Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին- Օրերս Պրոմեթեյ Բանկը միացավ UNIStream համակարգին, ինչը, ըստ էության, անսպասելի էր` թվում էր, թե այս տարիների ընթացքում UNIStream-ը, աշխատելով իր միակ հայաստանյան գործընկերոջ հետ, այլեւս հավակնություններ չի ունենա ընդլայնել սպասարկման ցանցը: Ի վերջո, որո՞նք էին այս գործարքի դրդապատճառները: - UNIStream համակարգը դասվում է Հայաստանում դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգերի շարքին: Հրապարակված տեղեկատվության համաձայն, համակարգի շրջանառությունը Հայաստանում 2010 թ-ին կազմել է շուրջ $600 մլն, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների շրջանառությունն արդեն իսկ գերազանցել է $540 մլն: Բնականաբար, Պրոմեթեյ Բանկը մշտապես հայտնել է իր ցանկությունը անդամակցելու UNIStream համակարգին, եւ ուրախալի է, որ համակարգի օպերատոր` ռուսաստանյան «Յունիստրիմ» բանկի ղեկավարությունը հավանության արժանացրեց Պրոմեթեյ Բանկի կողմից ներկայացված անդամակցության հայտը: Կարծում եմ, որ ինչպես եւ ցանկացած այլ ոլորտում, նշված բնագավառում նույնպես` ծառայությունից օգտվող հաճախորդները մրցակցության առկայությունից միայն կշահեն:- Կարելի է ենթադրել, որ համակարգին միանալը պահանջեց ծավալուն աշխատանք եւ համապատասխան ներդրումներ: Ի՞նչ կասեք այս առումով:- Պրոմեթեյ բանկի` UNIStream համակարգին անդամակցելու վերաբերյալ սկզբունքային համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ ամիսներ առաջ: Ժամանակ եւ որոշակի աշխատանք պահանջվեց տեխնիկական խնդիրների կարգավորման համար, եւ սկսած դեկտեմբերի 2-ից UNIStream համակարգը սկսեց գործել Բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում: Քանի որ բանկի բոլոր տարածքային ստորաբաժանումները հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով` UNIStream համակարգին անդամակցելու նպատակով լրացուցիչ ներդրումներ իրականացնելու կարիք չառաջացավ:- Որքանո՞վ է բանկի համար եկամտաբեր սպասարկել միջազգային դրամական փոխանցումները, եւ ինչպիսի՞ք են Ձեր ակնկալիքները UNIStream-ի հետ համագործակցությունից: - Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը, հաշվի առնելով նշված փոխանցումների խոշոր ծավալները, հանդիսանում է առանձնահատուկ կարեւոր բաղադրիչ բանկի ընդհանուր ծառայությունների շարքում: Եթե նշենք, որ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ ՀՀ-ից արտերկիր կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների ծավալը 2010թ-ին կազմել է, համապատասխանաբար, $1.293,7 մլն եւ $221,8 մլն, իսկ 2011թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, համապատասխանաբար, $1.238,0 մլն եւ $214.9 մլն, ապա կարելի է պատկերացնել այն ուշադրությունը, որ բանկի կողմից հատկացվում է նշված հոսքերի մի մասն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով սպասարկելու հարցին: Տվյալ ենթատեքստում կարելի է դիտարկել նաեւ բանկի անդամակցությունը UNIStream համակարգին, որն ընդհանուր շրջանառության կազմում ունի խոշոր մասնաբաժին: UNIStream համակարգին միանալուց ի վեր` անցած 10 օրերի արդյունքները բանկի համար գոհացուցիչ են եւ հուսադրող: Ներկայումս բանկը անդամակցում է դրամական փոխանցումների թվով 6 համակարգերի` UNIStream, MoneyGram, Migom, Anelik, Contact եւ Быстрая Почта: Նշված համակարգերի համադրությունը թույլ է տալիս բանկին բավականաչափ հիմնավորված ակնկալել դրամական փոխանցումների շուկայում իր պատշաճ ներկայացվածության ապահովումը:- Աշնանը պատիվ ունեցա մասնակցելու Պրոմեթեյ Բանկի 21-ամյակին նվիրված կլոր սեղանին` կորպորատիվ հաճախորդների մասնակցությամբ, որի ընթացքում բազմիցս գոհունակության խոսքեր հնչեցին բանկի սպասարկման բարձր մակարդակի վերաբերյալ: Ինչպե՞ս եք պատրաստվում պահպանել այս նշաձողը մանրածախ ծառայությունների ոլորտում` առաջին հերթին, UNIStream-ի հաճախորդներին սպասարկելու առումով:- Ուրախալի է, երբ բանկի կորպորատիվ հաճախորդերը, որոնք ունեն բանկային համակարգում սպասարկման երկարամյա պատմություն եւ համեմատություն անցկացնելու հնարավորություն, իրենց խոսքում նշում են բանկի սպասարկման բարձր որակի մասին: Բանկը հետեւողական աշխատանքներ է տանում իր հաճախորդների սպասարկման որակի կատարելագործման եւ շարունակական բարձրացման ուղղությամբ` բնականաբար նաեւ մանրածախ ծառայություններից օգտվող հաճախորդների սպասարկման մասով: Բանկը մտադիր է լայնորեն օգտվել UNIStream համակարգի բոլոր հնարավորություններից: Մոտ ապագայում հաճախորդներին կներկայացնենք UNIStream համակարգի հետ համատեղ co-brand պլաստիկ քարտեր, որոնց հաճախորդների ցանկությամբ կփոխանցվեն իրենց անունով ստացված դրամական միջոցները, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի առավել ցածր միջնորդավճարով ՌԴ-ց փոխանցված գումարները ստանալ ազգային արժույթով: Tweet Դիտում՝ 11723