործողությունները: Դա էլ պարարտ հող է հանդիսանում կոռուպցիոն ռիսկերի համար:- Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր մասնագիտական կարծիքը օտարերկրյա ներդրումների պաշտպանվածության վերաբերյալ: Մեզ հաջողվե՞լ է առաջընթաց ապահովել նշված ուղղությամբ: - Զուտ ներպետական օրենսդրության տեսանկյունից օտարերկրյա ներդրումների պաշտպանության առանձին ռեժիմ նախատեսված չէ: Օտարերկրյա ներդրողները գործում են նույն օրենսդրական դաշտում եւ ունեն նույն իրավունքները, որոնցից օգտվում են հայրենի գործարարները: Այստեղ խոսք կարող է գնալ միայն խտրականության բացառման եւ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Բնականաբար, առաջին դեպքում մենք ունենք երկկողմ կամ բազմակողմ՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաներ, որոնցով ՀՀ-ն պարտավորվել է, ի թիվս այլ երաշխիքների, խտրականություն չցուցաբերել եւ ազգայնացնելուց (եթե այդպիսի իրավունքը արգելված չէ կոնվենցիայով) արդարացի փոխհատուցում տրամադրել ներդրողին:Երկրորդ դեպքի համար կարող եմ հաստատապես նշել, որ օտարերկրյա ներդրողները թերահավատ են ՀՀ դատարանների կողմից կանխատեսելի ու արդար վճիռներ կայացնելուն եւ գերադասում են վեճերը, հնարավորության դեպքում, լուծել ՀՀ-ից դուրս՝ արբիտրաժային կամ դատական կարգով: Վերոհիշյալ կոնվենցիաներով նաեւ նախատեսվում է արբիտրաժային կարգով վեճերի լուծում պետության եւ ներդրողի միջեւ, ինչը բավականին գործուն երաշխիք է: Այսօր ՀՀ-ն կնքել է այդպիսի բազմաթիվ կոնվենցիաներ կապիտալ արտահանող հիմնական երկրների հետ: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ի հետ ունեցած հարաբերությունների մասով կոնվենցիոն մեխանիզմները բավարար եմ համարում: Իսկ մնացած առումներով, օտարերկրյա ներդրողներն ունեն գրեթե նույն խնդիրները, ինչ տեղացի գործարարները:- Զարգացման ի՞նչ ներուժ ունի Հայաստանում բիզնես-հանրությանն ուղղված իրավաբանական ծառայությունների շուկան:- Մեր գնահատմամբ, Հայաստանում իրավաբանական ծառայությունների շուկան ունի աճի մեծ ներուժ, որը հիմնականում պայմանավորված կլինի գործարարների՝ իրենց բիզնեսի իրավական ռիսկերի կառավարման եւ զսպման գիտակցմամբ, ինչպես նաեւ տնտեսության զարգացող ճյուղերի՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գիտության եւ, իհարկե, տուրիզմի ընդլայնմամբ:Կարծում ենք նաեւ, որ ինտեգրացիոն գործընթացների ֆոնի վրա պահանջարկ կառաջանա տրամադրել խորհրդատվական ծառայություններ հայաստանյան գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել արտերկրում կամ իրենց բիզնեսը կազմակերպել արտասահմանում՝ այնտեղ հիմնված ընկերությունների միջոցով: Գոռ Մարգարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 5499