Ի՞նչ են ակնկալում հայաստանյան բանկերը Լոս-Անջելեսի road-show-ից

22.09.2011 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում կայանալիք առաջին ներդումային բանկային համաժողովին (road-show) ընդառաջ, Banks.am պորտալը հարցում է անցկացրել ՀՀ առեւտրային բանկերի շրջանում:

Հարցման ընթացքում փորձեցինք ստանալ երկու հարցի պատասխաններ` ի՞նչ  հիմնական առաջարկներով են հանդես գալու համաժողովին մասնակից բանկերը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն համաժողովից:

Rroad show-ներն ունեն բազմամյա գործնական կիրառություն, որոնք չեն կորցրել իրենց  արդիականությունը անգամ համացանցի համատարած կիրառության, վիդեո-կոնֆերանսների եւ հեռահաղորդակցման այլ միջոցների զարգացման պարագայում: Այդ միջոցառումները հանդիսանում են յուրօրինակ ստուգատես ընկերությունների ղեկավարների համար` “համոզելու արվեստին\" արհեստավարժ տիրապետելու առումով:

Ներկայացնում ենք հարցման արդյունքները:

Հայաստանի բանկերի միության  (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյան.

- Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում անցկացվելիք բանկային ներդրումային համաժողովը ամերիկյան ներդրողներին եւ ամերիկահայ գործարարներին  կներկայացնի  Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորություններն ընդհանրապես  եւ, մասնավորապես, բանկային համակարգի  առկա պոտենցիալը`նաեւ տնտեսության իրական հատվածը սպասարկելու առումով:  Համաժողովին կմասնակցեն հայաստանյան 10 բանկեր:

Այս համաժողովը  հնարավորություն կտա Հայաստանի բանկային համակարգը մոտեցնել ամերիկյան եւ սփյուռքահայ ներդրողներին` առավել բարձրացնելով  նրանց վստահությունը մեր բանկերի նկատմամբ: Վստահ  եմ, որ համաժողովի արդյունքում լուրջ ներդրումներ կարող ենք ներգրավել մեր երկրի տնտեսության մեջ:  

\"Արդշինինվեստբանկ\" ՓԲԸ Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյան.


- Առաջարկները վերաբերվելու են համագործակցության նոր` “հայկական բանկեր-Սփյուռք-միջազգային բանկեր” բանաձեւի միջոցով մեր երկրի տնտեսական զարգացման խթանմանը: Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Հայաստանի ներդրումային միջավայրը, բանկային համակարգի զարգացման հեռանկարները եւ տնտեսության առանձին ոլորտների համար մշակված հետաքրքիր բիզնես-նախագծերը` համագործակցության հնարավորությունների մատուցմամբ:

Մեր բանկը հանդես կգա վերը հիշատակված ուղղություններում իր ծրագրերի ներկայացմամբ, դրանց իրագործման մեջ ակնկալելով Սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությունը:

\"ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ\" ՓԲԸ  Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյան.

- Լոս-Անջելեսում կայանալիք առաջին ներդրումային բանկային համաժողովին կներկայացվեն բանկի կողմից ամերիկահայությանն առաջարկվող ծառայությունները, կխոսվի բանկի զբաղեցրած առաջատար դիրքի մասին: Չնայած ֆինանսական տնտեսական ճգնաժամին, բանկը պահեց իր կայուն դիրքերը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով շարունակելով զբաղեցնել առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

Ակնկալում ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկները արդյունավետ կերպով կնպաստեն սփյուռքահայ հաճախորդների ավելացմանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյան.


- Առաջին  ներդումային բանկային համաժողովում մենք կփորձենք համագործակցության եզրեր գտնել միջազգային այն ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք դեռեւս ներկա չեն Հայաստանում, եւ հենց դա կարելի է դիտարկել որպես մեր կողմից ներկայացվելիք հիմնական առաջարկ:

Բանկը դիտարկում է համաժողովը որպես նոր պոտենցիալ գործընկերներ եւ ռեսուրսներ գտնելու, բանկի կապիտալում ներդրողներին ներգրավելու հնարավորություն:

\"Յունիբանկ\"  ՓԲԸ Վարչության նախագահ Վարդան Աթայան.


- Համաժողովի կազմակերպիչները բավականին հագեցած ծրագիր են մշակել, որում ներառել են ՀՀ բանկային համակարգի արդիական եւ առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող  թեմաները:  Նման համաժողովների կարեւոր բաղադրիչը փորձի փոխանակման հնարավորությունն է: Մասնավորապես, Յունիբանկը ներկայացնելու է բանկի հաջող փորձը դրամական փոխանցումների ոլորտում: Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում UNISTREAM համակարգով, որը տարիներ ի վեր հանդիսանում է հայաստանյան շուկայի առաջատարը: 2011թ.-ի հունվար-հուլիսին այս համակարգի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 27%-ով:

Արդյունավետ փորձի ուսումնասիրությունը եւ մասնագիտական քննարկումները բանկային համակարգի համար ընդհանուր խնդիր դարձած հարցերի շուրջ նպաստում են դրանց շուտափույթ լուծմանը եւ դրական ազդեցություն են ունենում բանկի հետագա գործունեության վրա: Յունիբանկը որպես զարգացման գերակա ուղղություն ընդունել է մանրածախ բիզնեսի զարգացումը, ինչն առաջին հերթին ենթադրում է ֆիզիկական անձանց եւ փոքր ու միջին բիզնեսի համալիր սպասարկում: Դրանով պայմանավորված մենք ձգտում ենք բանկում ներդնել սպառողական եւ քարտային վարկավորման առավելագույնս արդյունավետ տեխնոլոգիա եւ հետաքրքրված ենք արտերկրում այդ ոլորտում մասնագիտացված առաջատար բանկերի փորձով:

\"Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան\" ՓԲԸ  Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդ.

- Էյչ-Էս-Բի-Սի-ն համաժողովի ընթացքում կոնկրետ առաջարկով հանդես գալու մտադրություն չունի, քանի որ համաժողովի ձեւաչափը դա չի ենթադրում: Շնորհանդեսներով հանդես են գալու Կենտրոնական բանկը եւ Բանկերի միությունը, ներկայացնելով Հայաստանի ֆինանսական համակարգը: Էյչ-Էս-Բի-Սի –ն նպատակ ունի ողջ աշխարհի հայությանը կապել Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսի հետ` լինել կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի, Սփյուռքի եւ ողջ աշխարհի միջեւ, ուստի մեր ներկայությունն այս համաժողովում չափազանց կարեւոր է:

Հստակ ակնկալիքներ այս պահի դրությամբ չունեմ, քանի որ համաժողովը կազմակերպվել է հենց այն նպատակով, որպեսզի քննարկվեն համագործակցության եւ ներդրումային բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղղությունները: Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում նախատեսում եմ այցելել Էյչ-Էս-Բի-Սի-ի երկու մասնաճյուղերը Գլենդեյլում` տեղում ծանոթանալու ամերիկահայության բանկային կարիքներին, հասկանալու` թե որոնք են Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան–սփյուռք համագործակցության եզրերը:

Դիտում՝ 8046
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW