«ԱՊՊԱ-ն ապահովագրական ընկերության գիտակցված ընտրությունն է»

13.12.2010 | 22:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ժամանակին դուք ասում էիք, որ ապահովագրությունն այն ոլորտն է, որտեղ ոչ նյութական ակտիվների մասնաբաժինը բավականին բարձր է, եւ այդ լույսի ներքո պատրաստվում էիք վերագնահատել բրենդի արժեքը: Արդյունքում ի՞նչ եզրակացության եկաք:

- Հավանաբար, «ԻՆԳՈ Արմենիան» միակ ընկերությունն է, որի ակտիվներում եղել է ոչ նյութական ակտիվների որոշակի մասնաբաժին` մտավոր սեփականություն, նոու-հաու, որոնք գնահատվել են Հայաստանի գնահատողների միության կողմից եւ առկա են եղել մեր սեփական կապիտալում:

Այո, ես հիշում եմ, որ ասել եմ բրենդի արժեքի վերագնահատման հեռանկարների վերաբերյալ: Սակայն որոշ ժամանակ անց մենք ստացանք Կենտրոնական բանկի հրահանգը, որի համաձայն մեզ առաջարկվեց ազատվել ոչ նյութական ակտիվներից, ինչը եւ մենք արեցինք` դուրս գրելով դրանք: Նոր ոչ նյութական ակտիվներ ավելացնելն արդեն իմաստ չուներ:

Եզրակացության գալով, որ մեր երկիրը դեռ պատրաստ չէ ոչ նյութական ակտիվների գաղափարի ընկալմանը` մենք որոշեցինք ժամանակավորապես զերծ մնալ այդ հեռանկարից, սակայն գաղափարն կենդանի է, եւ մենք հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ մեր ոչ նյութական ակտիվների արժեքն ավելանում է: Երբեւէ այն անպայման կանդրադառնա մեր ցուցանիշների վրա:

- Ձեզ հարմա՞ր է աշխատել ռուսաստանյան բաժնետիրոջ հետ: Լինո՞ւմ են իրավիճակներ, երբ Մոսկվայի դիրքորոշումը չի համընկնում տեղի շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ ձեր գիտելիքներին:
 
- Իրականում տեղի շուկան հատուկ առանձնահատկություններ չունի, եթե խոսում ենք բացասական երեւույթների մասին: Չկա այդպիսի բան, թե, օրինակ, հայ բժիշկները կաշառք են վերցնում, իսկ ռուս բժիշկները` ոչ: Այդ պատճառով կարելի է խոսել հետխորհրդային տարածքի առանձնահատկության մասին, եւ այդ իմաստով մեզ համար շատ հարմար է աշխատել ռուսաստանյան գործընկերների հետ:

Միշտ ցանկալի է ներկայացնել հնարավորինս քիչ հաշվետվություններ եւ ստանալ հնարավորինս մեծ շահույթ. դա կատարողի եւ գործադիր իշխանության տեսակետն է: Իսկ բաժնետիրոջ եւ սեփականատիրոջ դիրքորոշմամբ, միշտ ցանկալի է խստորեն վերահսկել իրավիճակը եւ ստանալ առավելագույն շահույթ: Եվ ահա այդ հակասությունների պայքարում կառուցվում է կառավարման իդեալը:
 
- Սակայն դա բացարձակ հակասություն չէ, եթե հաշվի առնենք, որ դուք ընկերության համաբաժնետերն եք:

- Այո, դա հակասությունները մեղմող գործոն է:

- Իսկ ռազմավարական որոշումներ կայացնելու գործընթացում հրահանգները գալիս են Մոսկվայի՞ց:

- Ես չեմ հիշում մի դեպք, երբ որեւէ հրահանգ տրամաբանությանը հակառակ եղած լինի, իսկ ինչ վերաբերում է ռազմավարական որոշումներ կայացնելուն, միշտ ցանկալի է պաշտպանված լինել այդ որոշումների հետեւանքներից: Այդ պատճառով, բնականաբար, ռազմավարական բոլոր որոշումները կայացվում են համատեղ, առավել եւս, որ դրա համար կան կառավարման բոլոր մեխանիզմները:

Ավելին, որպես ընկերության բաժնետեր` ես ողջունում եմ կոլեգիալ կառավարման քաղաքականությունը` հաշվի առնելով, որ ես միշտ չեմ զբաղվելու այս ընկերության ղեկավարմամբ: Երբեւէ ես կզբաղվեմ այլ գործունեությամբ, եւ մեր ընկերությունը պետք է մնա շարժականորեն կառավարելի եւ բաժնետերերին հաշվետու:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք սցենար, որի համաձայն պարտադիր ապրանքատեսակների ներդրման հեռանկարի լույսի ներքո հայաստանյան ապահովագրական շուկայի ակնկալվող կենդանացումից հետո ձեր ռուսաստանյան գործընկերները Հայաստանում 100-տոկոսանոց ներկայության ցանկություն հայտնեն:

- 100 տոկոս ձեռք բերելու ցանկություն, ենթադրաբար, միշտ կա, ընդ որում, բոլոր բաժնետերերի` ինչպես «Ինգոսստրախի», այնպես էլ մնացած բաժնետերերի կողմից: Դա լիովին ենթարկվում է բիզնես-տրամաբանությանը, քանի որ եթե բիզնեսը հաջող է զարգանում, միշտ ցանկություն կա դրանում ունենալ հնարավորինս մեծ մասնաբաժին:

- Դուք ե՞ւս հակված եք այն կարծիքին, որ ԱՊՊԱ-ն կարող է լոկոմոտիվ դառնալ կամավոր ապրանքատեսակների համար:


- Այո, ԱՊՊԱ-ի ֆենոմենը հենց նրանում է, որ այն խթանում է զուգահեռ ապրանքատեսակների վաճառքի աճը: Արդեն այսօր մենք միտում ենք նկատում, երբ մեզ ԱՊՊԱ-ի համար դիմող հաճախորդները ապահովագրում են ավտոմեքենան բոլոր ռիսկերից եւ հետաքրքրվում են բժշկական ապահովագրությամբ:

- Ինչո՞ւ դա տեղի չի ունեցել ավտովարկի ձեւակերպման կամ արտասահման մեկնողների դեպքում ձեւակերպվող ապահովագրությունների պարագայում: Երկու դեպքում էլ, համաձայնեք, մենք գործ ունենք ապահովագրության պարտադիր տեսակների հետ:

- Այդ ապրանքատեսակները ՀՀ ապահովագրական շուկային թույլ են տվել կայանալ, նրանք ստեղծել են որոշակի պաշար, որի շնորհիվ ապահովագրական ընկերությունները գոյատեւել են վերջին 10 տարիների ընթացքում: Սակայն դրանք ամենեւին չեն խթանել ապահովագրական մշակույթը, հաճախորդներն այդ ապրանքատեսակներն ընկալել են որպես հերթական փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ավտովարկի ձեւակերպման, կամ դեսպանատանը վիզա ստանալու համար:

Ավելին, եղել են դեպքեր, երբ հաճախորդը, ով ստացել է ապահովագրության գումարը 20 անգամ գերազանցող փոխհատուցում, ժամանակից շուտ մարել է բանկի վարկը եւ անմիջապես եկել է ապահովագրական ընկերություն, որպեսզի դադարեցնի ապահովագրական պոլիսի գործողությունը:

Ինչ վերաբերում է արտասահման մեկնող անձանց ապահովագրությանը, ապա դա կարելի է դասել ապահովագրության բավականին զարգացած ինստիտուտների թվին` $500-ից մինչեւ $30 000 ծավալի հատուցման իրական դեպքերով:

Երկու դեպքերում հաճախորդների շփումը ապահովագրական ընկերության հետ կրում է դրվագային, իրավիճակային բնույթ: Իսկ ԱՊՊԱ դեպքում մարդը գիտակցում է, որ եթե նա մեքենա է վարում, ապա դա տեւական ժամանակով է, եւ այդ իմաստով պետության պարտադիր գործողությունը նրան տանում է ապահովագրական ընկերության գիտակցված ընտրության: Պարզ ասած, ԱՊՊԱ-ն ապահովագրական ընկերության գիտակցված ընտրությունն է:

- Դուք տեղյա՞կ եք ԱՊՊԱ-ն վերացնելուն ուղղված «Ժառանգության» նախաձեռնությանը:

- Իսկապե՞ս: Դե, երեւի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի օրիգինալության հետ, եւ նրանք որոշել են օրիգինալ երեւալ այդ եղանակով: Եթե լուրջ խոսենք, ապա դա բացառապես պոպուլիստական քայլ է, որը հակառակ է մեր երկրի զարգացման առաջընթաց վեկտորին:

- Մե՞ծ են եղել ծախսերը ԱՊՊԱ-ին նախապատրաստվելու ընթացքում, եւ ե՞րբ եք նախատեսում շահույթ ստանալ:


- Նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ առանձնապես մեծ ծախսեր չենք արել: Մենք պարզապես իրագործել ենք գովազդի նախատեսված ծավալը, իսկ հիմնական ծախսերն ուղղվել են աշխատատեղերի կրկնապատկմանը. աշխատակիցների թիվը 30-ից հասցվել է 62-ի:

Դրանով, ինչպես նաեւ մեր ոչ նյութական ակտիվներից հրաժարվելով է պայմանավորված այս տարի արձանագրված ոչ բարձր շահութաբերությունը: Հաջորդ տարի մենք նախատեսում ենք վերադառնալ մեր սովորական շահույթի մակարդակին, որը, որպես կանոն, կազմում էր 14-17%, ընդ որում, ոչ թե պարտադիր ապահովագրության հաշվին, այլ կամավոր ապահովագրական ապրանքատեսակների իրացվելիության ավելացման շնորհիվ:

Պարտադիր ապահովագրության մասով կձեռնարկենք բոլոր միջոցառումները, որպեսզի սպասարկենք բոլոր ապահովագրական դեպքերը, բացահայտենք խարդախության փորձերը դեռեւս սաղմնավորման փուլում` բնակչությանը ազդանշան ուղարկելով, որ դրանով զբաղվել չարժե: Կարծում եմ` ԱՊՊԱ մասով վնասները կկազմեն շուրջ 90-95%, հետեւաբար, շահույթը կկազմի 5-10%: Ավելի շուտ, դա ոչ թե շահույթ է, այլ` ԱՊՊԱ ծախսերի ծածկում:

Միաժամանակ, ես չէի ցանկանա բողոքել ԱՊՊԱ-ից շահույթի բացակայության առումով, քանի որ շահույթն անուղղակի կերպով կարտահայտվի ապահովագրության փորձի զարգացման, հետեւաբար, աշխատակիցների արհեստավարժության ավելացման տեսքով:

Մենք հիմնել ենք ԱՊՊԱ վաճառքի լայն ինստիտուցիոնալ գործընկերային ցանց` բաղկացած շուրջ 200 ընկերություններից` երկրի տարբեր մարզերում իրենց գրասենյակներով եւ մասնաճյուղերով: Դրանց թվում կան 10 առեւտրային բանկեր: Իսկ ֆիզիկական անձանցից բաղկացած գործակալային ցանցը ներառում է շուրջ 700 մարդ, որոնցից ակտիվ գործունեություն են ծավալում կեսը:

Օգտվելով առիթից` կցանկանայի նշել, որ մեր Աշխատանքային օրենսգիրքն ամենեւին հարմարեցված չէ ապահովագրության, մասնավորապես, գործակալության ինստիտուտին: Դատեք ինքներդ. մենք ցանկություն ունենք որպես գործակալ ձեւակերպել շուրջ 1000 մարդ, սակայն պատկերացնո՞ւմ եք, եթե ես 1000 գործակալների տամ նվազագույն աշխատավարձ: Իսկ եթե 1000 մարդուց իրականում աշխատեն միայն 300-ը ... Ստացվում է, որ նրանք բոլորը պետք է ստանան աշխատավարձ եւ ապահովվեն բոլոր անհրաժեշտ սոցիալական երաշխիքներով...
 
- Վերջերս դուք հայտարարեցիք ավելի քան 100 հազար պոլիս վաճառելու մտադրության մասին. դա ԱՊՊԱ պոլիսների ընդհանուր թվի ¼ է կազմում: Ինչի՞ վրա է հիմնված ձեր լավատեսությունը:
 
- Մինչեւ վաճառքի գործընթացի մեկնարկը մենք աշխատանքի էինք գալիս ԱՊՊԱ շուկայի 100%-ը գրավելու մտադրությամբ: Այդ ժամանակ մենք լի էինք լավատեսությամբ: Բնականաբար, դա կատակ է: Եթե լուրջ, ապա իմ ասած ցուցանիշը ավելի շուտ ոչ թե լավատեսություն է, այլ` իրատեսություն: Թեեւ պետք է նկատեմ, որ իմ կանխատեսումը կախված կլինի նրանից, թե երկրում որքան ուժեղ գործարկված կլինի ոչ տնտեսական բնույթի ռեսուրսը: Բոլոր դեպքերում, մենք կաշխատենք մանրածախ վաճառքի հատվածում, քանի որ կորպորատիվ վաճառքների վրա հեշտությամբ տարածվում են վարչական եւ այլ կարգի ոչ շուկայական ռեսուրսները:

Իմ կանխատեսումները հիմնված են այն բանի վրա, որ մենք վերջին 8 տարիների ընթացքում միջինը ապահովել ենք հայաստանյան ապահովագրական շուկայի 25%-ը: Հենց այդ տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում:

- Մինչեւ հունվարի 1-ը մնացել են հաշված օրեր. վերջին տվյալներով, ապահովագրվել է ավտոտրանսպորտային միջոցների շուրջ 10%-ը: Ի՞նչ եք կարծում, ավտոմեքենաների սեփականատերերը ժամանակի մեջ կտեղավորվե՞ն:

- Ավտոմեքենա վարողների ակտիվությունը լիովին ներդաշնակ է հայկական մտածելակերպի առանձնահատկություններին, որը կրկին դրսեւորվում է հետխորհրդային ավանդույթների ոգով: Երբ Ռուսաստանում ներդրվում էր ԱՊՊԱ-ն, եւ կրկին վերջնաժամկետը հունվարի 1-ն էր, դեկտեմբերի 8-ին նշանակված էին խորհրդարանական ընտրություններ եւ ռուսաստանյան բազմաթիվ կուսակցություններ նման էին մեր այսօրվա «Ժառանգությանը»: Արդյունքում, մինչեւ դեկտեմբերի 8-ը ոչ մի ռուսաստանյան վարորդ չձեւակերպեց ապահովագրություն` հույսը դնելով այն վերացնելու վերաբերյալ քաղաքական ուժերի խոստումների վրա: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 10-ին, եւ այդ օրվանից Ռուսաստանում սկսվեց ապահովագրության գործընթացը, ընդ որում, 20 օրվա ընթացքում վաճառվեց պոլիսների 98%-ը, ինչը, ի դեպ, ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ փետրվարի կեսին մենք կունենանք 100%-ոց արդյունք: Իսկ թե հայ վարորդների որ մասը դա կանի «զուտ հայկական» ձեւով` ենթարկվելով պատժամիջոցների, դժվարանում եմ պատասխանել:

- Որքա՞ն պոլիս է վաճառել ձեր ընկերությունը մինչ օրս:

- Ավանդաբար հանդիսանալով ամենաբաց ընկերությունը` նշեմ, որ դեկտեմբերի սկզբի դրությամբ «ԻՆԳՈ Արմենիան» վաճառել էր շուրջ 7 000 ԱՊՊԱ ապահովագրական վկայագիր:

- Կարծիք կա, որ արդեն 2012թ. ԱՊՊԱ սակագները կբարձրանան:

- Որպես կանոն` զարգացող երկրների քաղաքական իշխանությունները ԱՊՊԱ մասին օրենք են ընդունում ոչ թե անհրաժեշտության ճնշման տակ, այլ` քաղաքացիների միջեւ քաղաքակիրթ փոխհարաբերություններ հաստատելու նպատակով: Որպես կանոն, սկզբում սահմանվում են սակագները, ապա ինչ-որ աչքի ընկնող բան անելու նպատակով դրանք իջեցվում են` ապահովագրողներին հասցնելով սնանկության: Խորհրդարանականներն իրենց ընտրողներին զեկուցում են, որ «ճնշել են ֆինանսական շնաձկներին», ապա անհրաժեշտության ճնշմամբ սակագները բարձրանում են:

Նույն տեղի է ունենում Հայաստանում. չէր հասցրել ԱՊՊԱ-ն ուժի մեջ մտնել, երբ արդեն սկսվեց սակագների իջեցման գործընթացը: Պետք է հստակ գիտակցել, որ այդ գործընթացի շարունակման կամ հատուցման համակարգի ազատականացման դեպքում ապահովագրական ընկերությունները միանշանակ կկանգնեն սնանկության շեմին: Ինչպես հասկանում եք, ներկայիս փուլում խոսք լինել չի կարող սակագների բարձրացման մասին:

Սակայն ժամանակի ընթացքում դրանք անպայման կբարձրանան, բացատրեմ` ինչու: Եթե 10 տարի առաջ մեկ մեքենայի դեպքում միջին վնասը կազմում էր 150-180 հազ. դրամ, ապա այսօր այդ վնասը կազմում է մինչեւ 3,5 մլն դրամ: Եվ դա այն պատճառով, որ մեքենաները թանկացել են, ճանապարհները դարձել են ավելի լավը, ավելացել են արագությունները եւ, համապատասխանաբար, վատթարացել են վթարների հետեւանքները: Այսօր մեքենաների 40 տոկոսն ունեն անվտանգության բարձիկներ. յուրաքանչյուր բարձիկի բացվելը արդեն իսկ կազմում է $1000-1500:

Ներկայիս սակագները հաշվարկված են նախորդ տարվա տվյալներով, 3-4 տարի անց վերանորոգման եւ պահեստամասերի գները բոլորովին այլ կլինեն, եւ, բնականաբար, սակագները պետք է բարձրանան, սակայն, կարծում եմ, դա տեղի չի ունենա 2014թ.-ից շուտ:

- Ի՞նչ եք կարծում, մեզ մոտ պարտադիր ապահովագրության ո՞ր տեսակը կհաջորդի ԱՊՊԱ-ին:

- Հուսով եմ` 1,5-2 տարի հետո ԱՊՊԱ-ին կհետեւի պարտադիր բժշկական ապահովագրությունը: Հայաստանի համար առաջնահերթ է նաեւ պարտադիր ապահովագրությունը երկրաշարժերից եւ բնական աղետներից, ինչպես նաեւ ձեռնարկությունների պարտադիր ապահովագրությունը բնապահպանական աղետներից:

Դիտում՝ 25374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW