Թրամփի աջակցությունը կրիպտոարժույթներին թուլացնում է ամերիկյան հզորությունը

28.04.2026 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջայաթի Գոշը Հռոմի ակումբի Տրանսֆորմացիոն տնտեսագիտության հանձնաժողովի անդամ է եւ Միջազգային կորպորատիվ հարկման բարեփոխումների անկախ հանձնաժողովի համանախագահը։

Ջայաթի Գոշ 

Ուրոբորոսը՝ սեփական պոչը ուտող օձի հնագույն պատկերը, վաղուց խորհրդանշում է այնպիսի ռազմավարություններ, որոնք տանում են ինքնաքայքայման։ Այդ իսկ պատճառով այն շատ տեղին փոխաբերություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս քաղաքականությունը բնութագրելու համար։ Նրա անմիտ եւ անօրինական պատերազմը Իրանի դեմ դրա ամենացայտուն օրինակն է: Սակայն Թրամփի վարչակազմի ակտիվ աջակցությունը կրիպտոարժույթներին նույն ինքնաքայքայման միտման ավելի նուրբ ու դանդաղ զարգացող դրսեւորումն է։ 

Ի տարբերություն ավանդական արժույթների, կրիպտոարժույթները, որպես կանոն, օրինական վճարամիջոց չեն եւ չունեն պետական աջակցություն: Դրանց գինը մեծապես որոշվում է շուկայական պահանջարկով՝ պայմանավորված նրանով, որ կրիպտոարժույթները հնարավորություն են տալիս հետեւել գործարքներին եւ շրջանցել կանոնակարգերը, հարկերն ու իրավական վերահսկողությունը։ Այս հանգամանքը կրիպտոարժույթները գրավիչ է դարձնում ոչ միայն սպեկուլյանտների համար, որոնց գործունեությունը նպաստում է դրանց ծայրահեղ անկայունությանը, այլեւ հանցագործների եւ այլ չարագործների համար։

Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփն իրեն ներկայացնում է որպես այդ ոլորտի  ամենաակնառու պաշտպաններից մեկը, ինչի մասին վկայում են խոշոր կրիպտո ներդրողների կողմից նրա քարոզարշավին արված հսկայական նվիրատվությունները, ինչպես նաեւ նրա սեփական գործարար շահերը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Թրամփի ընտանիքի անդամները մոտ 5 միլիարդ դոլար են վաստակել տարբեր կրիպտոարժույթների հետ կապված սխեմաներից:


Այս շահերը սպասարկելու համար Թրամփի վարչակազմը ագրեսիվ կերպով ապակարգավորել է կրիպտո շուկաները՝ միաժամանակ խթանելով դոլարին կցված ստեյբլքոինները այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսին է GENIUS Act-ը (ԱՄՆ կայուն մետաղադրամների համար ազգային նորարարությունների ուղղորդման եւ հաստատման մասին օրենք)։ Միեւնույն ժամանակ, վարչակազմը մերժել է կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) մշակումը՝ որպես կրիպտոարժույթի ավելի կայուն եւ կարգավորվող այլընտրանք, որն արդեն ուսումնասիրվում կամ ներդրվում է այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Չինաստանն է:

Նման քայլերը, թուլացնելով կարգավորող վերահսկողությունը, նոր ֆինանսական ռիսկեր են առաջացրել: Կրիպտո ընկերությունների դեմ կիրառվող հարկադիր գործողությունները կրճատվել են, նույնիսկ այն դեպքերում, երբ առկա են ակնհայտ խախտումներ։ Դրա վառ օրինակն է Թրամփի ընտանիքի հետ գործարար կապեր ունեցող Binance ընկերությունը, որի հիմնադիր Չանգպեն Չժաոն մեղավոր է ճանաչվել փողերի լվացմանը նպաստելու համար եւ դատապարտվել չորս ամսվա ազատազրկման, սակայն հետագայում ներում է ստացել Թրամփի կողմից: Այս քայլը, հավանաբար, քաջալերել է կրիպտո ոլորտի ամենակասկածելի մասնակիցներին՝ թուլացնելով ներդրողների պաշտպանությունն ու ֆինանսական կայունությունը:

Սակայն Թրամփի կրիպտո ոլորտին աջակցող օրակարգի հետեւանքները դուրս են գալիս ֆինանսական շուկաների սահմաններից։ Կրիպտոարժույթները ստեղծում են այլընտրանքային ֆինանսական ենթակառուցվածք, որը կարող է օգտագործվել տնտեսական պատժամիջոցներից խուսափելու համար, իսկ պատժամիջոցները Միացյալ Նահանգների՝ այլ երկրներին ահաբեկելու նախընտրելի գործիքն են։ Կրիպտոարժույթների տարածումը նաեւ հստակ սպառնալիք է ներկայացնում դոլարի համաշխարհային գերիշխանությանը։

Այս առումով կրիպտոարժույթները դարձել են աշխարհաքաղաքական Ուրոբորոս։ Դրանց բնորոշ առանձնահատկությունը՝ անթափանցիկությունը, անհամաչափորեն նպաստել է ԱՄՆ-ի հակառակորդների շահերին։ Միայն 2025 թվականին անօրինական կրիպտոարժութային գործարքները աճել են ավելի քան 160%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նման երկրների ներգրավվածությամբ։ Թրամփի վարչակազմի կողմից դոլարին կցված ստեյբլքոինների աջակցությունը ավելի է արագացրել այս միտումը։


Ռուսաստանը առաջիններից էր, ով օգտվեց այդ հնարավորությունից։ Երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սառեցրեց ռուսական կենտրոնական բանկի ակտիվները, երկիրը դիմեց կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին՝ տնտեսական պատժամիջոցները շրջանցելու, Ղրղզստանի նման միջնորդ երկրների միջոցով զգայուն ապրանքների վերաարտահանումը հեշտացնելու եւ Ուկրաինայում տեղակայված ցածրարժեք ռազմական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը ֆինանսավորելու համար։

Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը սկսել է պաշտոնականացնել այս մոտեցումը։ 2024 թվականի հուլիսին ՌԴ Դուման օրինականացրեց կրիպտոարժույթների օգտագործումը միջազգային հաշվարկներում։ Մեկ ամիս անց նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կրիպտո մայնինգի օրինականացման մասին, ինչը Թրամփի վարչակազմը նույնպես խթանել է ԱՄՆ-ում։

Նույնը այժմ տեղի է ունենում Իրանում։ Երբ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի վերջին սկսեցին պատերազմը, իրանական ռեժիմն արդեն ընդլայնել էր կրիպտոարժույթների օգտագործումը։ 2025 թվականի դրությամբ Իրանի կրիպտո հատվածը գնահատվում էր 7.8 միլիարդ դոլար, ընդ որում ներհոսքերի կեսից ավելին բաժին էր ընկնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված կազմակերպություններին։

Բոլորովին վերջերս Իրանը կրիպտոարժույթները դարձրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ջանքերի առանցքային բաղադրիչը՝ նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց նավթ տեղափոխող ընկերություններից գանձելով 1 դոլար։ Նեղուցով անվտանգ անցնելու համար գումարը կարելի էր վճարել յուանով, Bitcoin-ով կամ Tether կայուն կրիպտոարժույթով: Այս ամսվա ընթացքում մեկ օրում նեղուցով անցել է 15-18 տանկեր, ինչը մեկ նավի հաշվարկով կազմում է 2 միլիոն դոլար, որի արդյունքում ծանր դրության մեջ հայտնված իրանական ռեժիմը ստացել է մոտավորապես 36 միլիոն դոլար։

Այլ կերպ ասած, այս ռազմավարական ծովային անցակետը վերածվել է կրիպտո գործարքների կենտրոնի։ Այս գործարքներից մի քանիսը, ըստ որոշ տեղեկությունների, իրականացվել են TRON բլոկչեյնով, որը վճարումները կարող է մշակել երեք վայրկյանից  պակաս ժամանակում: Չինացի մշակող Ջասթին Սանի կողմից հիմնադրված TRON-ը նույնպես կապված է Թրամփի ընտանիքի հետ առնչվող ձեռնարկությունների հետ:


Միասին այս զարգացումները վկայում են ուշագրավ տեղաշարժի մասին։ ԱՄՆ քաղաքականությունը, որը ձեւավորվել է կրիպտոֆինանսավորողների կողմից եւ իրականացվել է նորարարության անվան տակ, ընդլայնել եւ օրինականացրել է ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։ Դժվար է չնկատել հեգնանքը։ Դաժան հակամարտության մեջ հայտնված իրանցիների եւ ամբողջ աշխարհում սովորական մարդկանց համար, ովքեր բախվում են էներգակիրների եւ սննդամթերքի գների բարձրացմանը, հետեւանքները չափազանց իրական են։

Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկը հայտնել է, որ գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 5353

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW