Լաուրա Կարվալյոն Բաց հասարակության հիմնադրամների տնտեսական եւ կլիմայական բարգավաճման բաժնի տնօրենն է եւ Սան Պաուլոյի համալսարանի տնտեսագիտության դոցենտ։Լաուրա Կարվալյո Հորմուզի նեղուցի փակումը առաջացրել է այն, ինչը Արժույթի միջազգային հիմնադրամը անվանում է «գլոբալ, բայց ասիմետրիկ» խափանում՝ խաթարելով նավթի մոտ մեկ քառորդի, հեղուկ բնական գազի մեկ հինգերորդի եւ պարարտանյութերի մատակարարման մեկ երրորդի հոսքը։ Էներգիայի եւ պարարտանյութերի գները բարձրացել են, մատակարարման շղթաները վերաուղղվել են, իսկ ֆինանսական պայմանները ամբողջ աշխարհում անհավասարաչափ խստացել են։Ամենաշատը տուժել են ներմուծումներից կախում ունեցող Ասիայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի որոշ հատվածների տնտեսությունները, որոնցից շատերը բախվել են պարտատոմսերի սպրեդների աճին եւ վարկային վարկանիշների իջեցմանը։ Մինչ կենտրոնական բանկերը քննարկում են, թե ինչպես արձագանքել վառելիքի եւ սննդամթերքի գների աճին, համաշխարհային տոկոսադրույքների բարձրացումը ճնշում է զարգացող երկրների առանց այն էլ սահմանափակ հարկաբյուջետային եւ քաղաքականության հնարավորությունները։ Սակայն, եթե «Հորմուզի ցնցումը» բացահայտեց տնտեսական խոցելիությունները, այն նաեւ ընդգծեց մեկ այլ բան՝ ցնցումներին դիմակայելու հարցում երկրների միջեւ առկա կտրուկ տարբերությունները։ Այսօր աշխարհում ամենացայտուն բաժանարար գծերից մեկը ոչ միայն նավթ արտահանող եւ նավթ ներմուծող երկրների միջեւ է, այլ այն երկրների, որոնց էներգետիկ համակարգերը նրանց խոցելի են դարձնում, եւ այն երկրների, որոնք սկսել են ամրապնդել իրենց էներգետիկ դիմադրողականությունը դեռեւս ճգնաժամից շատ առաջ:Իսպանիայի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացված հեղափոխությունը ամենավառ օրինակն է այն բանի, թե ինչն է իրականում հնարավոր։ Քամու եւ արեւային էներգիայի արագ աճի շնորհիվ նվազել է այն ժամերի մասնաբաժինը, երբ գազը ձեւավորում է էլեկտրաէներգիայի գինը ներքին շուկայում՝ 2019 թվականի 75%-ից մինչեւ ընդամենը 19%՝ 2025 թվականին։ Սա գազից կախում ունեցող եվրոպական խոշոր էներգետիկ շուկաների շարքում ամենակտրուկ անկումն է։ Մինչ Գերմանիայում եւ Իտալիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գները «Հորմուզի ցնցման» ժամանակ զգալիորեն գերազանցել են 150 եվրոն (177 դոլար) մեկ մեգավատ-ժամի համար, կանխատեսվում է, որ 2026 թվականին Իսպանիայում միջին մեծածախ գինը կկազմի 60–70 եվրո/ՄՎտժ։Բրազիլիայի ընդարձակ կենսավառելիքի ենթակառուցվածքը նմանատիպ պաշտպանական բուֆեր է ապահովել, թեեւ այլ ճանապարհով։ Բրազիլացի տասնյակ միլիոնավոր վարորդներ կարող են ընտրել 100% շաքարեղեգից ստացած էթանոլի կամ 30% կենսավառելիքի հետ միախառնված բենզինի միջեւ, ինչը ապահովվում է ճկուն վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների աշխարհի ամենամեծ պարկերից մեկի շնորհիվ։ Քանի որ տեղական բենզինը պարունակում է կենսավառելիքի զգալի մասնաբաժին, պետական էներգետիկ խոշոր ընկերության՝ Petrobras-ի կողմից վերամշակված վառելիքի գինը զգալիորեն ավելի էժան է մնացել, քան ներմուծված բենզինի համարժեքները, ինչը սպառողներին պաշտպանում է համաշխարհային նավթի գների տատանումներից: Բրազիլիայում բենզինի գները մարտ ամսին աճել են ընդամենը 5%-ով՝ համեմատած Միացյալ Նահանգներում գրանցված մոտ 30% աճի հետ, իսկ Մեքսիկայի նախագահը հրապարակայնորեն հետաքրքրություն է հայտնել Բրազիլիայի էթանոլի արտադրության տեխնոլոգիաների նկատմամբ, այդ թվում՝ ագավայի վրա հիմնված արտադրության:Չինաստանը նույնպես ավելի դիմացկուն գտնվեց, քան շատերը կարող էին ենթադրել։ Տասնամյա ներդրումներից հետո Չինաստանում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմում է էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 40%-ը՝ 10 տարի առաջ գրանցված 26% ցուցանիշի համեմատ։ Երկիրը նաեւ կուտակել է ավելի քան 1.2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ։ Արդյունքում, Goldman Sachs-ը Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է ԱՄՆ-ի համեմատ կրկնակի քիչ չափով՝ վերականգնվող էներգիայի գերիշխանությունը դիտարկելով որպես տնտեսությունը պաշտպանող գործոններից մեկը։ Լուսանկարը՝ REUTERS Զարմանալի չէ, որ էներգետիկ ոլորտի վերլուծաբանները իրանական պատերազմը բնութագրում են որպես «Ասիայի համար Ուկրաինայի պահ»։ Ինչպես 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա Եվրոպային ստիպեց նվազեցնել բնական գազից կախվածությունը, այնպես էլ Հորմուզի ցնցումը ասիական երկրներին դրդում է նվազեցնել իրենց կախվածությունը նավթից։ Ավելին, ավելի մաքուր այլընտրանքներն այժմ զգալիորեն ավելի էժան են եւ ավելի հասանելի, քան 2022 թվականին։Դասը պարզ է. խոցելիությունը կախված է կառուցվածքային եւ քաղաքական ընտրություններից, այլ ոչ թե միայն առեւտրային հաշվեկշիռներից։ Յուրաքանչյուր երկիր պետք է ինքն իրեն հարցնի, թե իր էներգետիկ համակարգի որ մասն է վերահսկում, որքանով են դիվերսիֆիկացված իր մատակարարումները եւ արդյոք այն բավարար պաշտպանիչ մեխանիզմներ է ստեղծել համաշխարհային ապրանքային շուկաների եւ սովորական մարդկանց միջեւ: Բրածո վառելիքից կախված տնտեսությունների համար, որոնք անտեսել են էներգետիկ անցումը, կա լրացուցիչ նախազգուշացում. եթե այս ճգնաժամը արագացնի այլ երկրների անցումը վերականգնվող էներգիային, ապա արժեզրկված ակտիվները եւ արտահանման շուկաների կրճատումը կարող են խորացնել ապագա ցնցումների հետեւանքները։Մինչ շատ կառավարություններ սպասում են միջազգային հաստատությունների արձագանքին, տեղում իրականությունը արագորեն փոխվում է: Միեւնույն ժամանակ, նավթ եւ գազ արտադրողների համար բացվել է հազվագյուտ հնարավորությունների պատուհան: Ինչպես պնդում են Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի տնտեսագետներ Իզաբելլա Վեբերը եւ Գրեգոր Սեմիենյուկը, բրածո վառելիքի գների ցնցումները վերաբաշխման դրվագներ են. ծախսերը դրվում են ամբողջ բնակչության վրա, մինչդեռ շահույթը հոսում է միայն բաժնետերերին: Ահա թե ինչու են շտապ անհրաժեշտ անսպասելի շահույթի հարկերը, ինչը վերջերս առաջարկել են ԵՄ հինգ երկրների ֆինանսների նախարարները։Լրացուցիչ եկամուտները կարող են ուղղվել երկու հրատապ առաջնահերթությունների իրականացմանը։ Առաջինը սպառողների պաշտպանությունն է: Էներգիայի բարձր գները ռեգրեսիվ հարկ են աղքատների համար: Առանց ակտիվ միջամտության այս ճգնաժամը կխորացնի անհավասարությունը նավթ արտահանող երկրներում, ինչպես դա տեղի է ունենում այլ վայրերում: Կարճաժամկետ սուբսիդիաները, նպատակային էներգետիկ վաուչերները եւ գների կայունացման մեխանիզմները անսպասելի եկամուտների օրինական օգտագործման ձեւեր են, քանի որ ցնցումը ժամանակավոր է, իսկ այդ եկամուտները՝ ոչ երկարատեւ։Երկրորդ առաջնահերթությունը կառուցվածքային ներդրումներն են: Պետական ձեռնարկությունները, ինչպիսին է Petrobras-ը, արդեն սկսել են ներդրումներ կատարել կենսավառելիքի եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաների մեջ, իսկ Հորմուզի ճգնաժամը կարող է նրանց լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել այդ նպատակների համար: Նմանապես, սուվերեն հարստության ֆոնդերը առաջարկում են ապացուցված մեխանիզմ՝ անսպասելի եկամուտների եւ էներգետիկ անցման երկարաժամկետ նպատակների միջեւ կապը ինստիտուցիոնալացնելու համար: Օրինակ՝ Մալայզիայի սուվերեն հարստության ֆոնդը հատկացրել է 1.5 միլիարդ մալայզիական ռինգիտ (378 միլիոն դոլար) արդյունաբերական պարկերի ածխածնազերծման համար եւ կառուցում է կանաչ ներդրումային հարթակներ՝ ուղղված վերականգնվող էներգիային, պահեստավորմանը եւ էլեկտրական շարժունակությանը (e-mobility): Ինդոնեզիայի նոր «Danantara» սուվերեն հարստության ֆոնդը պայմանագրեր է կնքել վերականգնվող էներգիայի եւ կանաչ ջրածնի օբյեկտներ զարգացնելու համար՝ ուղղակիորեն կապելով ռեսուրսային հարստությունը մաքուր տեխնոլոգիաների արժեքային շղթաների հետ: Նույնիսկ Սենեգալը, որը համեմատաբար փոքր արտադրող է, իր սուվերեն հարստության հիմնադրամի՝ FONSIS-ի միջոցով ստեղծել է Վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամ: Այն Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական եւ դրամավարկային միության տարածքում վերականգնվող էներգիայի ոլորտում բաժնային ներդրումներ է մոբիլիզացնում եւ այնպես է դիրքավորվում, որպեսզի կարողանա ուղղորդել ապագա գազային եկամուտները դեպի կանաչ արդյունաբերականացում։ Ահա թե ինչպես են երկրները խոցելիությունից անցնում դեպի ինքնուրույնություն՝ երեկվա ռենտային եկամուտները վերածելով վաղվա կապիտալի բազայի: Օգտագործել այս հնարավորությունը նշանակում է ժամանակավոր անսպասելի եկամուտները վերածել կայուն ակտիվների եւ կանաչ արդյունաբերական ռազմավարությունը դիտարկել որպես ազգային դիմադրողականության անհրաժեշտ բաղադրիչ: Այն երկրները, որոնք կգործեն հենց հիմա, հաջորդ ճգնաժամի ժամանակ կգիտակցեն այս որոշման կարեւորությունը։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկը հայտնել է, որ գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 5065