Գիլյոտինը բյուրոկրատներին կթողնի առանց… գործ

20.06.2013 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Կարգավորիչ գիլյոտինը» արդեն մեկ տարի է, ինչ հերթով անցնում է պետական մարմիններով՝ վախ ներշնչելով մեր բյուրոկրատներին: Այն, իհարկե, չի սպառնում իրենց կյանքին ուղղակիորեն, ինչպես ժամանակին իրական գիլյոտինը, բայց կարող է նրանց առանց գործի եւ վարչական լծակների թողնել՝ վերացնելով բոլոր ավելորդ կարգավորումները: Գիլյոտինն «աշխատացնում է» ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որի նպատակն է թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը:

Կառույցը մանրակրկիտ ուսումնասիրում է պետության հետ բիզնեսի եւ քաղաքացիների փոխհարաբերությունները, հայտնաբերում ավելորդ կարգավորումները եւ գործի է դնում գիլյոտինը՝ կտրելով դրանք: «Կարգավորիչ գիլյոտինի» գործունեության սկզբունքների եւ արդյունքների մասին Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը:

- Հայաստանում շատ ոլորտներում առկա գերկարգավորումը «Կարգավորիչ գիլյոտինի» կողմից թեթեւացնելու առաքելությունը խիստ ողջունելի է: Հետաքրքիր է հասկանալ, թե ինչ սկզբունքով է այն գործում:
 
- Մեր հիմնարկի նպատակը պետության կողմից բնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների պարզեցումն է: Խոսքը, մասնավորապես, այնպիսի գործընթացների թեթեւացման կամ իսպառ վերացման մասին է, ինչպիսիք են լիցենզավորումը, տուրքերի վճարումը, տարաբնույթ թույլտվությունների տրամադրումը եւ այլն:

Ներկայիս դրությամբ բավականին դրական արդյունքներ ենք արձանագրել տրանսպորտի, առողջապահության եւ հանրային ծառայությունների ոլորտներում: Էլեկտրաէներգիայի արտադրությանը եւ մատակարարմանը վերաբերող  մեր հեղինակած օրենսդրական փաթեթը ԱԺ-ում անցել է երկրորդ ընթերցմամբ, իսկ հեռահաղորդակցությանը վերաբերող մեր օրենսդրական փաթեթը հունիսի 5-ին հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Հիմա կառավարությունը կընդունի անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը, ինչից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կկատարի պահանջվող քայլերը, եւ դա կլինի մեր առաջին հաղթանակը:

Արդյունքում հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող նորմատիվ կարգավորում պարունակող 126 իրավական ակտից 35-ն ուղղակի ուժը կորցրած է ճանաչվել, իսկ 21-ը պարզեցվել է: Այսինքն՝ պարզեցվել է ոլորտը կարգավորող ակտերի շուրջ 45%-ը:

Այս իրավական ակտերը կարգավորվում էին 113 բիզնես-գործընթաց. այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները կամ բնակչությունը 113 տարբեր հարցերով դիմում էին պետական մարմիններին: Այս 113 գործընթացներից վերացվել է 37%-ը, 60%-ը պարզեցվել է, արդյունքում մենք այս ոլորտում «ձեռք չենք տվել» գործընթացների ընդամենը 3%-ին:

Այստեղ կարգավորումները վերաբերում են հիմնականում տնտեսվարողներին. սակագների ստացում, բազմաթիվ լիցենզավորումներ, ՀԷԿ-ի, ՋԷԿ-ի կառուցման, էլեկտրաէներգիայի արտադրության, վերակառուցման, ցանցի կառուցման, բաշխման, շահագործման եւ այլ բազմաթիվ լիցենզիաներ:

Բազմաթիվ լիցենզիաներ մեր կողմից ընդհանրապես հանվել են կամ միացվել իրար, եւ արդյունքում ոլորտի աշխատողների գործը բավականին հեշտացել է:

Հեռահաղորդակցության ոլորտում ինտերնետ-ծառայությունը ժամանակին մենաշնորհ էր, իսկ ներկայումս՝ շատ մրցակցային ոլորտ: Ինչո՞ւ պետք է ինտերնետ կամ ձայնային ծառայություններ մատուցողները այսօր լիցենզավորվեն: Օրինակ, տաքսի ծառայությունները, որոնք օգտագործում են ռադիոհաճախականություններ, միեւնույն է, պետք է պետտուրք վճարեն դրանցից օգտվելու համար, էլ ինչո՞ւ տրամադրել լիցենզիա: Այստեղ եւս բոլոր ավելորդ լիցենզիաները հանվել են:


Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը
Ֆոտո. Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

- Ոչ պակաս էր գերկարգավորումը նաեւ տրանսպորտի, հատկապես՝ տաքսի ծառայությունների ասպարեզում: Ինչպիսի՞ օպտիմիզացիա եք իրականացրել այստեղ:

- Նախկինում, եթե քաղաքացին իր սեփական մեքենայով ցանկանում էր մատուցել տաքսի ծառայություն, նա պետք է պարտադիր գրանցվեր որպես անհատ ձեռներեց, վճարեր գրանցման 3000 դրամ պետտուրք եւ ամսական հաշվետվություններ ներկայացներ հարկային մարմիններին: Մենք որոշեցինք փոխել դա. եթե ես անհատ եմ եւ ուզում եմ իմ մեքենայով տաքսի ծառայություն մատուցել, ես պետք է կարողանամ դա անել որպես ֆիզիկական անձ: Այսօր անհատի կողմից տաքսի ծառայության մատուցումը արտոնագրային վճարով հարկվող տնտեսական գործունեություն է: Այսպիսով՝ Հայաստանում առաջին անգամ ֆիզիկական անձը կստանա լիցենզիա: Նախկինում դա թեեւ օրենսդրությամբ արգելված չէր, բայց գործնականում բացակայում էր:

- Այսինքն՝ լիցենզիան, այդուհանդերձ, մնաց:

- Այո, քանի որ կա հաշվառման խնդիր, եւ դա ի վերջո հանրային ծառայություն է, մենք չգնացինք ռադիկալ քայլերի, լիցենզիան մնաց, բայց ընթացակարգը զգալիորեն պարզեցվեց:

Նախկինում մարդը լիցենզիա եւ դեղին պետհամարանիշ ստանալու համար մի քանի անգամ հերթով դիմում էր Տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ Ոստիկանություն: Ինչո՞ւ է պետք մարդուն ուղարկել 2 պետական մարմիններ: Ավելին՝ ինչի՞ համար է ընդհանրապես դեղին պետհամարանիշը, չէ որ այն ոչ որակի երաշխիք է, ոչ այլ բան, այն միայն գործունեության տեսակը ցույց տվող միջոց է, որի համար քաղաքացին վճարում էր 17 հազ. դրամ: Դեղին համարանիշը փոխարինող բազմաթիվ միջոցներ կան, օրինակ՝ 10 դրամանոց կպչուն կտրոնը:

Ինչպես, հավանաբար, գիտեք, տաքսի գործունեություն իրականացնող վարորդը պետք է անցներ ամենօրյա բուժզննում, իսկ մեքենան՝ տեխզննում: Դրված էին պահանջներ, որոնք խելամիտ չէին: Հնարավոր չէ ամեն առավոտ բուժզննել 10 հազ. վարորդ եւ տեխզննման ենթարկել նույնքան ավտոմեքենա: Արդյունքում, պետության պահանջները բավարարելու համար ստեղծվել են մասնավոր կազմակերպություններ, որոնք ամենօրյա բուժզննում եւ մեքենայի տեխզննում են անցկացնում: Իսկ ի՞նչ են այդ կազմակերպությունները անում իրականում: Դե, իհարկե, ուղղակի թուղթ ծախում:     

Երբ մենք փորձի համար հարցնում ենք տաքսիստին, ունի՞ նա արդյոք այսօրվա բուժզննման թուղթը, նա խուրձով թուղթ է հանում եւ ցույց տալիս: Նա այդ թղթերն ունի արդեն ամբողջ ամսվա համար: Մի խոսքով, կա պահանջ, որն անհնար է բավարարել: Ինչո՞ւ պետք է պետությունն ունենա այնպիսի կարգավորում, որ ես այն բավարարելու համար ստիպված լինեմ ուղղակի փող վճարել մեկ այլ սուբյեկտի:  Մենք վերացրեցինք բոլոր այս պահանջները:

- Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը վերջերս ներկայացրել է առողջապահության համակարգում իր ստուգումների արդյունքները, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ պետպատվերի ձեւավորման եւ բաշխման գործընթացը մեզանում խիստ թերի է: Այս ոլորտը ենթարկե՞լ եք վերլուծության:

- Այո, առողջապահության ոլորտում մեր ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում էին հենց ֆինանսավորման սխեմաներին: Պետությունն ամեն տարի հաստատում է հիվանդությունների ցանկ, որոնց բուժումը պետք է լինի անվճար կամ համավճարով, եւ սահմանում է քաղաքացիների կատեգորիաներ, որոնց համար բուժօգնությունը եւս պետք է լինի անվճար: Արդյունքում, որոշակի խմբեր ընկնում էին եւ համավճարի, եւ պետպատվերի տակ, ինչը կոռուպցիոն ռիսկ է: Նախ` հստակեցվեցին ցանկերը եւ առաջարկվեց փոխել ամբողջ սխեման:

Ուժային կառույցների աշխատողներին, որոնց մեծ մասը կրկին քաղծառայող է, օրենքով հասնում է անվճար բուժօգնություն: Միաժամանակ, նրանք սոցփաթեթով ստանում են ապահովագրական պոլիս, որից պետք չէր օգտվել: Մենք առաջարկեցինք այս չօգտագործվող ապահովագրական գումարները հավաքագրել մեկ ֆոնդում, որի միջոցները կուղղվեն ոլորտի զարգացմանը` պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների համար անհրաժեշտ տեխնիկայի, դեղանյութերի ձեռքբերմանը, բժիշկների աշխատավարձի բարձրացմանը: Պաշտպանության նախարարությունը հոսպիտալներ ունի բոլոր մարզերում, բայց ոստիկանության աշխատողները պետպատվերի շրջանակում չեն կարող օգտվել այդ հոսպիտալներից: Առաջարկվեց հիվանդանոցների մեծ ցանց ձեւավորել ուժային բոլոր կառույցների համար: Հիմա ֆինանսների նախարարությունում այս հարցով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Բավականին լուրջ առաջարկներ ենք արել պոլիկլինիկաների կողմից պետպատվերով դեղերի ձեռքբերման վերաբերյալ: Մասնավորապես, գնման մրցույթների պայմաններում գրված էր, որ պետք է ձեռք բերվի ամենաէժան դեղը: Իսկ ի՞նչ անել, եթե այդ դեղը հակացուցված է հիվանդին, ինչպե՞ս նա պետք է օգտվի իր իրավունքից: Մենք առաջարկեցինք, որ մարդուն տրվի նվազագույն գնի չափով իրավունք, որ ինքը կարողանա կատարել հավելավճար եւ ձեռք բերել պահանջված դեղը դեղատնից:

Առաջարկել ենք դեղատներ ունենալ նաեւ կալանավայրերում: Օրինակ՝ դիաբետով հիվանդ կալանավորներին նշանակվում է ինսուլին, իսկ պետությունը, ինչպես ասացի, գնել է ամենաէժանը, որը, ենթադրենք, այդ մարդուն հակացուցված է: Մենք առաջարկում ենք ունենալ դեղատուն կալանավայրում, որին կալանավորի հարազատը անկանխիկ ճանապարհով փող կփոխանցի, իսկ կալանավորը կվերցնի իրեն անհրաժեշտ դեղը:

- Փաստորեն, կարգավորիչ գիլյոտինը ոչ միայն կտրում է, այլեւ ավելացնում կարգավորումներ, որտեղ դա անհրաժեշտ է:

- Այո, կտրելով մենք պետք է լրացնենք առաջացած վակուումը: Դիտարկելով իրավական ակտերը՝ առաջին հարցը, որ տալիս ենք մեզ, հետեւյալն է. ինչո՞ւ է գրվել այս ակտը, ի՞նչ խնդիր է այն կոչված լուծել եւ արդյո՞ք լուծել է այդ խնդիրը: Եթե չի լուծել, ուրեմն այն պետք չէ: Հանելով այդ ակտը՝ հարցը, միեւնույն է, չի լուծվում, պետք է լուծում առաջարկել, ինչն էլ մենք անում ենք:

- Քանի որ ձեր գերատեսչության կողմից տարվող աշխատանքները հաճախ նաեւ նեղ մասնագիտական գիտելիքներ են պահանջում, ինչպե՞ս եք կատարում վերանայումը, եւ որքանո՞վ է մասնակցում «կտրելու» գործընթացին մասնավոր հատվածը:

- Մեր խնդիրն է դիտարկել պրոցեսները: Մեզ համար էական չէ, թե ինչ նորմեր է սահմանված, օրինակ, առողջապահության ստանդարտներով, մենք ուղղակի նայում ենք, որ այն լինի խելամիտ եւ չափելի, հասկանալի տնտեսվարողի համար: Մենք քայլ առ քայլ դիտարկում ենք գործող բիզնես-գործընթացները, ուսումնասիրում ենք միջազգային փորձը եւ ունենք խորհրդատվական խորհուրդ, որտեղ ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, տնտեսվարող սուբյեկտների միավորումներ: Վերջիններիս առաջարկներն ամփոփելուց հետո մենք «նկարում ենք» նոր բիզնես-գործընթացը, որտեղ, ենթադրենք, նախկին 10 քայլի փոխարեն մնում է 1-ը:

Իրավական ակտերը ուղարկում ենք պետական կառավարման բոլոր մարմիններին քննարկման, հավաքում ենք նրանց կարծիքներն ու առարկությունները, որոնք հիմնականում չենք ընդունում:

- Կարելի էր ենթադրել, որ բյուրոկրատիան սնուցող պետական մարմիններից բազմաթիվ առարկություններ կլինեն, քանի որ իրենք կորցնում են վարչական ռեսուրս: Նշեցիք, որ հիմնականում չեք ընդունում իրենց առարկությունները, իսկ դիմադրությունն իրենց կողմից մեծ չէ՞:

- Իրենք, իհարկե, չեն ցանկանում գործառույթներ կորցնել, բայց հաճախ չեն կարող հստակ բացատրել, թե ինչու է այս գործընթացն անհրաժեշտ: Եթե դիմադրողները չեն կարող հստակ հիմնավորել, թե ինչու է պետք լրացուցիչ կարգավորումը, մեր տեսակետը գերակայում է:

- Ենթադրենք, դուք լավ «կտրտեցիք» որեւէ ոլորտ, իսկ հետո դրա պատասխանատուները սկսում են նոր ակտեր մշակել՝ իրենց վաղեմի ադմինիստրատիվ լծակները վերականգնելու համար: Ի՞նչ անել:

- Հասանք ամենալուրջ խնդրին: 2 տարի առաջ Էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ ТWINING ծրագրի շրջանակներում իրականացրեց նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի ներդրման աշխատանքներ: Սա այն գործիքն է, որը չի թողնելու հին կարգավորումներին «վերադառնալ»: Այս համակարգը ներդրման փուլում է, կառավարությունում քննարկվում է, թե ինչպիսին է լինելու դրա կառուցվածքը: Դա լինելու է յուրօրինակ ֆիլտր, որն անգամ չի թողնելու «վատորակ» օրինագծերին մտնել կառավարության նիստի օրակարգ:

- Այդուհանդերձ, վերադառնալո՞ւ եք արդյոք որեւէ ոլորտի ուսումնասիրմանն այն արդեն մեկ անգամ «օպտիմիզացնելուց» հետո:

- Երկրներ կան, որտեղ կարգավորիչ գիլյոտինը կիրառվել է 5-10 տարի առաջ, իսկ հիմա նորից դրա կարիքը կա: Օրինակ, որոշ ժամանակ անց Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կունենա տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների էլեկտրոնային բազա, որտեղ կերեւա, թե ով վճարել է պետտուրքը, իսկ ով` ոչ: Չվճարողներին ավտոմատ տուգանք կնշանակվի, ինչի մասին կտեղեկացվի նրանց բնակության հասցեով: Այստեղ ավելորդ է դառնում անգամ կպչուն կտրոնը:

Այսօր մենք դեռ չենք կարող ամենուրեք էլեկտրոնային համակարգեր ներդնել, որովհետեւ դա պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ մինչեւ դա անելը պետք է ներկայիս գործընթացները հնարավորինս օպտիմիզացնել:

- Մի խոսքով, գործընթացը միանվագ չէ:    

- Այսօրվա դրությամբ չի քննարկվում, թե որքան ժամանակ պետք է գոյություն ունենա մեր հիմնարկը:

- Ո՞ր ոլորտներն եք ուսումնասիրում հիմա:

- Այս պահին մենք սկսել ենք ամենածանր՝ հարկային եւ մաքսային ոլորտները, ձեռնարկատիրությունը, կրթությունը եւ մշակույթը:

Այս ոլորտներում կան բազմաթիվ՝ չափի եւ բովանդակության խնդիրներ:
Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները տրամադրում են իրենց հաշվետվությունները եւ հարկային մարմիններին, եւ Ազգային վիճակագրական ծառայությանը, եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որն իրենց լիցենզավորել է: Հիմա մշակում ենք մի ձեւաչափ, որը թույլ կտա տնտեսվարողին հաշվետու լինել մեկ պետական մարմնին, իսկ մնացածը այս կամ այն չափով կօգտվեն այդ տեղեկատվությունից:

- Դուք ունեք նաեւ թեժ գիծ, որով քաղաքացիները կամ տնտեսվարողները կարող են հայտնել ադմինիստրատիվ խոչընդոտների մասին: Ի՞նչ հարցեր եւ առաջարկներ եք ստանում այս ճանապարհով:

- Վերջին նման դիմումը վերաբերում էր Հայաստանում էլեկտրոնային առեւտրին խոչընդոտող հարկային եւ մաքսային կարգավորումներին, որը կարեւոր հարց է եւ դիտարկվում է մեր կողմից:

Վահե Չիբուխչյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 4030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW