IMC Armenia-ն՝ հաջողված բիզնես-պատմությունների պոտենցիալ բանկ

26.04.2013 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

 «Յուրաքանչյուր հաջողակ բիզնեսի թիկունքում հուսալի խորհրդատու կա»: Տարիներ առաջ աշխարհի խոշորագույն բանկերից մեկի այս նշանաբանը լավագույնս ներկայացնում է բիզնես ոլորտի բանիմաց ու գրագետ խորհրդատուի անհրաժեշտությունը կազմակերպության հաջողության ճանապարհին: Կառավարման խորհրդատուի եւ նրա կարեւորությունը բիզնես-կառավարման ամենատարբեր օղակներում գիտակցել են շատ երկրներում: Այսօր արդեն Հայաստանում նույնպես պահանջ է առաջացել համակարգել կառավարման խորհրդատվության դաշտը: Նման առաքելությամբ էլ 2011 թ-ին իր գործունեությունն է սկսել Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Armenia):

Banks.am-ը զրուցել է IMC Armenia-ի գործող նախագահ Մարինա Պողոսյանի եւ IMC Armenia-ի խորհրդի անդամ, առաջին նախագահ Սամվել Գեւորգյանի հետ:

- Ինչպե՞ս ծնվեց եւ իրականացավ IMC Armenia-ի ստեղծման գաղափարը:

- Մարինա Պողոսյան. - Ամեն ինչ սկսվեց 2011թ. մարտին, երբ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարար խորհրդատվական ծառայություններ» ծրագրի (EBRD BAS) Հայաստանի գրասենյակի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվեցին 6 խորհրդատուներ, ովքեր EBRD BAS ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանի գլխավորությամբ մասնակցեցին Թբիլիսիում կազմակերպված եւ Բրիտանական Exponential Training & Assessment ընկերության կողմից իրականացված Certified Management Consulting Essentials (CMCE) դասընթացին:

Դասընթացը հավաստագրված էր Բրիտանական Խորհրդատվության Ինստիտուտի (Institute of Consulting UK) կողմից, որը կառավարման խորհրդատվության ոլորտում չափորոշիչներ թելադրող համաշխարհային առաջատարներից է: Հայաստանի թիմի բարձր որակավորումն ու միջազգային սերտիֆիկացման գործընթացում արձանագրած հաջողությունները շարունակություն ստացան Երեւանում, որտեղ մի շարք ծավալուն հանդիպումներից հետո որոշում կայացվեց գրանցել IMC Armenia (Institute of Management Consulting of Armenia) կազմակերպությունը: Ի սկզբանե կազմակերպությանը անդամակցեցին կառավարման ոլորտի 29 խորհրդատուներ, որոնց թիվը անընդհատ աճում է:

Սամվել Գեւորգյան.- Ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք զբաղվեցին ռազմավարական ծրագրի, անդամակցության մակարդակների, մարքեթինգային եւ հասարակայնության հետ կապերի ծրագրի, խորհրդատուի էթիկայի կանոնների մշակմամբ: Ուրախությամբ կարող եմ նշել, որ սկիզբը բավականին սահուն ստացվեց, քանի որ նմանատիպ մի քանի փորձեր անհաջողության էին մատնվել, եւ մտավախություն կար, որ այս անգամ էլ խնդիրներ կառաջանան: Սակայն կառավարման խորհրդատվության ոլորտի հիմնական դերակատարները բավականին պատրաստակամ գտնվեցին միավորելու իրենց ուժերը` համատեղ ծրագրեր իրականացնելու առումով:

Արդեն 2012-ին Մարինա Պողոսյանը եւ ես EBRD BAS Հայաստանի գրասենյակի աջակցությամբ ստացանք միջազգային ակրեդիտացիա` իրավունք ձեռք բերելով Հայաստանում իրականացնել Certified Management Consulting Essentials (CMCE) դասընթացը, ինչը հայաստանցի խորհրդատուներին եւս մեկ քայլով մոտեցրեց միջազգային չափորոշիչներին: 2012-ի մարտին եւ 2013-ի ապրիլին EBRD BAS Հայաստանի գրասենյակի աջակցությամբ IMC Armenia-ն կազմկակերպեց երկու դասընթաց, որոնց արդյունքում CMCE միջազգային հեղինակավոր սերտիֆիկացումն անցան Հայաստանի կառավարման ոլորտի ավելի քան 40 խորհրդատուներ:

- Ի՞նչ նոր հնարավորություններ կարող է ընձեռել կառավարման խորհրդատվության համակարգված դաշտը հայաստանյան բիզնես հանրության համար:

- Սամվել Գեւորգյան. – Նախ՝ այն շուկայի դերակատարներին կթելադրի խորհրդատուի էթիկայի նորմերի պահպանում, որը չափազանց կարեւոր է հատկապես մասնավոր հատվածի հետ աշխատանքում: Երկրորդ՝ այն լայն դուռ է բացում միջազգային շուկա դուրս գալու համար, իսկ Հայաստանն ունի հզոր ներուժ նաեւ արտասահմանյան կազմակերպություններին ծառայություններ մատուցելու առումով: Երրորդ՝ Հայաստանի կառավարման ոլորտի խորհրդատուները հնարավորություն կունենան ստանալ CMC (Certified Management Consultant) հավաստագիրը, որը հանդիսանում է խորհրդատուի ամենաբարձր տիտղոսը եւ ճանաչվում է ամբողջ աշխարհում: Վերջապես, IMC Armenia-ի համար հնարավորություն է ստեղծվում դառնալ Կառավարման Խորհրդատվության Ինստիտուտների Միջազգային Խորհրդի (The International Council of Management Consulting Institutes, կամ ICMCI) անդամ, որը կառավարման խորհրդատվության ոլորտի կազմակերպությունների բարձրագույն մակարդակն է: Այս առումով IMC Armenia-ն նաեւ կհաստատի դիրքերը՝ որպես տարածաշրջանային առաջատար, քանի որ միայն Հայաստանում է, որ տեղի են ունենում նմանատիպ զարգացումներ:

Մասնավորապես, որակավորված խորհրդատուները կարող են մի քանի անգամ բարձրացնել նաեւ տեղական կազմակերպության՝ առաջին հերթին, փոքր եւ միջին ձեռնարկությունների արդյունավետությունը: IMC Armenia-ի կողմից արդեն սահմանված էթիկայի նորմերը նաեւ լիարժեք կանխարգելում են կազմակերպության անդամների կողմից ցածրորակ ծառայություններ մատուցելու բոլոր ռիսկերը: Կառավարման խորհրդատուների կարեւորությունը, ինչպես նաեւ հավանական համագործակցության դաշտերը մատնանշելու նպատակով IMC Armenia-ն առաջիկայում նախատեսում է տեղական բիզնեսի, մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչների հետ ճանաչողական եւ մասնագիտական-խորհրդատվական հանդիպումներ կազմակերպել: Նման միջոցառումներն ամրագրված են IMC Armenia-ի ռազմավարական ծրագրով: Դրանք նպատակ ունեն աջակցել տեղական բիզնեսին ու ձեռք բերված հմտությունները ներդնել բիզնես գործընթացներում ՝ ապահովելով տնտեսական աճ, եկամուտների ընդլայնում, շուկայի ավելի մեծ մասնաբաժինների ձեռք բերում:

Մարինա Պողոսյան. - Մենք համոզված ենք, որ Հայաստանում, որտեղ շուկան ունի իր բացառիկ առանձնահատկություններն ու յուրահատկությունը, հատկապես ընդգծված է որակավորված խորհրդատուի կարիքը: Տեղական բիզնեսի խթանմանն աջակցելով՝ IMC Armenia-ն նաեւ հայկական բիզնեսի հաջողության պատմությունների բանկ կարող է ստեղծել՝ արդյունքում նաեւ զարկ տալով տեղական տնտեսության զարգացմանը: Այս առումով խիստ կարեւորում եմ միջազգային սերտիֆիկացումը, փորձի պարբերական փոխանակումները, որոնք հայկական շուկայի յուրահատուկ հարցերի համար լուծումներ կարող են առաջարկել: Իհարկե, այս ճանապարհին կարեւոր է նաեւ բիզնես ոլորտի կողմից կառավարման խորհրդատուի դերի գիտակցումը, որն աստիճանաբար արդեն նկատելի է:

Մարինա Պողոսյանի եւ Սամվել Գեւորգյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 5784
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW