“Մեր առաքելությունն է` աջակցել արտադրությանը, արտահանմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը”

21.12.2009 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- “ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ տնտեսության փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու նպատակով: Ֆինանսավորման հիմնական մասը նախատեսվել էր իրականացնել ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցների հաշվին, որը ՀՀ կառավարությունը որոշել էր ուղղել ՓՄՁ վարկավորմանը: Ի՞նչ կապիտալով է հիմնադրվել ընկերությունը եւ ի՞նչ արդյունքներ է արձանագրել առաջին ամիսների գործունեության ընթացքում:

- “ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ-ն ստեղծվել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի որոշմամբ` պայմանավորված ՓՄՁ-ների կողմից օպերատիվ շտաբին ֆինանսավորվելու նպատակով ներկայացվող բիզնես ծրագրերի հոսքի աճով եւ դրանց հավակնոտ մասին մասնագիտական վերլուծության ենթարկելու եւ աջակցելու անհրաժեշտությամբ: Վարկային կազմակերպությունն իր գործունեության լիցենզիան ստացել է ՀՀ Կենտրոնական բանկից ս.թ. օգոստոսի 7-ին և կազմակերպության միակ հիմնադիրը Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է (ՓՄՁ ԶԱԿ):

Օպերատիվ շտաբը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում քննարկում է փոքր ու միջին բիզնեսի աջակցության հարցեր: Շտաբի կողմից հավանության արժանացած բիզնես-նախագծերը փոխանցվում են ՈՒՎԿ-ին, ինչից հետո վերջինս մասնագիտական որոշում է կայացնում դրանց ֆինանսավորման վերաբերյալ:

Վարկային կազմակերպությունը ներկայումս կիրառում է ֆինանսավորման 2 գործիք` ուղղակի վարկավորում, որն իրականացվում է ռուսաստանյան կայունացման վարկի միջոցների հաշվին եւ կապիտալի ֆինանսավորում, որը վարկային կազմակերպությունն իրականացնում է իր սեփական ռեսուրսների հաշվին: Ի դեպ, կազմակերպության սեփական կապիտալը կազմում է 1 մլրդ 150 մլն դրամ, իսկ ռուսաստանյան կայունացման վարկից ՓՄՁ-ների վարկավորման համար ՈւՎԿ-ին հատկացվել է 6,4 մլրդ դրամ:

Ինչպես տեսնում ենք, ֆինանսատնտեսական ճգնաժամի իրավիճակում Հայաստանի առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները տնտեսության ֆինանսավորման գործում զբաղեցրել էին ավելի պահպանողական դիրք: Մինչդեռ “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ-ն պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել համեմատաբար ռիսկային բիզնես-ծրագրեր, իհարկե` ռիսկի թույլատրելի սահմաններում:

Կազմակերպության կողմից ՓՄՁ-ներին առաջարկվող վարկերը համեմատաբար երկարաժամկետ են (մինչեւ 5 տարի), իսկ տոկոսադրույքները` գրավիչ: Վերջիններս տատանվում են տարեկան 10-ից 18%-ի սահմաներում` կախված վարկավորվող բիզնեսի առանձնահատկություններից: Բացի այդ, մեր կազմակերպությունը վարկավորում է բացառապես ՀՀ դրամով, իսկ վարկառուները հնարավորություն են ստանում առաջին 1 կամ 2 տարում օգտվել արտոնյալ պայմաններից: Մասնավորապես, նշված ժամկետներում վարկառուն կարող է չմարել վարկի մայր գումարը:

Այս պահի դրությամբ մեր ընկերությունը ստանձնել է ընդհանուր ծավալով շուրջ 1,5 մլրդ դրամի վարկավորման պարտավորություններ: Վարկերի մի մասը տրամադրել ենք փուլերով եւ այսօրվա դրությամբ վարկառուններին փաստացի տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 750 մլն դրամ: Ներկա դրությամբ ընկերությունը վարկավորել է 5 համեմատաբար խոշոր բիզնես-ծրագրեր եւ քննարկման տարբեր փուլերում են գտնվում եւս 15-ը:

- Ընկերությունների կապիտալի ֆինանսավորման գործառույթը մինչ այդ իրականացնում էր ՓՄՁ ԶԱԿ-ը: Ի՞նչ առաջընթաց է արձանագրել “ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ-ն այս գործընթացում:

- Այժմ մենք քննարկում ենք 3-4 նման իրատեսական ծրագրեր: Այս ուղղությամբ մեզ դիմած ընկերությունների մի մասը հրաժարվել է կապիտալի ֆինանսավորման գաղափարից` հասկանալով նման ճանապարհով ֆինանսավորվելու համար պահանջվող քայլերի աշխատատարությունը, ժամանակատարությունը, որոշ դեպքերում նաեւ բարդությունները: Կապիտալի ֆինանսավորում ստանալ ցանկացող ընկերությունը պետք է անցնի ֆինանսական իրավիճակի վստահելիության գնահատում (due diligence), իրականացնի բիզնեսի գնահատում (business evaluation) եւ ներդնի կորպորատիվ կառավարման սկզբունքներ: Բացի այդ, մեր պայմաններով, ընկերությունը պետք է վերակազմավորվի փակ բաժնետիրական ընկերության: Մեր մասնակցությունը ընկերության կապիտալում պետք է լինի ժամանակավոր եւ չգերազանցի կապիտալի 49%-ը: 

Այս ամենը ժամանակատար եւ ծախսատար գործընթաց է, եւ ընկերությունները սովորաբար խուսափում են դրանից` նախընտրելով ֆինանսավորում ստանալ վարկավորման ճանապարհով:

- Այնուամենայնիվ, ՓՄՁ ԶԱԿ-ի պրակտիկայում կան կապիտալի ֆինանսավորման հաջողված օրինակներ:

- ՓՄՁ ԶԱԿ-ը նույնպես անցել է կապիտալի ֆինանսավորման նշված ճանապարհով, եւ հաջողությամբ ֆինանսավորել է նոր ստեղծված կամ կայացման ճանապարհին գտնվող մի շարք կազմակերպությունների կապիտալներ: Իհարկե, այս փուլերում գտնվող ընկերությունների նման ֆինանսավորման գործընթացը համեմատաբար ավելի սահուն է ընթանում:

Այս պահին “ՓՄՁ ներդրումներ” ունիվերսալ վարկային կազմակերպությունից կապիտալի ֆինանսավարման ճանապարհով ֆինանսավորում ակնկալող  ընկերությունները հիմնականում լուծել են ֆինանսավորման այս եղանակին խոչընդոտող առկա տեխնիկական խնդիրները եւ հավանաբար կֆինանսավորվեն մեր կողմից: Դրանք բոլորը միջին չափի ընկերություններ են:

- Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն ընկերությունները` “ՓՄՁ ներդրումների” կողմից վարկավորում ստանալու համար:

- Մեր առաքելությունն է` աջակցել տեղական արտադրությանն ու արտահանմանը, ինչպես նաեւ խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը: 

Մեր կողմից ֆինանսավորվել են սննդարդյունաբերության, հաստոցաշինության, էլեկտրասարքերի արտադրության, քարերի մշակման եւ դեղագործության ոլորտներում գործող ձեռնարկություններ, որոնց արտադրանքի մի մասն արտահանվում է:   

Օրինակ, մեր կողմից ֆինանսավորում ստացած ընկերությունների թվում է Հայաստանի դեղագործական ոլորտի առաջատար “Լիկվոր” ընկերությունը, որին վարկ էր անհրաժեշտ` GMP չափանիշներին համապատասխանող արտադրական մասնաշենք կառուցելու եւ արտադրության տեսականու ու ծավալների ընդլայնման համար:

- Ինչու՞ է Հայաստանի դեղագործական ոլորտի առաջատարի համար ավելի նախընտրելի համագործակցել “ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ-ի եւ ոչ որեւէ առեւտրային բանկի հետ:

- Որովհետեւ մեր վարկային տոկոսադրույքներն ավելի ցածր են, վարկերն ավելի երկարաժամկետ են ու դրամային, եւ մենք սահմանել ենք վարկի մարման արտոնյալ ժամանակահատված: Այս վերջին հանգամանքը հատկապես կարեւոր էր “Լիկվորի” համար, քանի որ նշված ընկերությունը ստացված վարկային միջոցներն ու իր ընթացիկ շահույթն ուղղում է շինարարական եւ արտադրության ընդլայնման նախապատրաստական աշխատանքներին:      

- Կարո՞ղ են արդյոք “ՓՄՁ ներդրումներից” վարկավորում ստանալ սկսնակ ընկերությունները:   

- Նորաստեղծ ընկերության հետ համագործակցելը սովորաբար իր մեջ մեծ ռիսկ է պարունակում, այդ իսկ պատճառով սկսնակ բիզնեսները մեզ համար սահմանափակ ֆինանսավորման ուղղություններ են: Սակայն եթե ընկերությունը նախատեսում է զարգացնել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ եւ համապատասխանում է մեր առաքելությանն ու չափանիշներին, ապա այն եւս կարող է օգտվել մեր աջակցությունից: 

Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք մյուս ֆինանսական կառույցների հետ միասին գործում ենք նույն օրենսդրական ու վերահսկողական դաշտում, հետեւաբար, կան ռիսկի թույլատրելի սահմաններ, որոնց անտեսելը վտանգավոր է:

- Պետության կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման մասին խոսելիս, շատ տնտեսագետներ նշում են, որ թեեւ կառավարությունը ներգրավել է մեծածավալ միջոցներ ՓՄՁ-ների զարգացման համար, սակայն այս միջոցները բավականաչափ չեն սպառվում լավ բիզնես-նախագծերի բացակայության պատճառով: Հանդիպու՞մ են արդյոք այս խնդիրները “ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ-ին:

- Այո, հատկապես ՈւՎԿ-ի գործունեության սկզբնական շրջանում մեզ հաճախ էին ներկայացնում անիրատեսական բիզնես-ծրագրեր, որոնք որեւէ կապ չունեին դրանք ներկայացնող տնտեսվարողի փաստացի իրավիճակի հետ:

Այժմ արդեն հասարակության մեջ հասունանում է այն միտքը, որ վարկը նվեր չէ, այլ աջակցություն, որը պետք է պատշաճ կերպով հատուցվի:

- Ի՞նչ ծրագրեր ունի վարկային կազմակերպությունը հաջորդ տարվա համար:

- 2010-ին նախատեսում ենք մեծացնել մեր վարկային եւ ներդրումային պորտֆելները ու համալրել կազմակերպության աշխատակազմը նոր որակյալ մասնագետներով: Մինչեւ հաջորդ տարեվերջ նախատեսում ենք մեր վարկային և ներդրումային պորտֆելների չափերը հասցնել համապատասխանաբար մինչեւ 4,5 մլրդ եւ 1 մլրդ դրամի:

Դիտում՝ 19089
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW