Արմսվիսբանկ. “Արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման հարցն անպատասխան է”
16.06.2011 | 22:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /


- Ունիվերսալ բանկ լինելով հանդերձ, Արմսվիսբանկը ներկայանում է որպես ներդրումային բանկ: Ի՞նչ է դա նշանակում հայկական իրականության պայմաններում, երբ կապիտալի շուկան պասիվ է, իսկ ներդրումային այլ հնարավորությունները` սուղ:
- Դրամի արժեզրկումից հետո կապիտալի շուկայի պասիվացման պայմաններում որպես առաջնահերթություն մեզ համար մնաց միայն պետական պարտատոմսերի շուկան: Պետպարտատոմսերի եկամտաբերությունը 2007-ից 2009թթ. բավականին ցածր էր, իսկ արտարժույթով արտահայտված եկամտաբերությունն ուներ նույնիսկ բացասական նշանակություն: Պետական պարտքի էժանությունը թույլ էր տալիս զարգանալ կորպորատիվ պարտատոմսերի շուկային: Բայց երբ պետպարտատոմսերի եկամտաբերությունը դարձավ 13-14%, իսկ ներկայումս արդեն՝ 16.5% (20 տարեկան պարտատոմսերի համար), կորպորատիվ պարտատոմսերի մասին Հայաստանի պարագայում խոսելն ավելորդ դարձավ:
Մյուս շեշտը ներկայումս դրվում է մեր հաճախորդներին դեպի միջազգային կապիտալի շուկաներ ելք ապահովելու վրա: Խոսքը գնում է ԱՄՆ, Կանադայի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիական երկրների շուկաների մասին, որտեղ մենք աշխատում ենք կոնտրագենտ բանկերի միջոցով:
Ընդ որում, եթե այդ արժեթուղթն ընդունելի է նաեւ Արմսվիսբանկի կողմից, հաճախորդը կարող է դրանով 15-20 րոպեում ֆինանսավորվել մեր կողմից (դա նույն ռեպո գործարքն է, ուղղակի դրսի արժեթղթերով): Վերջերս մենք սկսեցինք նաեւ հաճախորդներին համար ավտոմատ վարկային գծեր բացել արժեթղթերի դիմաց՝ մարժինալ առեւտրի համար. դա արվում է միայն երկար դիրքերի դեպքում (կարճ վաճառքները ռիսկային ենք համարում):
Նշված ուղղություններից բացի քննարկում ենք նաեւ ուղղակի ներդրումային ծրագրերի (ընկերությունների կապիտալում մասնակցելու) հնարավորությունը:
- Ինչպիսի՞ ակտիվություն է դրսեւորվում Հայաստանից օտարերկրյա կապիտալի շուկաներում «խաղալու» ուղղությամբ: Ովքե՞ր են Հայաստանից հիմնականում նախընտրում գնել կամ վաճառել օտարերկրյա ընկերությունների արժեթղթեր:
- Մեր բանկում նման հաճախորդների թիվը դեռ չի անցնում 100-ից: Մենք տերմինալներ ենք տեղադրում այդ հաճախորդների համակարգիչներում, որոնցով նրանք առեւտուր են իրականացնում միջազգային բորսաներում` տնից կամ աշխատավայրից: Սակայն նույնիսկ մինչեւ տերմինալը տրամադրելը մենք քննարկում ենք հաճախորդի հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով է նա տեղյակ այդպիսի գործունեության ռիսկերից:
Դեռեւս չի կարելի խոսել արտասահմանում ներդրող հայկական որոշակի խավի ձեւավորման մասին. նրանք պարզապես մարդիկ են, որոնք ունեն ֆինանսական միջոցների որոշակի ավելցուկ եւ հասկանում են այս շուկայի հնարավորությունները: Մեր միջոցով միջազգային շուկաներում ներդրողների թվում կա, օրինակ, գյուղացի, կառավարման ոլորտում աշխատող մասնագետ, ինժեներ, բժիշկ եւ այլն:
