Impacture 2026. Բիզնեսը, բարեգործությունը, ԿՍՊ-ն, «մի դրամն» ու մեծ արդյունքը

27.05.2026 | 08:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2026 թվականի մայիսի 26-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունն անցկացրեց Impacture 2026 կոնֆերանսը, որտեղ քննարկվեցին բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին (impact investments) վերաբերող հարցեր: 

Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն էին Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն: 

Կոնֆերանսի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարեգործություն, CSR եւ հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում»

Քննարկման մասնակիցներն էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ Նազարեթ Սեֆերյանը, «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Վաչե Վարդանյանը եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհանիսյանը: 

Շարմաղ Սաքունցը

Քննարկումը վարում էր ԱՊՐԻ Արմենիա-ի Ֆոնդհայթայթման մասնագետ, Fundraisers Club Armenia-ի ղեկավար Շարմաղ Սաքունցը:

Բարեգործության եւ ԿՍՊ տարանջատումը

Մհեր Աբրահամյան, IDBank-ի Վարչության նախագահ

Երբեմն իսկապես դժվար է տարանջատել բարեգործությունը եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Դա անելու համար կարեւոր է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում այս երկուսը: Որպես կանոն՝ բարեգործությունը նպատակ ունի տեղային, կոնկրետ խնդիր լուծել, իսկ սոցիալական պատասխանատվությունն ավելի համակարգային մոտեցում է, որը նպատակ ունի երկարաժամկետ խնդիր լուծել:

Հիմնական տարբերությունը փիլիսոփայությունն է, իսկ ամենակարեւորը պատասխանատվություն բառն է: Պատասխանատու լինել այն միջավայրի, հասարակության հանդեպ, որտեղ բիզնես ես վարում, եկամուտ գեներացնում:

Մհեր Աբրահամյանը

Իհարկե, մենք ստեղծում ենք աշխատատեղեր, նպաստում ենք տնտեսության զարգացմանը, հարկեր ենք վճարում եւ կարող է թվալ, որ այս ամենն անելով՝ հավելյալ պարտավորություններ կարող ենք չստանձնել: Բայց պատասխանատու լինելը, քո հաջողության պտուղներով կիսվելը կարեւոր է: 

2025 թվականին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն՝ առեւտրային կառույցները կարող են պետական կրթական հաստատություններին կատարվող նվիրատվությունների չափով նվազեցնել շահութահարկը՝ իրենց համախառն եկամտի մինչեւ 2,5%-ի չափով:

Հարկային օրենսդրությունն ու պետության կողմից վարվող քաղաքականությունը կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ այս ոլորտի վրա, բայց չեմ կարծում, որ դա կարող է շարժիչ ուժ դառնալ: Հարկային քաղաքականությունը կամ այլ կարգավորումները կարող են խրախուսել, նպաստել կամ ավելի դժվարացնել դրա իրականացումը, բայց չեն կարող վճռորոշ ազդեցություն ունենալ: 


Վերջերս  շատ արժեքավոր ծրագիր ենք իրականացրել ԵՊՀ-ում՝ արցախցի 103 ուսանողի կրթաթոշակ տրամադրելով: Այս ծրագիրը չենք արել հարկային փոփոխության արդյունքում, այն 2024 թվականի արցախցի մեր հայրենակիցների համար գործարկված «Կողք կողքի» ծրագրի մաս է կազմել:

Նազարեթ Սեֆերյան, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ

Բիզնեսի համար ամենակարեւոր հարցերից մեկը երկարաժամկետ պլանավորումն է, որի ընթացքում տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք այդ բիզնեսի շարունակական զարգացման համար կարող են ռիսկեր ներկայացնել: 

Նազարեթ Սեֆերյանը

Կորպորատիվ պատասխանատվության դեպքում այս խնդիրները դիտարկվում են բիզնես տեսանկյունից եւ ներառում են դրանց ռազմավարական կապը բիզնեսի հետ: Այսինքն՝ ԿՍՊ դեպքում բիզնեսն այնպիսի խնդիրներ է իր առաջ դնում, որոնք կապ ունեն ե՛ւ իր, ե՛ւ հասարակության հետ:

Հիմնադրամների եւ բիզնեսի «հանդիպումը»

Վաչե Վարդանյան, «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն 

2020 թվականից հետո՝ տարբեր իրավիճակներով պայմանավորված, մեր երկրում ավելացել է հիմնադրամների թիվը: Կան լավ հիմնադրամներ՝ լավ թիմերով, որոնք չեն կարողանում գումար հավաքագրել: 

Վաչե Վարդանյանը

Մեր փորձից կարող եմ ասել, որ շատ կարեւոր է հիմնադրամի գործունեությունը գրագետ ներկայացնելը: Երբ որեւէ ընկերություն որեւէ հիմնադրամից նամակ է ստանում, սկսում է որոնել համացանցում, որպեսզի տեսնի, թե տվյալ հիմնադրամն ինչով է զբաղվում, արդյո՞ք որեւէ աֆիլացում ունի եւ այլն: 

Իրինա Փահլեւանյանը

«Հայորդի»-ի եւ IDBank-ի համագործակցության օրինակը կարող եմ բերել: Իմ ընկերները, գաղափարակից մարդիկ ասում են, որ տեղյակ լինելով, որ «Իդրամը» աջակցում է մեր հիմնադրամին, նախընտրում են վճարումներ կատարել այդ թվային հարթակի միջոցով, քանի որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով յուրաքանչյուր գործարքից հատկացվում է բարեգործությանը: Եվ էական չէ, թե տվյալ ամսվա ընթացքում աջակցությունը որ հիմնադրամին է ուղղվում:

Լարիսա Հովհանիսյան, «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն 

Ես էլ պետք է նշեմ IDBank-ը եւ «Իդրամ»-ը, քանի որ իրենք Հայաստան մասնավոր հատվածի առաջին ներկայացուցիչներն էին, որ սկսեցին աշխատել մեզ հետ: Եվ այդ համագործակցությունը ծավալվում է իրական գործընկերության ոգով:

Լարիսա Հովհանիսյանը եւ Վաչե Վարդանյանը

 «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն այսօր համագործակցում է նաեւ տեխնոլոգիական ոլորտի հետ: Նրանցից գումար չենք խնդրում, այլ առաջարկում ենք, որ իրենց լավագույն աշխատողներին տրամադրեն, որոնք իրենց աշխատանքին զուգահեռ կդասավանդեն համայնքներում:

«Մի դրամի ուժը»
 
Մհեր Աբրահամյան, IDBank-ի Վարչության նախագահ

«Մի դրամի ուժը» դասական ԿՍՊ օրինակ է եւ, կարծում եմ, ոլորտում որոշակի մշակույթ է փոխել: 

«Մի դրամի ուժը» գործունեության 6 տարվա ընթացքում 50-ից ավելի հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների հետ է համագործակցել եւ շուրջ 300 մլն դրամից ավելի գումար է հատկացրել: 

Մհեր Աբրահամյանը

Մենք վստահ ենք, որ փոքր քայլերով, փոքր ռեսուրսներով, 1 դրամով կարելի է բազմաթիվ կարեւոր գործեր անել, փոխել մարդկանց կյանքի որակը, միջավայրը, բնությունը: Կարեւոր է նաեւ, թե ով է իրականացնում այդ ծրագրերը: Անհրաժեշտ են հուսալի գործընկերներ, որոնք կարող են կյանքի կոչել իրենց նպատակները: Մեկ բան է լավ ցանկություններ ու նպատակներ ունենալ, այլ բան է դրանք իրականացնել: 


Մենք ունենք մի շարք չափանիշներ եւ դրանց միջոցով խորը ուսումնասիրում ենք այն կազմակերպություններին, որոնց հետ մտադիր ենք համագործակցել:

Հանրօգուտ ներդրումները

Նազարեթ Սեֆերյան, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ

Դասական ներդրում դիտարկելիս ամենակարեւոր հարցը միջոցների վերադարձն է: 
Բայց երբ խոսում ենք հանրօգուտ ներդրումների մասին, ֆինանսական վերադարձը գործոններից միայն մեկն է: Շատ կարեւոր է հասկանալ եւ հաշվարկել սոցիալական կամ բնապահպանական ազդեցությունը, որը կլինի այդ ներդրման արդյունքում: 
Այստեղ խոսքը սոցիալական ձեռնարկությունների մասին է, որոնք ստեղծվել են սոցիալական կամ բնապահպանական խնդիր լուծելու նպատակով: Սա կարեւոր ուղղություն է մեր երկրի համար: 

Նազարեթ Սեֆերյանն ու Վաչե Վարդանյանը

Շատ կարեւոր է նաեւ սպառողի մտածելակերպը: Պետք է յուրաքանչյուրս հասկանանք՝ որպես սպառող ամեն օր ընտրություն ենք կատարում, ընտրում ենք այս կամ այն ընկերությունը եւ մասնակցում սոցիալական ազդեցությանը: 

Զգայուն հարցերը

Վաչե Վարդանյան, «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն 

Միջազգային կազմակերպությունները խուսափում են ավելի տեղային, ազգային գաղափարներ ֆինանսավորել, չնայած, որ մեր ծրագրերը հիմնականում հումանիտար, սոցիալ-հոգեբանական բնույթի են:

Դրամահավաքի ժամանակ տարբեր խնդիրների ենք առնչվում: Օրինակ՝ հիմա քարոզարշավ է ընթանում եւ մեր հերթական ամառային ճամբարի դրամահավաքը թողել ենք ընտրություններից հետո: 

Վաչե Վարդանյանը

Մեր նման հիմնադրամները պետք է շատ ուշադիր լինեն իրենց խոսքում շահառուների հետ աշխատանքում, քանի որ մեր ուղղվածությունը շատ զգայուն է թե՛ շահառուների, թե՛ բիզնեսի համար: Շատ բիզնեսներ՝ լսելով «պատերազմ» բառը, այն ընկալում են որպես քաղաքական եզրույթ, այլ ոչ թե հումանիտար ու սոցիալական խնդիր: Սա ի նկատի ունենալով՝ 6 տարվա ընթացքում փոփոխությունների ենք ենթարկել մեր մեդիա արշավները, ծրագրերի փաթեթավորումը եւ կարողացել ենք առաջ շարժվել:

Միմյանցից սովորելը

Մհեր Աբրահամյան, IDBank-ի Վարչության նախագահ

Կարծում եմ՝ հիմնադրամները եւ հասարակական կազմակերպությունները սկսել են հասկանալ, որ միայն «մեյլ» գրելով հաջողություն չեն ունենա: Նրանք դառնում են ավելի պատասխանատու, կազմակերպված, թիրախային եւ արդյունքի միտված: 

Մենք էլ սովորել ենք ավելի ճիշտ գնահատել այդ կարիքները եւ հասկանալ, թե այսօր մեր երկրին ու թիրախային խմբերին ինչ է ավելի շատ անհրաժեշտ: 

Նազարեթ Սեֆերյան, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ

Կարեւոր է, որ բիզնեսները խոսեն կորպորատիվ պատասխանատվության ռազմավարական մոտեցումների մասին, որ լայն հանրությունը սկսի հասկանալ՝ թե ինչ է համակարգված մոտեցումը եւ ոչ թե մտածի՝ բիզնեսն ավելորդ գումար ունի եւ պետք է այստեղ կամ այնտեղ ծախսի: 


Կարեւոր են նաեւ չափման մեխանիզմները: Բավարար չէ արձանագրել, որ այս կամ այն ծրագրի արդյունքում, օրինակ, 50 երիտասարդ վերապատրաստում անցավ: Պետք է փորձել հասկանալ, թե արդյունքում ինչ փոխվեց այդ 50 երիտասարդի կյանքում, նրանցից քանիսը՞ իրական օգուտ քաղեցին ծրագրից:

Վաչե Վարդանյան, «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն

Շատ ընկերություններ՝ մերժելով հիմնադրամների դիմումը, չեն մանրամասնում, թե որն է մերժման պատճառը: Կարծում եմ, որ պատճառների ներկայացնումը կօգնի հիմնադրամներին հաջորդ անգամ հաշվի առնել նախորդ անհաջող փորձը:

Ինքս սովորել եմ ճանաչել նաեւ բիզնեսի շահը: Հաճախ ինձ դնում եմ այս կամ ընկերության ղեկավարի տեղում եւ մեր բարձրացված հարցերին փորձում եմ նայել իր տեսակետից: 

Կարդեցեք նաեւ.

Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի անվան մրցանակներ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաներին

Բոլորիս «ծննդյան վկայական» Մատենադարանն եւ նրա գաղափարակիցները

Ռալֆ Յիրիկյանը՝ պատասխանատվության, մարզերի զարգացման եւ սփյուռքի ներուժի մասին

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Դիտում՝ 5401

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW