RVVZ եւ IDeA հիմնադրամների գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին - Երեք տարի է անցել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին շահագործման հանձնելու մեկնարկից: Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել այս ժամանակահատվածում: - Գլխավոր ձեռքբերում կարելի է համարել այն, որ եթե նախկինում Տաթեւի վանքը մի տեսակ terra incognita էր՝ շատերը նրա մասին լսել էին, բայց երբեւէ այնտեղ չէին եղել, ապա այսօր Տաթեւը ամենապահանջված վայրերից է Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա: Տաթեւ ձգտում են այցելել նույնիսկ այն մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս ընդամենը մեկ-երկու օրով՝ անտեսելով այն, որ այցելությունը զբաղեցնում է մեկ ամբողջ օր: Հայ ժողովրդի կյանքում կարեւոր հոգեւոր, մշակութային եւ պատմական դեր ունեցած Տաթեւի վանքի ճանաչումը մարդկանց կողմից անհրաժեշտ քայլ է հանդիսանում վերածննդի գաղափարի գործնական իրականացման համար: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Տաթեւ են այցելում ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկները, այլեւ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ եւ մեր հայրենակիցները բազմաթիվ երկրներից: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը լուծում է նաեւ այլ ռազմավարական խնդիրներ: Ծրագրի հիմնական նպատակներից է Հայաստանի ու Արցախի միջեւ կապերի ամրացումը: «Տաթեւի վերածնունդը» պայմաններ է ստեղծում կայուն եւ հարմարավետ զբոսաշրջային հոսքի կազմակերպման համար՝ Տաթեւն ու Գորիսը յուրատեսակ «տրանզիտային կետեր» դարձնելով դեպի Արցախ ուղեւորվող ՀՀ եւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Կան բավականին վհատեցնող տվյալներ այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը երբեւէ չի եղել Արցախում, եւ մեր ծրագրի նվաճումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք ԼՂՀ այցելությունների թվի աճ ՀՀ քաղաքացիների կողմից: Եթե խոսենք «ՏաԹեւեր» ճոպանուղու մասին, ապա կարելի է արձանագրել, որ այդ եզակի ծրագիրն ամբողջությամբ արդարացրել է այն սպասումները, որոնք ունեին նախաձեռնողները: Ճոպանուղին դարձավ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շարժիչ ուժն ու խորհրդանիշը: Եթե մինչեւ «ՏաԹեւերի» գործարկումը վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր աշխատանքային օրերին այցելուների թիվը հասնում է մի քանի հարյուրի, իսկ սեզոնի թեժ պահին զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել 1 200-ը: Երեք տարվա ընթացքում Տաթեւի վանք է այցելել 250 հազար մարդ, որից 210 հազարը օգտվել է «ՏաԹեւերից»: Եթե չլիներ ճոպանուղին, այդ ցուցանիշին հասնելու համար տասնամյակներ կպահանջվեին:«ՏաԹեւեր» ճոպանուղին: Lուսանկարը` IdeA հիմնադրամ:Կարեւոր գործոն է հանդիսանում նաեւ այն, որ իր գոյության երրորդ տարում «ՏաԹեւեր» ճոպանուղին հասավ գործառնական անվնասության ցուցանիշին եւ այլեւս էական ներդրումներ չի պահանջում հիմնադիրների կողմից: Դա նշանակում է, որ ճոպանուղու աշխատանքից ստացված բոլոր եկամուտները կուղղվեն ծրագրի երկու կարեւոր նպատակների իրականացմանը՝ վանքի վերանորոգմանն ու համայնքների զարգացմանը: - Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան RVVZ հիմնադրամի կողմից ստեղծված IDeA հիմնադրամը Հայաստանում իրագործում է նաեւ այլ ծավալուն նախագծեր, մասնավորապես` Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը: Հայտնի են, որ IdeA-ն ունի բարեգործական գործունեության 7 սկզբունքներ: Դրանք բոլորը կիրառե՞լի են «Տաթեւի վերածնունդ» ծրագրի համար: - Իսկապես, այս տարվա ամռանը IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձեւակերպեց այն յոթ հիմնական սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն բոլոր այն ծրագրերը, որոնք նա Հայաստանում իրականացնում է իր գործընկերների, ընկերների ու համախոհների հետ միասին՝ մեծածավալ ծրագրեր, երկարաժամկետ մոտեցում, կոլեգիալություն, բազմապատկված ազդեցություն, տեղական բնակչության ներգրավվում, անցում ինքնաֆինանսավորմանը, լավագույն միջազգային չափանիշներ: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ, մասնավորապես, «ՏաԹեւերի» մեծածավալ բնույթը տեսանելի է անզեն աչքով: Միայն ճոպանուղում կատարված ներդրումների ծավալը կազմել է շուրջ $ 21 մլն: Եթե ծավալի մասին խոսենք բառացի, ապա ցանկացած մարդ, որն օգտվել է ճոպանուղու ծառայություններից, կարող է ինքը գնահատել այդ ինժեներային կառույցի վեհությունն ու հուսալիությունը: Ծրագիրը Ռուբենը մտահղացել է 10 տարի առաջ՝ 2003 թվականին: Այսօր մենք նշում ենք ճոպանուղու պաշտոնական գործարկման երեք տարին, իսկ վանական համալիրի վերանորոգումը պետք է ավարտվի 2017թ.-ին: Այդ ժամանակահատվածում ծրագրերը շրջապատվում են համապատասխան ենթակառուցվածքներով, առեւտրային «արբանյակ»-ծրագրերով, որոնց նպատակն է կյանքի որակի բարելավումը համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի հիմնական նպատակներին հասնելուց հետո մենք ձգտում ենք այդպիսի միջավայր ստեղծել, որը թույլ կտա շարունակել համայնքների կայուն զարգացումը՝ հիմնվելով «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ստեղծած հնարավորությունների վրա: Ծրագրի նվիրատուներ են հանդիսացել ավելի քան 140 անհատներ 18 երկրներից, որոնք հանդիսանում են ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչներ, եւ դա կոլեգիալության ու ինտերնացիոնալիզմի սկզբունքի վառ դրսեւորումն է: Չմոռանանք այն մասին, որ Տաթեւի ծրագիրը, ըստ էության, առաջինն էր Հայաստանում, որում փորձարկվեց պետական-մասնավոր համագործակցության մոդելը: Տաթեւում մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հետ: Ի դեպ, այս համատեքստում տեղին է հիշատակել, որ ներկայումս պետական-մասնավոր համագործակցության մոդելը կիրառվում է ավիացիոն փոխադրումների շուկայի ազատականացման համար: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի գործարկումը խթան հանդիսացավ այդ շրջանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար: Եթե մինչեւ ճոպանուղու գործարկումը Գորիսում գործում էր 2 հյուրանոց, ապա այժմ դրանց թիվը հասնում է 14-ի: Գորիսում հյուրանոցային ոլորտում աշխատող մարդկանց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200: Ենթակառուցվածքը զարգանում է նաեւ վանքի հարակից համայնքներում. վերջերս բացվել է առաջին հյուրանոցը Շինուհայր գյուղում, համայնքներում գործում են Bed&Breakfast տիպի շուրջ 20 հյուրատներ: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, մենք գոհունակությամբ նկատում ենք, որ Տաթեւն ու Գորիսը դառնում են յուրօրինակ «հանգույց», որը խթանում է դեպի Արցախ ուղեւորվելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը:«ՏաԹեւեր» ճոպանուղու 55 աշխատակիցներից 53-ը հարակից համայնքների եւ Գորիսի բնակիչներ են: Ընդ որում, մեզ համար կարեւոր է ոչ միայն տեղի բնակչությանն աշխատանքով ապահովելը, այլեւ նրանց ընդհանուր գործին մասնակից դարձնելը: Այդ նպատակով մենք տարբեր մշակութային միջոցառումներ ենք իրականացնում հարակից գյուղերի բնակիչների համար: Օրինակ, ապրիլի 26-ին՝ Համազանգեզուրյան երկրորդ համագումարի օրը (1921թ. այդ օրը անկախ Սյունիքը հռչակվեց որպես Լեռնահայաստան), մենք Տաթեւի վանքի տարածքում կազմակերպեցինք «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր եւ Սվարանց գյուղերի բնակիչների համար:«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Տաթեւի վանքի տարածքում: Lուսանկարը` Մեդիամաքս:Ինքնաֆինանսավորման մասին արդեն նշեցի, իսկ ինչ վերաբերում է միջազգային չափանիշներին, ապա հայտնի է, որ «ՏաԹեւերը» կառուցվել է համաշխարհային առաջատար` շվեյցարա-ավստրիական Doppelmayr/Garaventa ընկերության կողմից: Նշեմ նաեւ, որ «ՏաԹեւերը» Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է ոչ միայն ճոպանուղու երկարության, այլ նաեւ կառուցման ռեկորդային ժամկետի համար՝ ընդամենը 10 ամիս: Նշված սկզբունքներին համապատասխանելը IDeA-ի հիմնադիրների եւ թիմի համար ինքնանպատակ չէ: Մեր համոզմամբ, սկզբունքների այս համադրությունն անհրաժեշտ է, որպեսզի մեր կողմից իրականացվող ծրագրերը լինեն հաջողված եւ էական փոփոխությունների հանգեցնեն մարդկանց եւ երկրի կյանքում: - Ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը: - 4 տարի անց՝ 2017 թվականին Տաթեւի վանքը կդառնա 1111 տարեկան: Այդ խորհրդանշական տարեթվի նախօրեին մենք ցանկանում ենք ավարտին հասցնել վանական համալիրի վերականգնումը: Վերականգման նախագծի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, կատարվում են ինժեներային հետազոտություններ, վանքի պատերի մակերեսների լազերային սկանավորում՝ թաքնված ճաքերի հայտնաբերման նպատակով: Մենք շատ բծախնդիր ենք եղել վերականգնող մասնագետների ընտրության հարցում՝ գիտակցելով հարցի զգայունությունը: Մեր կողմից ներգրավված մասնագետները երկար տարիներ զբաղվել են հայկական հուշարձանների պահպանության խնդիրներով, եւ այդ փորձը չափազանց կարեւոր է մեզ համար: Բնականաբար, վանքի վերականգման բոլոր ծրագրերը հաստատվում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից: Տաթեւի վանքը: Lուսանկարը` Մեդիամաքս:Վերականգման նախագիծը պատրաստ կլինի 2014թ. վերջում եւ կներկայացվի հանրությանը, որից հետո կսկսվեն բուն վերականգնողական աշխատանքները: Եթե խոսենք տարածաշրջանի ընդհանուր զարգացման մասին, ապա ՀԱՄՀ-ի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությամբ կազմել ենք Տաթեւում տուրիստական բիզնեսի զարգացման ծրագիրը: Բացի դրանից, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկում ենք միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը վանքի հարակից համայնքներում:Արդեն մի քանի ամիս է, ինչ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը տնօրինում է Արեն Ապիկյանը, ում ակտիվ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է արագացնել ծրագրի մի շարք բաղադրիչների իրականացումը եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը: Տարածաշրջանի եւ հարակից համայնքների զարգացման ծրագրերը մշտապես Արենի ուշադրության կենտրոնում են:- Գո՞հ եք տեղի իշխանությունների հետ համագործակցությունից: - Մենք աշխատանքային լավ հարաբերություններ ունենք Սյունիքի մարզպետի հետ: Սերտորեն համագործակցում ենք նաեւ համայնքների ղեկավարների հետ: Չնայած առանցքային խնդիրների շուրջ առկա լավ փոխըմբռնմանը, երբեմն թվում է, թե որոշ համայնքների ղեկավարները «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն ընկալում են որպես բոլոր ցավերի բուժման միջոց, որը կոչված է լուծել առկա բոլոր սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական եւ այլ խնդիրները: Տարածաշրջանում կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը իսկապես մեր առանցքային խնդիրներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք ստանձնել այն խնդիրների լուծումը, որոնք գտնվում են տեղական իշխանությունների իրավասության ներքո: Կարծում եմ, որ երբեմն գյուղապետերը պետք է ավելի մեծ նախաձեռնություն ցուցաբերեն եւ հանդես գան ոչ թե այս կամ այն ոլորտի թերությունների մասին բողոքներով, այլ իրատեսական առաջարկություններ անեն դրանց լուծման վերաբերյալ: Մենք պատրաստ ենք քննարկել նախագծերը եւ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց իրականացմանը նույնիսկ այն դեպքերում, եթե դա նախատեսված չէ մեր ընթացիկ բյուջեով: Օրինակ, վերջերս հուշագիր ստորագրեցինք Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ՝ Հալիձոր համայնքի միջնակարգ դպրոցի կապիտալ վերանորոգման մասին: Վերանորոգումը կարժենա 115 մլն դրամ, որից 47,5%-ը կտրամադրի «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը: Նաեւ մանկական խաղահրապարակ ենք կահավորել Հալիձորի մանկապարտեզի համար, Homeland Development Initiatives Fund կազմակերպության հետ համատեղ օժանդակում ենք հուշանվերների արտադրության ծրագրին Հալիձոր եւ Շինուհայր համայնքներում: - Ո՞ր խնդիրներն են արգելակում ծրագրի իրականացումը կամ ազդում դրա արդյունավետության վրա:- «Տաթեւի դարպասներ» ծրագրի շրջանակներում մենք նախատեսում էինք 60 տեղանոց հյուրանոցի շինարարություն, ինչը թույլ կտար 20-25 լրացուցիչ աշխատատեղ բացել: Սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների (գազամատակարարում, ջրամատակարարում) բացակայության պատճառով, ժամանակավորապես սառեցրել ենք ծրագիրը: Ոռոգման ջրի բացակայության հետեւանքով մեզ շատ դժվար է նաեւ կանաչապատել տարածքը: Ամեն տարի մենք ծառեր ենք տնկում (այս տարի տնկվել է շուրջ 800 ծառ), բայց բարդ կլիմայական պայմանների արդյունքում դրանք պահպանելն ու նորմալ աճն ապահովելը դժվար է եւ կապված է մեծ ծախսերի հետ: Մինչեւ վերջերս մենք դատական գործընթացների մեջ էինք համայնքների մի քանի բնակիչների հետ, որոնք մեր դեմ հայցեր էին ներկայացրել՝ ցանկանալով ավելի թանկ գնով վաճառել իրենց հողերը: Այդ ժամանակահատվածում մենք որոշ ծրագրեր սառեցրեցինք, քանի որ հողի կարգավիճակի հետ կապված անորոշությունը խնդիրներ էր ստեղծում: Բոլոր հայցերը դատարանի կողմից մերժվեցին, եւ մենք ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ստանալ այդ հողերի սեփականության իրավունքի վկայականները եւ վերջապես սկսել դրանց զարգացումը: Խնդիր է մնում ժողովրդագրական իրավիճակը` մարդիկ շարունակում են լքել գյուղերը: Մեզ հաջողվել է մասամբ կանգնեցնել այդ գործընթացը՝ աշխատատեղեր ստեղծելով, բայց դրանք բավարար չեն: Իրավիճակի արմատական փոփոխման համար անհրաժեշտ է գյուղական համայնքների աջակցության եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն:Մյուս բարդությունը որակյալ կադրերի պակասն է: Տեղի բնակչությունը չունի ձեռնարկատիրական հմտություններ եւ փորձ, եւ դա հաճախ լուրջ խոչընդոտ է հանդիսանում համայնքներում փոքր բիզնեսի զարգացումը խթանելու համար: Հաճախ մենք ինքներս ենք ստանձնում կադրերի ուսուցումը (մասնավորապես, ճոպանուղու աշխատակիցների համար), բայց մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, եւ ցանկալի կլիներ, որպեսզի կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացում ընդգրկվեին այլ կառույցներ եւս՝ պետական, մասնավոր, բարեգործական: Մյուս կողմից, շատերի մոտ գայթակղություն կա սկսել «ծրագրեր», որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Տաթեւի շուրջ ձեւավորված հոգեւոր, պատմամշակութային եւ բնապահպանական միջավայրի հատուկ համադրության ընդհանուր պատկերին: Մենք փորձում ենք բացատրել, ուղղորդել, խորհուրդ տալ, թե ինչը եւ ինչ ձեւով ընդունելի կլինի, չի խաթարի, այլ ընդհակառակը, կբարելավի տեսարժան վայրերի եզակի համալիրի ընկալումը: - Տարին մոտենում է ավարտին, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2014թ.-ի համար: - Հուսով ենք, որ 2014թ.-ին կստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք մեզ թույլ կտան սկսել հյուրանոցի շինարարությունը «Հալիձոր» կայանի հարեւանությամբ: Նախատեսվում է նաեւ տեղեկատվական կենտրոնի, սրճարանների եւ հուշանվերների խանութների բացում, տեղեր կհատկացվեն զբոսաշրջային ճամբարների համար: Ինչպես արդեն ասացի, հասարակական կազմակերպությունների հետ քննարկում ենք միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը վանքի հարակից համայնքներում: Գործընկեր կազմակերպությունների հետ միասին դիտարկում ենք նաեւ գյուղերում սոցիալական ենթակառուցվածքի (մշակույթի տներ, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ) ֆինանսավորման հնարավորությունները: «ՏաԹեւերով» թռչելիս նկատելի է «Սատանի Կամրջի» տարածքի աղտոտվածությունը, եւ ներկայումս մենք աշխատում ենք կիրճը մաքրելու եւ հետագայում աղտոտումը կանխելու համար պայմաններ ստեղծելու համար: Մեր հիմնադրամը վճարում է երկու մարդկանց, որոնք հետեւում են տարածքի մաքրմանը, նաեւ մասնակի հոգում ենք հարակից գյուղերի աղբահանության ծախսերը: Իհարկե, անհրաժեշտ են ավելի գործուն մեթոդներ, բայց դրանք նույնպես արդյունավետ չեն լինի, քանի դեռ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց թողած աղբն ու «գրաֆիտին» ժայռերի վրա միանգամից աչքի են զարնում մեր երկրի հյուրերին, որոնք ակնկալում են մեր մեջ տեսնել հնագույն մշակույթի կրողների: Հաջորդ տարի կսկսենք նաեւ Տաթեւի վանքի եկեղեցական երգչախմբի ֆինանսավորումը, որը կձեւավորվի հարակից գյուղերի բնակիչներից: Պատրաստվում ենք վարձել արհեստավարժ խմբավարի եւ ձեռք բերել անհրաժեշտ երաժշտական սարքավորումները: Եթե խոսենք RVVZ եւ IdeA հիմնադրամների այլ ծրագրերի մասին, ապա 2014 թվականին տեղի կունենա չափազանց կարեւոր իրադարձություն` սեպտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կընդունի առաջին 90 աշակերտներին 45 երկրներից: Վերջերս դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan: Աշակերտների ընդունելությունն արդեն մեկնարկել է` 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով: 2014 թվականի հունվարին Հայաստան կժամանիդպրոցի ղեկավար Ջոն Պադեֆութը, ով եղել է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Իթոն քոլեջի փոխտնօրենը:Այսպիսով, 2014 թվականը կարեւոր հանգրվան է լինելու մեր ծրագրերի իրագործման համար եւ մենք պարբերաբար տեղեկացնելու ենք դրանց մասին:Արտակ Մելքոնյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը: Tweet Դիտում՝ 13971