- Պետպարտատոմսերի` կորպորատիվ պարտքի շուկայի զարգացման խոչընդոտ լինելն ակնհայտ է, սակայն որքա՞ն դեռեւս կշարունակվի այս իրավիճակը: Ի՞նչ եք ակնկալում մոտակա 1-2 տարիների համար:
- Կարծում եմ՝ առնվազն մեկ տարի ներկայիս տոկոսադրույքները կպահպանվեն: Հայաստանը ռիսկային գոտի է եւ մեր պետական պարտքի էժանացման նպատակադրումը շատ թանկ է նստելու այլ տեսանկյունից. եկամտաբերությունը կարելի է իջեցնել դրամի արժեւորմամբ, այսինքն, այդ եկամտաբերությունը ավտոմատ փոխանցվելու է դրամի արժեւորման վրա: Մենք արդեն անցել ենք այս ճանապարհով, երբ մեր պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 50%-ից իջավ 5%, իսկ ազգային արժույթը 600 դրամից $1-ի դիմաց իջավ մինչեւ 300:
Դեռեւս վաղ է մտածել կորպորատիվ պարտքի շուկայի զարգացման մասին, մինչեւ չվերադառնա կայունությունը, սակայն նույն կայունությունը Հայաստանի պարագայում ամենեւին էլ չպետք է ենթադրի կարգավորման միջոցով փոխարժեքի ֆիքսում որոշակի մակարդակում: Ըստ իս, փոխարժեքը պետք է մշտապես տատանվի, քանի որ Հայաստանը փոքր տնտեսություն է եւ մեզ վրա շատ թանկ է նստում «օտար քամիներին դիմակայելը»: Արդյունքում շատ դեպքերում անիմաստ ավելանում է պետական պարտքը, որովհետեւ ներգրավվող գումարները ներդրումային նախագծերին ծառայելու փոխարեն ուղղվում են ազգային արժույթի փոխարժեքը պահպանելու վրա: Մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ տատանումները մեր պայմաններում նորմալ եւ բնական երեւույթ է; ժամանակ է պետք այս իրողությանը հարմարվելու համար:
Բացի այդ, օրենքն էլ պարտադրում է, որ ցանկացած ակտիվ, որը բաց վաճառքի է ենթարկվում Հայաստանում, պետք է գնանշվի դրամով: Արդեն 2 տարուց ավել է, ինչ ներդումային հանրության կողմից բարձրացվում է գոնե արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման թույլատրման հարցը, որն անպատասխան է մնում:
Բելառուսում վերջերս տեղի ունեցավ ազգային արժույթի զգալի արժեզրկում, մարդիկ սկսեցին մասսայաբար գնել արտարժույթ, իսկ Բելառուսի Կենտրոնական բանկն իր հերթին թույլատրեց դոլարային առեւտուրը որոշակի ակտիվների (օրինակ` մեքենաների եւ երկարաժամկետ սպառման այլ առարկաների) պարագայում:
Դրամի շուկան շատ փոքր է եւ կապել ամեն ինչ դրամի հետ, կարծում եմ, սխալ է: Կան մեծ նախագծեր, որոնք մեծ ներդրումներ են պահանջում, օրինակ` մետրոպոլիտենը, նոր ատոմակայանը: Այստեղ շատ ճիշտ տարբերակ կլիներ թողարկել դոլարով կամ եվրոյով գնանշվող պարտատոմսեր, որպեսզի ցանկացած մարդ գնի եւ ներգրավված միջոցներն ուղղվեն ծրագրային նպատակների: Նման քայլի գնալու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ:
- Ի դեպ, քանի որ խոսքը գնաց խոշոր նախագծերի մասին, որոնց իրականացման համար մեծ միջոցներ են անհրաժեշտ. այսօրվա դրությամբ ողջ Հարավային Կովկասում միայն մեկ ընկերություն է ցուցակվել իր ազգային սահմաններից դուրս. դա վրացական Bank of Georgia-ն է, որը IPO է իրականացրել Լոնդոնում: Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյո՞ք այսօր Հայաստանում որեւէ ընկերություն, որն իրոք կարող է դիմել նման քայլի եւ կա՞ արդյոք նման կարիք:
- Սկսենք վերջինից` կարիքից: Ենթադրենք՝ հայկական բանկը IPO է իրականացնում դրսում, իսկ դա նշանակում է առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներգրավում (Լոնդոնի պես բորսաներում ցուցակվելիս ընկերությունները պետք է նպատակաուղղված լինեն ներգրավել առնվազն $200-300 մլն): Ենթադրենք` այդ գումարն եկավ. որտե՞ղ այն ներդնել:
Արտահանման հզոր պոտենցիալով ձեռնարկությո՞ւն. դա նշանակում է մեքենաշինական գործարանների գործարկում, ինչի համար պետք են բաց սահմաններ, երկաթգիծ, իսկ մեզ մոտ այն հասնում է միայն մինչեւ Վրաստանի նավահանգիստներ եւ տրանսպորտային ծախսերը Հայաստանից խոշոր մեքենաշինական արտադրանքի արտահանումը զրկում են մրցունակ լինելուց: Մյուս ուղղությունը քիմիան է, որը նույնպես մրցունակ չէ տրանսպորտային ծախսերի պատճառով:
- Այսինքն` Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում երկրի տնտեսական զարգացումը կապվում է բացարձակապես փոքր եւ միջին ձեռնարկությունների հե՞տ:
- Այո: Հայաստանում խոշոր կապիտալի պահանջ այսօր, թերևս, ունի միայն ատոմակայանը` շուրջ $4-5 մլրդ-ի չափով, սակայն մասնավոր ձեռքերում պահել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսից ավելին ապահովող կայանը, կարծում եմ, այնքան էլ ընդունելի լուծում չէ:
- Այս տարի պետք է ներդրվի կենսաթոշակային համակարգի կամավոր, իսկ 2014թ-ից` պարտադիր կուտակային բաղադրիչը։ Հայտնի է, որ ԿԲ-ն մշակում է համապատասխան նորմատիվներ եւ քննարկում դրանք շուկայի մասնակիցների հետ: Ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ:
- Համաձայն հայեցակարգի եւ օրենքի, պարտադիր կուտակային բաղադրիչում բանկերը կարող են մասնակցել դուստր ձեռնարկության (սեփական կենսաթոշակային հիմնադրամի) կամ այլ կենսաթոշակային հիմնադրամին ծառայությունների մատուցման միջոցով:
Ինչ վերաբերում է կամավոր կենսաթոշակային կուտակումներին, մենք կարող ենք դա իրականացնել եւ պահանջարկի դեպքում կդիմենք Կենտրոնական բանկ՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար: Այս ուղղությամբ, սակայն, ակտիվություն տնտեսվարողների կողմից մենք դեռեւս չենք տեսնում եւ չենք էլ կարծում, որ նրանք պետք է շահագրգռված լինեն կամավոր սխեմաների գործարկման մեջ:
- Ինչո՞ւ: Չէ՞ որ սեփական աշխատակիցների համար կենսաթոշակային կուտակումներ իրականացնող ձեռնարկությունները կստանան որոշակի հարկային արտոնություններ:
- Դա հարաբերական է. դրա համար ընկերությունները պետք է ամբողջովին դուրս գան ստվերից, իսկ այդ դեպքում նրանք ավելի շատ կկորցնեն, քան կշահեն հարկային արտոնությունից:
Ինչ վերաբերում է 2014-ից գործադրվելիք պարտադիր կուտակային սխեմաներին, մենք նախատեսում ենք մասնակցել դրանցում, քանի որ դա կապահովի դեպի ֆինանսական համակարգ երկարաժամկետ գումարների ներհոսք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: