Անելիք Բանկ-ի վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանի հարցազրույցը Մեդիամաքսին- Ընթացիկ տարում Անելիք Բանկ-ը նախատեսել է կատարել 11 մլրդ դրամի վարկային ներդրումներ: Ի՞նչ միջոցների հաշվին եք պատրաստվում իրականացնել այդ ներդրումները եւ որքանո՞վ իրատեսական է ծրագիրը` առաջին կիսամյակի նախնական արդյունքներից ելնելով:- Իսկապես, նախատեսել ենք մինչեւ տարեվերջ ավելացնել մեր վարկային պորտֆելը ավելի քան 11.0 մլրդ դրամով, ապահովել 35 տոկոսանոց աճ` վարկային պորտֆելի ծավալը հասցնելով մինչեւ ավելի քան 41 մլրդ դրամ:Ծրագիրը համարում եմ իրատեսական, քանի որ արդեն այսօր բանկի վարկային պորտֆելի ծավալը գերազանցում է 36 մլրդ դրամը եւ, մեր հաշվարկներով, առաջին կիսամյակի արդյունքներով, վարկային պորտֆելի ծավալը կհասնի 37 մլրդ դրամի:Ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանում հիմնականում այն միջոցները, որոնք տրամադրվում են բանկին ինչպես ՀՀ տարածքում գործող վարկային ծրագրերի շրջանակներում, որոնց հետ ունենք երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի փորձ, այնպես էլ ներքին շուկայից ներգրավված միջոցները, որոնց հիմնական մասը կազմում են Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները: Բանկի համար եւս մեկ ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում բանկի ամենախոշոր բաժնետիրոջ` լիբանանյան «Կրեդիտ Բանկ»-ի կողմից տրամադրվող միջոցները:- Այս տարի դուք վերսկսել եք ֆիզիկական անձանց վարկավորումը ապառիկ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Հաշվի առնելով այս վարկատեսակի պահանջվածությունը, կցանկանայի իմանալ, որքանով թափանցիկ են դրանց տոկոսադրույքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է միջնորդավճարներին, որոնց մասին հաճախորդները հաճախ իմանում են վարկը ձեւակերպելու ընթացքում:- Վարկային քաղաքականության առումով Անելիք Բանկը դիրքավորում է իրեն որպես, հիմնականում, տնտեսության իրական հատվածը վարկավորող բանկ, այլ կերպ ասած, մեզ համար հիմնական ուղղություն է հանդիսանում բիզնես-վարկավորումը: Միեւնույն ժամանակ, բանկը միշտ ունեցել եւ տրամադրել է վարկատեսակների ամբողջական փաթեթ, այդ թվում` նախատեսված ֆիզիկական անձանց համար: Դրանք մենք անվանում ենք սպառողական վարկեր, որոնցից մի քանի տեսակները անցած 1-1,5 տարիների ընթացքում բանկը տրամադրում էր սահմանափակ եղանակով: Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մեր վարկային դրույքները լիովին թափանցիկ են եւ մեզ մոտ չկան այսպես կոչված «ստորջրյա քարեր»: Դա բանկի հստակ քաղաքականությունն է:Ձեր կողմից հիշատակված վարկատեսակի համար, բացի հիմնական տոկոսադրույքից, որն, իմ կարծիքով, լիովին ընդունելի է, սահմանված է ֆիքսված միջնորդավճար` վարկի գումարի 1% -ի չափով: Կարծում եմ, այն բարձր չէ եւ հաճախորդը տեղյակ է պահվում վերջինիս գոյության մասին դեռեւս նախնական զրույցի ժամանակ: - Այսուհետ «Անելիք Բանկ»-ի կողմից ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ օրվա ընթացքում: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս հանգամանքը ուսանողությանը բանկի հաճախորդների բազայում ներգրավելու առումով, եւ չէ ՞ք կարծում, որ այս վարկատեսակը, ունենալով սոցիալական ուղղվածություն, պետք է էապես տարբերվի վարկավորման պայմաններով` ժամկետի եւ տոկոսադրույքի առումներով:- Արդեն մի քանի տարի է, ինչ ուսանողությունը բավականին ակտիվ ներգրավված է բանկի հաճախորդների բազայում, քանի որ մեր կողմից սպասարկվում են երկրի մի քանի համակարգաստեղծ բարձրագույն ուսումնական հաստատություններ` աշխատավարձային եւ այլ ծրագրերի շրջանակներում: Բանն այն է, որ ինքնին այս վարկատեսակը չի կարող խթանել ուսանող հաճախորդների թվի ավելացմանը այն պարզ պատճառով, որ վարկառուի կարգավիճակում հիմնականում հանդես են գալիս ուսանողի ծնողները կամ այլ հարազատները: Իհարկե, այս դեպքում մուլտիպլիկացիոն էֆեկտի մասին ես չեմ վիճում:Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս վարկատեսակին, քանի որ բացի սոցիալական ուղղվածությունից, այն նաեւ միտված է դեպի ապագա: Ինչ վերաբերում է վարկի տրամադրման պայմաններին, ապա, իմ կարծիքով, դրանք բավականին ընդունելի են եւ մրցունակ:- Հաշվի առնելով բանկի ակտիվացումը ավտովարկավորման շուկայում, կարելի է ենթադրել, որ առաջնային շուկայից ավտոմեքենա գնելու առումով ձեր կողմից հաստատվել են գործընկերային հարաբերություններ պաշտոնական ավտոդիլերների հետ: Ու՞մ հետ եք հասցրել պայմանավորվածություններ ձեռք բերել: Կցանկանայի իմանալ նաեւ բանկի դիրքորոշումը շարժական գույքի կադաստրի ներդրման հեռանկարի վերաբերյալ:- Կցանկանայի ընդգծել, որ բանկի կողմից տրամադրվող ավտովարկի համար կոնկրետ ավտոդիլերի հետ համագործակցության պայմանագրի առկայությունը պարտադիր պայման չի հանդիսանում: Մենք մշակել ենք ծառայության տրամադրման այնպիսի սխեմա, որը հնարավորություն է ընձեռում գործարքի բոլոր կողմերին (բանկ-հաճախորդ-ավտոդիլեր) ազատ գործել, կախված չլինել մյուս կողմից: Այդ սխեման աշխատում է բավականին արդյունավետ:Դրա հետ մեկ տեղ, բնականաբար, մենք ունենք պայմանագրեր ավտոդիլերների հետ, որոնց թիվն աճում է եւ որոնք ներկայացնում են Հայաստանում ավտոմեքենաների այնպիսի մակնիշներ, ինչպիսիք են` Mazda, Suzuki, Subaru, Kia, Nissan, Renault, Peugeot, BYD եւ այլն:Շարժական գույքի կադաստրի ներդրման վերաբերյալ բանկի կարծիքը միանշանակ դրական է: Այն հնարավորություն է ընձեռում ունենալ ավելի հստակ համակարգում եւ հաշվառում: Դա եւս մեկ գործիք է, ուղղված ռիսկերի նվազեցմանը, ինչն անչափ կարեւոր է: - Ներկայացրեք բանկի ծրագրերը հիփոթեկային վարկավորման վերաբերյալ: - Բանկը մասնակցում է ներկայումս Հայաստանում գործող ինչպես պետական, այնպես էլ միջազգային բոլոր ծրագրերում, որոնք ֆինանսավորում են հիփոթեքային վարկավորումը: Օգտագործվում են նաեւ բանկի սեփական միջոցները: Ինչպես եւ նախորդ տարիներին, բանկը ակտիվորեն կտրամադրի հիփոթեքային վարկեր, որոնց մասնաբաժինը վարկային պորտֆելում չի նվազի: Հաշվի առնելով վարկային պորտֆելի նախատեսվող աճը, հիփոթեքային վարկերի բացարձակ ծավալը կավելանա համաչափ: Tweet Դիտում՝ 9895