ԵՊՀ երկրաբան ուսանողների փորձը եւ «Լիդիան Արմենիա»-ի հետ գործակցությունը

12.05.2026 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Լավագույն երկրաբանները պատրաստվում են դաշտային աշխատանքներում»,- այս մասին վստահեցնում է ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։ Այս նպատակով ֆակուլտետի ուսանողների գործնական պատրաստվածության բարձրացման գործում կարեւոր դեր է ստանձնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որի հետ ԵՊՀ-ն համագործակցում է ավելի քան 3 տարի։


2026 թվականի մայիսի 12-ին ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում կայացած «Երկրաբանություն» մասնագիտության բակալավրիատի ուսանողների պետական ավարտական քննության ընթացքում դեկանը եւս մեկ անգամ ընդգծեց ոլորտի առանձնահատկություններն ու լավ մասնագետներ ունենալու անհրաժեշտությունը:

«Երկրաբանություն մասնագիտությունն ունի մի շարք առանձնահատկություններ, եւ թերեւս ամենակարեւորներից մեկն այն է, որ առանց գործընկերոջ ներգրավվածության այս ոլորտում անհնար է պատրաստել լավագույն մասնագետներ»,- նշեց նա:

Սարգիս Քելյանի խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը բազմաբովանդակ է. «Սկսել ենք ուսանողների մասնագիտական պրակտիկաներից: Նրանք պրակտիկա են անցնում ընկերության տարածքում, եւ լավագույնները աշխատանքի են անցնում ընկերությունում։ Այսօր արդեն շուրջ 7 ուսանող, որպես երկրաբաններ,  բավականին բարձր վարձատրությամբ աշխատում են ընկերությունում՝ համատեղելով աշխատանքը եւ ուսումը։ 15 օր աշխատում են դաշտում, 15 օր մասնակցում դասապրոցեսին»:

Սարգիս Քելյանը

«Լիդիան Արմենիա»-ի հետ համագործակցության մյուս ուղղությունը միջազգային մասնագետների ներգրավումն է ֆակուլտետում։ 

«ԵՊՀ-ում ընթանում են կրթական ծրագրերի հավատարմագրման աշխատանքներ, եւ մենք խնդրել ենք ընկերությանը ներգրավել արտասահմանյան մասնագետների, որպեսզի նրանք գնահատեն կրթական ծրագիրը եւ նշեն դրա թույլ կողմերը՝ միջազգային հավատարմագրմանը պատրաստ լինելու համար»,- տեղեկացրեց դեկանը։


Համագործակցության մեկ այլ կարեւոր ուղղություն է լավագույն ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի խրախուսումը՝ ԽՍՀՄ եւ ՀՀ կրկնակի պետական դափնեկիր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Ալոյանի հիմնադրամի դրամական մրցանակներով, ինչը լրացուցիչ մոտիվացիա է ուսանողների համար: 

«Այս համագործակցության արդյունքում նաեւ փոխվում է այն կարծրատիպը, թե երկրաբանությունը դժվար եւ քիչ վարձատրվող մասնագիտություն է։ Դրա մասին վկայում են նաեւ այս տարվա ընդունելության ցուցանիշները: Եթե 3 տարի առաջ ունեինք 3-4 դիմորդ, ապա այս տարի արդեն ունենք մրցույթ՝ 15 տեղի համար դիմել է 20 ուսանող։ Այս տենդենցը շարունակվելու դեպքում կդիմենք ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանված տեղերն ավելացնելու համար։ Գործընկերների աջակցության շնորհիվ ուսանողները չունեն ուսման վարձի խնդիր: Սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողները դուրս չեն մնում համալսարանից, քանի որ ուսման վարձը փոխհատուցվում է, ինչպես նաեւ տրամադրվում են կրթաթոշակներ՝ նրանց ծախսերը հոգալու համար»,- տեղեկացրեց Սարգիս Քելյանը։

Հայկ Ալոյանը

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընդգծեց, որ վերջին 3 տարվա ընթացքում հանքարդյունաբերության ոլորտի գրեթե բոլոր մասնակիցները ներդրումներ են իրականացնում ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում՝ գիտակցելով, որ ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից։

«Այս նույն տրամաբանության շրջանակում «Լիդիան Արմենիա» ընկերությունը նույնպես իրականացնում է ներդրումներ՝ դասընթացների, վարպետության դասերի եւ ֆինանսական աջակցության միջոցով՝ նպատակ ունենալով ֆակուլտետին տալ նոր շունչ եւ զարգացնել այն ուղղությունը, որը 90-ականներից հետո ժամանակի ընթացքում նվազել էր եւ միայն վերջին 3-4 տարիներին սկսել է վերականգնվել»,- նշեց նա։


«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ ոլորտի զարգացումն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, եւ ինչպես անձնական նախաձեռնություններով, այնպես էլ Պետրոս Ալոյանի կրթական հիմնադրամի միջոցով փորձում է աջակցել ֆակուլտետին՝ նպաստելով ուսանողների որակյալ կրթության ապահովմանը։

«Մեր համագործակցության արդյունքը տեսանք նաեւ այսօրվա ավարտական քննության ժամանակ: Այն, ինչ այսօր ներկայացրեցին ուսանողները, նույնիսկ մասնագետների համար էր ուսուցանող եւ արժեքավոր տեղեկատվություն»,- հավելեց նա։


Այսօր ավարտական քննություն հանձնած ուսանողների թվում էին նաեւ «Լիդիան Արմենիա»-ում կես տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող Վիլեն Ղազարյանը եւ Տիգրան Պողոսյանը։ Վերջինս նաեւ արժանացավ Պետրոս Ալոյանի կրթական հիմնադրամի մրցանակին։

Տիգրանը նշում է, որ երկրաբանի մասնագիտության ընտրության հարցում ունեցել է անձնական մոտիվացիա․ «Քեռիս երկրաբան է եղել, եւ փոքր ժամանակ հաճախ էր պատմում այդ մասնագիտության մասին, ցույց տալիս տարբեր միներալներ։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի հետաքրքրվել եւ սիրել այս ոլորտը, որը հաճախ շրջապատված է տարբեր միֆերով եւ կարծրատիպերով, սակայն դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Մեր նեղ մասնագիտական համայնքը բավականին համախմբված է, մարդիկ աջակցում են իրար: Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել եւ ընտրել երկրաբանի մասնագիտությունը»,- ասում է նա։


Տիգրանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը ռազմավարական ոլորտ է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։

««Լիդիան Արմենիա»-ում աշխատանքի ընթացքում ծանոթացել եմ միջազգային մասնագետների հետ, որոնք մեզ հետ կիսվել են իրենց փորձով, եւ ես մեծ հետաքրքրությամբ հետեւել ու սովորել եմ նրանցից»,- հավելում է նա։


Վիլեն Ղազարյանն էլ լրացնում է ընկերոջը․ «Լիդիանում աշխատանքը մեզ փաստացի հնարավորություն է տվել համալսարանում ստացած գիտելիքները կիրառել գործնականում։ Ինչքան էլ լավ սովորենք, գիտելիքը գործի մեջ կիրառելը անհրաժեշտ է մասնագիտությունն ամբողջությամբ հասկանալու համար։ Այս առումով «Լիդիան»-ը մեզ համար ապահովել է անցում դեպի գործնական փորձ»։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW