Էդուարդ Մեսխիձե. «Վրաստանում բիզնես վարելը շատ հարմարավետ է եւ դյուրին»

21.11.2011 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Wind of Changes (Բաթումի) ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մեսխիձեի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին

- Էդուարդ, դուք արդեն վաղուց ապրում եւ աշխատում եք Մոսկվայում: Այնուամենայնիվ, 2006 թվականին դուք հիմնեցինք Wind of Changes կառուցապատող ընկերությունը Բաթումիում: Այսօր կարելի է հաճախ լսել այն մասին, թե որքան հարմարավետ է բիզնես վարել Վրաստանում: Պատմեք մի փոքր ձեր փորձի մասին՝ արդյո՞ք Վրաստանում ամեն ինչ այդքան իդեալական է:


- Այո, ես ապրում եմ Մոսկվայում 1973 թվականից եւ իմ կարիերային աճը կապված էր Մոսկվայի եւ Ռուսաստանի հետ: Սակայն Վրաստանը իմ հայրենիքն է, ես միշտ կապված եմ եղել նրա հետ: Այնտեղ որեւէ գործ սկսելու փորձեր արել է նաեւ ավելի վաղ, սակայն իշխանությունների եւ բիզնեսի համագործակցության համակարգը հիշեցնում էր սովետական եւ հետսովետական սցենարները: Այսինքն` պետք էր «պայմանավորվել» կամ «կիսվել» իշխանավորների հետ:

Վրաստանում նոր իշխանության գալուն պես բիզնեսում եւ հասարակությունում իրավիճակը արմատականորեն փոփոխվեց: Կաշառակերություն չկա: Կոռուպցիա չկա: Վերահսկող մարմինների ճնշում չկա: Վճարիր հարկերդ ժամանակին եւ հանգիստ աշխատիր: Մի խախտիր օրենքը եւ քեզ ոչ ոք չի ձեռք տա: Ընդհակառակը, մենք գտնվում ենք օրենքի պաշտպանության ներքո եւ յուրաքանչյուր պահին կարող ենք դիմել պետական մարմինների օգնությանը եւ նրանք իրոք օգնում են: Վրաստանում բիզնես վարելը շատ հարմարավետ է եւ դյուրին: Բոլոր խնդիրները, որոնց մենք հանդիպում ենք `աշխատանքային պահերն են եւ մարդկային գործոնը: Մենք անընդհատ զգում ենք քաղաքային իշխանությունների աջակցությունը: Ես կարող եմ դա ապացուցել, բազմաթիվ օրինակներ բերելով մեր ընկերության առօրյայից:

- Ձեր ընկերությունը Բաթումիում երկու նախագիծ է իրականացնում՝ «Լերմոնտով» եւ «Դեմք» շենքերը: Ինչո՞վ կարող են տվյալ նախագծերը հետաքրքրել Հայաստանի  պոտենցիալ գնորդներին:

- Դասական չափանիշներով, գնով եւ որակով: Հավատացեք, Բաթումիում ենթակառուցվածքի նման զարգացման տեմպերի դեպքում բնակտարածքի ներկա գինը տաք ծովի մոտ 6-8 ամիս տեւող լողափային սեզոնի պայմաններում որոշ ժամանակ անց անհավատալի էժան կթվա:

«Լերմոնտով» ավարտված շենքում, որը գտնվում է Բաթումիի լողափից 15 րոպե հեռավորության վրա, գները սկսվում են 600 դոլարից 1 ք.մ համար: 

Էլիտար, բարձրորակ «Դեմքում», որը գտնվում է հին քաղաքում, բուլվարի մոտակայքում` լողափից ընդամենը 150 մետր հեռավորության վրա` գինը կազմում է 1500 դոլար 1 քառակուսի մետրի համար: 

Ավելի մանրամասն մեր նախագծերին կարելի է ծանոթանալ www.vpbatumi.com կայքում, այնտեղ կա «Լերմոնտով» եւ «Դեմք» շենքների մանրամասն նկարագրությունը:

Դա միջոցների շահավետ ներդրում է, քանի որ Բաթումիում անշարժ գույքի գնաճը անխուսափելի է:

- Չե՞ք ծրագրում ձեր շենքերը ներկայացնել Երեւանում՝ հայաստանցի գնորդների համար առաջարկը ավելի «տեսանելի» դարձնելու նպատակով: 

- Այդ մասին վաղուց եմ մտածում: Ես ծնվել եւ մեծացել եմ Քոբուլեթիում, որն այսօր ամառային ամիսներին հիշեցնում է փոքրիկ Հայաստանը, մեր ափը շատ սիրված է ձեր քաղաքացիների կողմից: Մենք անդամակցում ենք Աջարիայի կառուցապատողների ասոցիացիային, որը միավորում է 16 շինարարական եւ կառուցապատող ընկերություններ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի Հայաստանում ներկայացնել Բաթումում բոլոր կառուցված եւ կառուցվող օբյեկտները, այդ թվում` մեր շենքերը:

- Երեւանում մեծ քանակությամբ նորակառույց շենքեր բնակեցված չեն: Ինչպե՞ս է իրավիճակը Բաթումիում:

- Ոչ, մեզ մոտ նման իրավիճակ չկա: Բոլոր նոր շենքերը գրեթե 90 տոկոսով բնակեցված են, իսկ մնացած 10 տոկոսը ներդրումային բնակարաններն են, եւ հիմնականում դրանք չեն պատկանում Վրաստանի ռեզիդենտներին: Մինչեւ հիմա քաղաքում բնակելի տարածքների սուր պակաս է զգացվում: Բաթումիի բնակիչները դեռեւս այդ աստիճանի գնողունակ չեն, որպեսզի հին բնակարանները փոխեն նորով:  Դրանով էլ պայմանավորված են բնակարանների ցածր գները, ինչը հարկավոր է օգտագործել պոտենցիալ ներդրողներին:

- Վերջերս Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան մեր գործակալության հետ հարցազրույցում ասել էր, որ վրացական կողմը հայ ներդրողներին առաջարկել է անվճար հողային տարածքներ Սեւ ծովի ափին հյուրանոցներ կառուցելու համար` 15 տարի հարկերի վճարումից ազատման պայմանով: Տեղեկություններ ունե՞ք. արդյո՞ք այս առաջարկը հետաքրքրել է հայ գործարարներին:

- Այդ ծրագիրն արդեն սկսել է իրագործվել: Դա շատ շահավետ առաջարկ է: Իշխանությունները ոչ միայն անվճար հողատարածք են առաջակում, այլեւ իրենց հաշվին այդ տարածքներին են մոտեցնում բոլոր կոմունիկացիաները: Բացի այդ, կառուցապատողը կարող է ընտրել արդեն պատրաստ հյուրանոցային նախագծերից որեւէ մեկը: Ես այդ ակցիան պարզապես նվեր եմ համարում:

Ինչ վերաբերում է հայաստանցի գործարարների հետաքրքրվածությանը, ապա կարծում եմ, որ այս նախագծի թերությունն այն է, որ դրա մասին մարդիկ քիչ գիտեն: Մեր ընկերության բոլոր միջոցները շրջանառության մեջ են, մենք շարունակում ենք իրականացնել մեր ծրագիրը, որոնք ավարտին կհասցնենք հաջորդ տարի: Վստահեցնում եմ, որ եթե 2013 թվականին դեռ ազատ հողատարածքներ մնան, մենք անպայման ներդրումներ կանենք դրանցում:  

- Նոյեմբերի 18-19-ը Բաթումիում կայացել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը երկու երկրների վարչապետների գլխավորությամբ: Ձեր կարծիքով, ի՞նչ համատեղ նախագծեր կարող են իրականացնել երկու երկրների գործարարները:  


- Կարծում եմ, որ մենք կարող ենք շատ արդյունավետ աշխատել զբոսաշրջության, շինարարության, առեւտրի, գյուղատնտեսական, հանրային օգտագործման, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ էներգետիկայի, գիտատեխնիկական համագործակցության ոլորտներում: Մենք վաղեմի եւ մտերիմ հարեւաններ ենք, մեր պատմությունն ու մշակույթը սերտ փոխկապակցված են միմյանց: Չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք չկարողանանք համաձայնության գալ եւ հաջողության հասնել՝ թե բիզնեսում, եւ թե այլ ոլորտներում: Ես դրանում համոզված եմ:

Դիտում՝ 12328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW