«Հաջողության 90%-ը կախված է կարգապահությունից»
20.04.2010 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /


Broco ներդրումային դպրոցի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վահե Շահինյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին
- Որքա՞ն ժամանակ եք աշխատում հայաստանյան շուկայում, եւ ո՞րն էր Հայաստան գալու դրդապատճառը:
- Broco ներդրումային դպրոցը Broco ընկերությունների Խմբի` ինտերնետ-թրեյդինգի ոլորտում գործող ՌԴ խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկի հետ փոխկապակցված կառույց է:
Broco-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որի մասնագետներն իրենք ակտիվորեն գումար են վաստակում աշխարհի ֆինանսական շուկաներում: Այլ կերպ ասած, ընկերությունը ստեղծված է թրեյդերների կողմից` թրեյդերների համար:
Իմանալով թրեյդերների պահանջներն ու խնդիրները` ընկերության մասնագետները հնարավորություն ունեն հաճախորդներին տրամադրել առավել արդյունավետ եւ արդիական գործիքներ:
Մենք հայաստանյան շուկայում գործում ենք կես տարուց ավել, մեր Հայաստան գալը պայմանավորված էր նրանով, որ ինտերնետ-թրեյդինգի ոլորտը գտնվում է վերելքի փուլում, եւ մեր բազմաթիվ համաքաղաքացիներն իրենք են տեղեկատվություն փնտրում այդ ոլորտի վերաբերյալ: Հասարակությունը հստակ գիտակցում է, որ ունենալով գիտելիքներ տնտեսության ոլորտում, տիրապետելով ֆինանսական շուկայի զարգացումների վերաբերյալ տեղեկատվությանը` կարելի է եկամուտ ստանալ:
Միաժամանակ, մենք գիտակցում էինք, որ Հայաստանը ամենաշահեկան դիրքերում չէ ինտերնետ-թափանցելիության տեսանկյունից, սակայն կարծում ենք, որ դա ժամանակի հարց է: Ինտերնետ-պրովայդերների շուկայում աճող մրցակցությունը միանշանակ կհանգեցնի գների իջեցմանն ու որակի բարելավմանը, եւ շուտով ինտերնետը մատչելի կդառնա բնակչության ավելի լայն շերտերին:
- Դուք գո՞հ եք Հայաստանում Вroco-ի ծառայությունների պահանջարկից, որքանո՞վ են մատչելի ձեր գները:
- Այսօր մենք գտնվում ենք զարգացման նախնական փուլում, եւ դեռեւս վաղ է խոսել մեծ հաջողությունների մասին, թեեւ մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ մենք գերազանցում ենք նախատեսված ժամանակացույցը: Մինչեւ ներկայացուցչության բացումը մենք հստակ մշակել էինք զարգացման պլանը, որտեղ փուլ առ փուլ նշել էինք աշխատանքի ամեն ամսվա համար նախատեսված նպատակները: Եթե ներկայիս արդյունքը համեմատենք ծրագրված խնդիրների հետ, կարելի է եզրակացնել, որ պահանջարկ, անկասկած, գոյություն ունի, ավելին, հասարակությունը պարզապես ունի այդ տեղեկատվության կարիքը: Այսօր շատ արդիական է, ես կասեի նույնիսկ մոդայիկ է ֆինանսական պլաններ կազմելը, որոնցում հաշվի է առնվում ներդրումներ կատարելու հնարավորությունն ու հեռանկարը:
Այս համատեքստում կարելի է բեկումնային համարել ճապոնական ծագում ունեցող ամերիկացի գրող եւ ձեռնարկատեր Ռոբերտ Կիյաոսակիի բեսթսելլերների շարքը, որտեղ նա մանրամասն գրում է այն մասին, թե որքան կարեւոր է մնացորդային եկամուտ ստեղծելը: Մենք զբաղվում ենք հենց նրանով, որ մարդկանց ցույց ենք տալիս` ինչպես դա անել:
Ինչ վերաբերում է մեր գներին, կցանկանայի նշել, որ Եվրոպայում եւ զարգացած այլ երկրներում նմանատիպ ուսուցումը «թանկ հաճույք» է: Մեր կողմից սահմանված գները համահունչ են Հայաստանի տնտեսական վիճակին, բնակչության վճարունակության մակարդակին: Կարող եմ ասել, որ այսօր գրեթե յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ ուսանել Broco-ում, առավել եւս հաշվի առնելով այն, որ դրանից հետո նա իրական հնարավորություն է ունենում վաստակել եւ բազմապատկել իր խնայողությունները:
- Ինչպե՞ս է կազմակերպվում ուսումնառության գործընթացը Broco-ում, ընձեռվու՞մ է արդյոք հեռակա ուսուցման հնարավորություն:
- Ուսումնական գործընթացը բաղկացած է մեր ունկնդիրների հետ 10 հանդիպումներից, որոնցից յուրաքանչյուրը տեւում է 2 ժամ: Ապա նրանք անցնում են երկշաբաթյա պրակտիկա, որի ընթացքում դասախոսների ղեկավարությամբ ստացված հմտությունները վերածում են գործողությունների:
Բացի դրանից, շաբաթ օրերին կազմակերպվում են հատուկ հանդիպումներ, որոնց ընթացքում մանրամասն քննարկվում եւ վերլուծվում է առաջիկա շաբաթը: Դա յուրօրինակ հուշաթերթիկ է թրեյդերների համար` ավելի շահավետ գործարքներ կատարելու նպատակով:
Ինչ վերաբերում է հեռակա ուսուցմանը, այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ հուսով ենք, որ մոտ ապագայում մեր ծառայությունները մատչելի կդառնան տարածաշրջանի բոլոր ցանկացողների համար:
- Ձեր դասընթացներն ուղղված են բացառապես մասնավոր թրեյդերների նախապատրաստմանը, թե՞ կան նաեւ որակավորման դասընթացներ գործող թրեյդերների համար:
- Broco-ի ծառայություններից օգտվում են ինչպես նորեկները, այնպես էլ Հայաստանի գործող թրեյդերները: Ցավոք, այսօր մենք հանդիպում ենք շատ թրեյդերների, ովքեր ոչ բավարար գրագիտությամբ են վարում առեւտրային գործարքները: Մեր դիտարկումները եւս մեկ անգամ համոզեցին մեզ, որ ուսումնական գործընթացի կազմակերպումն անհրաժեշտություն է. ընկերության աշխատանքի վաստակած փորձն ուղղված է ինտերնետ-թրեյդինգի ոլորտում իրավիճակի արմատական փոփոխմանը, միջազգային ֆինանսական շուկաներում աշխատելու համար գրագիտության բարձրացմանը:
- Ձեր դպրոցի ծառայություններից կարո՞ղ են օգտվել ֆինանսական կրթական բազա չունեցող հաճախորդները:
- Այո, իհարկե, տեղեկատվությունը մատուցվում է «զրոյից», բոլոր ցանկացողները կարող են ուսուցում անցնել. բավական է միայն համակարգչի հետ աշխատանքի նվազագույն իմացություն: Եթե մարդն ունի էլեկտրոնային փոստի հասցե, դա բավական է: Մնացածը, ներառյալ բոլոր մանրամասները, նրան կսովորեցնեն մեր պարապմունքների ընթացքում:
- Ինչպիսի՞ն պետք է լինի նվազագույն մեկնարկային կապիտալը ինտերնետ-թրեյդինգ վարելու համար, եւ ի՞նչ նվազագույն շահույթ կարելի է ակնկալել: Ինչպիսի՞ն է ներդրված միջոցները կորցնելու ռիսկը:
- Ֆինանսական շուկաներում առեւտրի համար նվազագույն կապիտալը $100 է, կամ դրա համարժեքը: Նվազագույն շահույթի մասին խոսել շատ դժվար է, քանի որ ամեն ինչ կախված է կոնկրետ թրեյդերի կարգապահությունից/հավասարակշռվածությունից: Կցանկանայի նշել, որ հաջողության 90%-ը կախված է հենց կարգապահությունից: Ինչ վերաբերում է գիտելիքներին, դրանք կազմում են հաջողության ընդամենը 10%-ը:
Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա այդպիսիք, իհարկե, կան: Բոլոր գործարքները չեն կարող հաջող լինել: Մենք սովորեցնում ենք կառավարել ռիսկերը, ինչը եւս կարեւոր է: Մեր կայքում`www.brocompany.am, մանրամասն նկարագրված են հնարավոր բոլոր ռիսկերը: Խնդրում եմ հաշվի առնել, որ մենք բրոքերային ընկերություն չենք, մենք անցկացնում ենք ուսուցում եւ ցանկացողներին օգնում ենք առեւտրային հաշիվներ բացել Broco-ում:
- Հայաստանյան շուկայում մրցակիցներ ունե՞ք:
- Ես նրանց չէի անվանի մրցակիցներ, նրանց հետ մեր հարաբերությունները գործընկերային են, եւ մենք ուրախ ենք, որ նրանք գործում են շուկայում: Իմ կարծիքով, հայաստանյան շուկայում գործող բոլոր ուսուցանող ընկերությունները պետք է ունենան ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր եւ ռազմավարություն: Այդ տեսանկյունից մենք կողմ ենք հնդիկ մի քաղաքագետի մոտավորապես այս արտահայտությանը. «Ծառի ճյուղերն ունեն ընդամենը երկու ընտրություն. կամ աճել ծառի հետ միասին, կամ` չորանալով կոտրվել»:
- Ուրիշ ի՞նչ երկրներում է ներկայացված Broco-ն:
- Broco ընկերությունների Խումբն իր գործունեությունը սկսել է 2008թ. ապրիլից, եւ այդ ժամանակահատվածում արդեն ներկայացուցչություններ են բացվել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Բացի դրանից, Broco-ի կառուցվածքային ստորաբաժանումներ կան Ղազախստանում, Ուկրաինայում եւ Չինաստանում: Նախատեսվում է նաեւ ընկերության մուտքը ասիական շուկաներ, մասնավորապես, Իրան:
Վերջին լուրեր
10.04.2025 | 22:30 Հոդվածներ
10.04.2025 | 16:48 Նորություններ
10.04.2025 | 14:08 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: