«Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին Օրերս լրանում է «Անելիք Բանկի» կապիտալում լիբանանյան Credit Bank-ի մուտքի մեկ տարին: Համատեղ աշխատանքի առաջին տարեդարձի նախօրեին Սամվել Ճզմաչյանը համաձայնվել է պատասխանել մեր հարցերին: - Ինչու՞ ընտրվեց հենց լիբանանյան Credit Bank-ը: - Մինչեւ «Անելիք Բանկի» կապիտալում լիբանանյան Credit Bank-ի ընդգրկվելը մենք արդեն ունեինք արտասահմանյան ներդրողներ: Բանկի 4 ֆիզիկական անձ բաժնետերերից երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ էին, որոնցից յուրաքանչյուրին պատկանում էր բանկի բաժնետոմսերի 25%-ը: Այսպիսով, բանկի բաժնետոմսերի կեսը պատկանում էր ոչ ռեզիդենտների: Մենք աշխատում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ արդեն 15 տարի, եւ վստահ եմ, որ գործընկերներ կմնանք ողջ կյանքում: Ինչ վերաբերում է լիբանանյան Credit Bank-¬ին, ապա այսօր նրան է պատկանում բանկի բաժնետոմսերի 51%-ը: Credit Bank-ը համեմատաբար երիտասարդ եւ արագ զարգացող բանկ է, որը դասվում է Լիբանանի 12 լավագույն բանկերի թվին: Լիբանանյան բանկային համակարգի ծավալը ներկայացնելու համար բավական է նշել, որ իր ակտիվներով այն գերազանցում է մեր բանկային համակարգն ավելի քան 30 անգամ` ունենալով Հայաստանին հավասար բնակչություն: Ինչու՞ ընտրվեց հատկապես այդ բանկը: Անկեղծ ասած, վերջին 2-3 տարիներին մենք բանկի կապիտալի համալրման սուր անհրաժեշտություն էինք զգում: Մենք կազմակերպեցինք հանդիպումներ եւ խորհրդատվություններ շուրջ 15 արտասահմանյան բանկերի ներկայացուցիչների հետ, այդ թվում` ֆրանսիական, գերմանական, իտալական եւ, իհարկե, ռուսական: Լինելով հայաստանյան միակ բանկը, որն ունի 100-տոկոսանոց «դուստր» բանկ Ռուսաստանում («Անելիք ՌՈՒ»), մեզ ավելի հարմար էր բանակցել ռուսաստանյան գործընկերների հետ: Սակայն մենք, այնուամենայնիվ, կանգ առանք Credit Bank-ի վրա, քանի որ ի վերջո բանկը մարդկանց հանրույթ է, իսկ լիբանանցիները, ավելի ճիշտ, լիբանանյան քրիստոնյաները, իրենց մտածելակերպով շատ նման են մեզ` հայերիս: Իսկ կյանքի ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ բիզնեսում, մարդկային գործոնն ամենակարեւորն է: - Ինչպե՞ս կգնահատեք համատեղ աշխատանքի առաջին տարվա արդյունքները: - Մեկ տարին շատ կարճ ժամանակ է արդյունքների ամփոփման համար: Այս տարին մեզ համար դարձավ, այսպես կոչված «հղկման» տարի, ընդ որում` ճգնաժամի դժվարին ժամանակահատվածում: Այսօր Credit Bank-ի հետ համատեղ մենք իրականացնում ենք խոշոր փոխառուների համաֆինանսավորման բավականին պահանջված ծրագիր` օգտագործելով KfW-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ աշխատանքի մեր երկարամյա փորձը: Լիբանանի Կենտրոնական բանկում գործող նորմատիվային-իրավական ակտերի համաձայն, բոլոր այն լիբանանյան բանկերը, որոնց պատկանում է այլ երկրի տարածքում գործող այս կամ այն բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, պետք է կարգավորչին ներկայացնեն բանկի գրեթե բոլոր հաշվետվությունները, այս դեպքում դա «Անելիք Բանկն» է: Փաստորեն, մեր բանկը հաշվետու է միանգամից երկու երկրների Կենտրոնական բանկերին` Հայաստանի եւ Լիբանանի: Այդ իմաստով առկա են որոշակի դժվարություններ, որոնք մենք աստիճանաբար հաղթահարում ենք: Անվիճելի է, որ երբ բանկի, կոնկրետ դեպքում` «Անելիք Բանկի» կապիտալում ավելանում է նոր կապիտալ, որն իր ծավալով գերազանցում է մեր «մինչլիբանանյան կապիտալը» 2,7 անգամ, դա արդեն մեծ առաջընթաց է: Այդ դեպքում առաջանում է միջոցների գրագետ ու ռացիոնալ տեղաբաշխման խնդիր. նշեմ, որ այդ միջոցների մեծ մասը տեղաբաշխվել է բիզնես-վարկերում: Բացի այդ, մենք Երեւանի կենտրոնում ձեռք ենք բերել մեծ եւ հարմարավետ շենք բանկի գլխավոր մասնաշենքի համար: Ներկայումս այնտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ. հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ կբացենք նոր շենքի դռները մեր հաճախորդների առջեւ: - «Անելիք Բանկ» (Հայաստան), «Credit Bank» (Լիբանան), «Անելիք ՌՈՒ» (Ռուսաստան). այս ցանկը վկայու՞մ է արդյոք այն մասին, որ բանկը հավակնում է դառնալ տարածաշրջանային ֆինանսական դերակատար: - Չէի ցանկանա բարձրագոչ հայտարարություններ անել այդ առթիվ, համենայն դեպս, առայժմ: Թեեւ այդպիսի շատ մտքեր են բարձրաձայնվել բազմաթիվ բանակցությունների ընթացքում` ինչպես բանկի կազմում լիբանանցիների մուտքից առաջ, այնպես էլ հետո: Այսօր Credit Bank-ն ընդլայնվում է եւ իր գործունեությունն է տարածում ընդհուպ մինչեւ Հնդկաստան եւ Չինաստան: Ներկայիս փուլում Մերձավոր Արեւելքը նրանց «հայրենական կալվածքն» է այդ բառի լավ իմաստով, եւ այդ լույսի ներքո ձեր ասած հեռանկարը կարող է շատ իրատեսական լինել, թեկուզ եւ ելնելով «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի հնարավորություններից: Ներկայումս Credit Bank-ը լուրջ աշխատանք է ծավալում այդ համակարգը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի տարբեր երկրներում տարածելու ուղղությամբ` օգտագործելով ինչպես սեփական հնարավորությունները, այնպես էլ լրացուցիչ լծակներ: «Անելիք» համակարգի աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, 350 բանկ, սպասարկման շուրջ 60 000 կետ եւ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների եւս 12 տարբեր համակարգեր: Լավ հավակնությունները միշտ իրականանալի են. միայն ձգտում է անհրաժեշտ: Դեռեւս 1997թ., երբ մեր ակտիվները հասան $1 մլն-ի, ես մտածում էի, թե երբ դրանց ծավալը կհասնի $10 մլն-ի: Եթե հաշվի առնենք, որ «Անելիք Բանկի» այսօրվա ակտիվները կազմում են շուրջ $140 մլն, ապա վերոնշյալ հեռանկարը բավականին իրատեսական է: - Հայաստանում ճգնաժամի հիմնական բացասական ազդեցություններից մեկը տրանսֆերտների կրճատումն էր: Դրամական փոխանցումների մինչճգնաժամային ցուցանիշներին մոտենալու նպատակով միջազգային փոխանցումների համակարգեր սպասարկող առեւտրային բանկերը դիմել են միջնորդավճարների նվազեցման, մարքեթինգային նոր գործիքների ներդրման եղանակին: Ի՞նչ է անում «Անելիքն» այդ ուղղությամբ: - Ըստ էության, «Անելիքը» ԱՊՀ տարածքում դրամական փոխանցումների առաջին համակարգերից մեկն է, եւ աշխարհի բազմաթիվ բանկերի հետ դեռեւս այն ժամանակ կնքված պայմանագրերը գործում էին մոտավորապես մինչեւ 2001-2002 թվականները: Այդ ժամանակ փոխանցման միջնորդավճարները ուրիշ էին` միջինը 3-4 %: Այն ժամանակ դա համարվում էր ընդունելի սակագին, առավել եւս եթե հաշվի առնենք, որ շատ մարդիկ, կանխիկն անցկացնելով սահմանով, առանց իմանալու կամ այլ պատճառներով կորցնում էին հսկայական գումարներ: Այսօր մեծ խնդիր է մեր գործընկեր բանկերին համոզել, որ առկա է միջնորդավճարների նվազեցման մոտիվացված անհրաժեշտություն: Մինչդեռ փոխանցումների այլ համակարգերը, որոնք շուկա են մտել մեզանից հետո, պայմանագրեր ենք կնքել արդեն պրագմատիկ, ներկայիս իրողություններին համարժեք պայմաններով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտությունը, Մոսկվա-Հայաստան-Մոսկվա (ինչպես նաեւ Մոսկվայից Ղազախստան, Տաջիկստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս եւ հակառակը) ուղղություններով միջնորդավճարը մենք սահմանել ենք 0,5-0,8 %-ի սահմաններում` օգտագործելով Մոսկվայում մեր բանկի հնարավորությունները: Ի դեպ, այսօր աշխարհում դժվար թե գտնվի նման այլ տոկոսադրույք: Սակայն դրամական փոխանցումների շրջանառության ծավալների վրա ազդում են շատ գործոններ, այդ թվում նաեւ` քաղաքական: Օրինակ, մեզ մոտ նկատվում է շրջանառության բավականին լուրջ անկում Ղրղզստանում հայտնի իրադարձությունների պատճառով: Առիթից օգտվելով` կցանկանայի ներկայացնել մի շատ հետաքրքիր վիճակագրություն. համակարգի շրջանառության ծավալով «Անելիքը» առաջին տեղն է գրավում Ռուսաստանում, երկրորդը` Ուզբեկստանում, երրորդը` Տաջիկստանում, չորրորդը` Ուկրաինայում, հինգերորդը` Վրաստանում, իսկ Հայաստանն ընդամենը վեցերորդ տեղում է: Ողջունելի է, որ «Անելիքն» իրեն դիրքավորում է որպես դրամական փոխանցումների միջազգային համակարգ: - Եկել է այն պահը, երբ հայաստանյան բանկերի պոտենցիալ հաճախորդներին դժվար է զարմացնել նոր եւ այլընտրանքային բանկային ապրանքատեսակներով. առաջին տեղում այսպես թե այնպես որակյալ ու գրագետ սպասարկումն է, ընդ որում, առաջին հերթին` մասնաճյուղային ցանցի մակարդակով: Ինչպիսի՞ն է իրավիճակն «Անելիք Բանկում»: - Շատ կցանկանայի համաձայնել ձեզ հետ, սակայն, ցավոք, մեր իրականության մեջ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Այո, դուք իրավացի եք. մանրածախ բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ավելի ողջամիտ է ավելորդ հազար դրամը ծախսել հարմարավետ ու գրագետ սպասարկման դիմաց: Սակայն երբ խոսքը խոշոր հաճախորդների մասին է, ապա նրանց որոշ մասի համար նորմալ սպասարկման հեռանկարը մղվում է երկրորդ պլան. նրանք ընտրում են այն բանկը, որտեղ վարկավորման պայմաններն ավելի ձեռնտու են: Երկրի բանկային համակարգի շուրջ 100-150 հաճախորդները, ովքեր «եղանակ են փոխում» մեր տնտեսության մեջ, գտնվում են «իրենց» բանկի մշտական փնտրտուքների մեջ, եւ նրանց դժվար է անվանել կոնկրետ բանկի մշտական հաճախորդներ: Մեզ համար առաջնահերթ է օգտակարի եւ հաճելիի համատեղումը. պատշաճ սպասարկում եւ վարկավորման շահավետ պայմաններ: Ընդ որում, «պատշաճ սպասարկում» հասկացության մեջ ես ներառում եմ ոչ միայն սպասարկման կուլտուրան եւ արհեստավարժությունը, այլ նաեւ մասնաճյուղերի շենքային հարմարավետ պայմանները: Օրերս մենք Սեւան քաղաքում ձեռք բերեցինք մի շինություն բանկի մասնաճյուղի համար, որի մակերեսը կազմում է 154 քառ. մետր: Ի դեպ, այդ շենքն ամենափոքրն է լինելու մեր մասնաճյուղային ցանցում: Ամենեւին չփորձելով բանկային ծառայողներին ազատել պատասխանատվությունից` ասեմ, որ կոպտության եւ բառի վատ իմաստով «հայկական մենթալիտետ» ցուցաբերելն այսօր ներհատուկ է նաեւ որոշ հաճախորդների, եւ այդ լույսի ներքո ոչ միշտ է գործում «հաճախորդը միշտ իրավացի է» աքսիոման: - Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «ՀՀ առեւտրային բանկերի մարժան շատ բարձր է եւ զբաղեցնում է առաջին տեղերից մեկն աշխարհում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Ես կիսում եմ պարոն Սարգսյանի կարծիքը, սակայն որոշակի վերապահումներով: Այո, այսօր երկրի առեւտրային բանկերի մարժան բարձր է, այդ մասին վկայում են բանկային համակարգի տոկոսադրույքների միջինացված ցուցանիշները: Սակայն եթե հեռանանք միջինացված ցուցանիշներից, պատկերը մի փոքր այլ կլինի: Մասնավորապես, մեր բանկը շատ վարկեր է տրամադրում խոշոր հաճախորդներին 12%, 13%, 14 % տոկոսադրույքներով, միաժամանակ, դրամային ավանդներն ընդունելով 12.5%-ով: Ներկայիս փուլում դիտարկվում է վարկերի խոշորացման միտում, մասնավորապես, այն փոխառուները, ովքեր մի քանի տարի առաջ մեզանից վերցրել են $10 հազարի վարկ, այսօր ունեն բազմամիլիոնանոց վարկեր: Դրան զուգահեռ, նկատվում է նաեւ վարկային տոկոսադրույքների աստիճանական նվազում, ինչը, իմ կանխատեսումներով, կշարունակվի նաեւ միջնաժամկետ հեռանկարում: Մինչեւ տարեվերջ կարելի է ակնկալել տոկոսադրույքների իջեցում միջինը 2 տոկոսային կետով: Իսկ ոչ հեռու անցյալում բանկային վարկերի տարեկան տոկոսադրույքները հասնում էին 50-60%-ի: - Նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դա կհանգեցնի՞ ներգրավվող ավանդների ծավալների աճին: - Այո, իհարկե, չէ՞ որ խոսքն արդեն լուրջ գումարի մասին է. այսուհետ դրամային ավանդների հատուցման ծավալը կազմելու է 4 մլն դրամ: Այդ նորմատիվի կրկնակի ավելացումը զգալի ցուցանիշ է մեր բնակչության համար, դոլարային համարժեքով դա կազմում է ավելի քան $10.000: Ես երկար տարիներ եղել եմ ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ողջունում եմ այդ որոշումը` հույս ունենալով, որ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ կընտրեն իրենց խնայողությունները պահելու ավելի քաղաքակիրթ եղանակ: - Զգու՞մ եք արդյոք «անհարմարավետություն» ՀՀ բանկային համակարգի ապադոլարիզացմանն ուղղված ԿԲ քայլերից հետո: - Որոշակի «անհարմարավետություն» զգացվում է, սակայն դոլարիզացման դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն ինքնին գնահատում եմ որպես պրագմատիկ եւ ժամանակին ձեռնարկված միջոցառում: Ես միշտ կողմ եմ եղել, որպեսզի օրենսդրական մակարդակով լուծվի արտարժույթով վարկերի տրամադրման կանոնների մասին խնդիրը: Մասնավորապես, ես բազմիցս առաջարկել եմ, որպեսզի դոլարային վարկերը տրամադրվեն միայն այն դեպքում, երբ այդ միջոցները պետք է «աշխատեն» Հայաստանի սահմաններից դուրս: Մի փոքր հեռանալով թեմայից` նշեմ նաեւ Հայաստանում կանխիկ գումարների շրջանառության աստիճանական նվազեցման մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Որքան քիչ է կանխիկի շրջանառությունը կոնկրետ երկրում, այնքան ավելի շատ է նա ապահովագրված կոռուպցիոն ռիսկերից: Tweet Դիտում՝ 23385