Ներկայացնում ենք Անգլիայի բանկի նախկին փոխնախագահ, Sciences Po համալսարանի պրոֆեսոր Հովարդ Դեյվիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Հովարդ Դեյվիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատության ալիք բարձրացրեց, երբ որոշեց չեղարկել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) «սպառնալիքի հայտնաբերումը». սա ապացույցների վրա հիմնված պաշտոնական հայտարարություն էր, որ ջերմոցային գազերի արտանետումները վտանգավոր են հանրային առողջության համար։ Փոփոխությունը կարող է աննշան թվալ, բայց դա ամենեւին այդպես չէ։ 2009 թվականից ի վեր այս հայտարարությունը հիմք է ծառայել EPA եւ այլ գործակալությունների կլիմայական քաղաքականության մեծ մասի համար։Ֆինանսական աշխարհի համար դրա հետեւանքներն ավելի նշանակալի են, քան թվում է առաջին հայացքից։ Ճիշտ է, այս փոփոխությունն անմիջականորեն չի ազդում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականության վրա։ Սակայն, ինչպես նշում է Թրամփը, այն կարող է նվազեցնել կարճաժամկետ ծախսային ճնշումները մեծ արտանետումներով արդյունաբերությունների համար, ինչն իր հերթին կարող է չնչին չափով նվազեցնել գնաճը։Ավելին, չեղարկումը կարող է ստիպել ԴՊՀ-ին ավելի զգուշավոր գնահատել կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության եւ ֆինանսական հատվածի վրա։ Չնայած աշխարհի կենտրոնական բանկիրների շարքում ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելին համարում են կլիմայական հարցերում հետամնաց, ԴՊՀ-ի վերահսկիչները արդեն ինտեգրել են կլիմայական գործոնները բանկային սթրես-թեստերում։ Դա այժմ կարող է փոխվել ոչ միայն չեղարկումից, այլեւ այն պատճառով, որ Քեւին Վորշը՝ Թրամփի թեկնածուն, որը կհաջորդի Փաուելին մայիսին, վաղուց դեմ է դրան՝ համարելով ԴՊՀ-ի առաքելության ընդլայնում։ Վորշը, օրինակ, ֆինանսական կայունության գնահատումներում բնութագրել է կլիմայական նկատառումները որպես «մաքսանենգության» ձեւ՝ պնդելով, որ «կենտրոնական բանկիրներն չպետք է դրանցով զբաղվեն»: ԴՊՀ-ն արդեն գրավել է 20-ից 17-րդ տեղը Green Central Banking-ի կողմից գնահատված հաստատությունների շարքում (Ռուսաստանի կենտրոնական բանկից երեք տեղով ցածր)։ Վորշի օրոք այն կհայտնվի է՛լ ավելի ցածր դիրքում: Քեւին Վորշը Ատլանտյան օվկիանոսի մյուս ափում իրավիճակը բոլորովին այլ է։ Փետրվարի 13-ին Եվրոպական կենտրոնական բանկը տուգանել է Ֆրանսիայի «Կրեդի Ագրիկոլ»-ը կլիմայական կանոնի խախտման համար, քանի որ բանկը 75 օրվա ընթացքում էականության գնահատում չի իրականացրել։ Այդ փոքրիկ սխալի համար բանկը պետք է ԵԿԲ-ին 7,5 միլիոն եվրո վճարի։ Մոտ 2,37 տրիլիոն եվրո ընդհանուր ակտիվներ ունեցող Crédit Agricole-ը կդիմանա այդ թեթեւ հարվածին։ Սակայն Եվրոպայի մյուս բանկերը սա հաշվի առան։Եվրոպական բանկերին երբեմն կարող է թվալ, թե ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդի նավում «մաքսանենգ» բեռից բացի այլ բան չկա։ Հունվարին ԵԿԲ-ն հաստատեց, որ կլիմայական ռիսկերը ամբողջությամբ ներառել է թե՛ դրամավարկային, թե՛ ֆինանսական կայունության նպատակներում, ինչով կրկին փաստեց Փարիզյան կլիմայական համաձայնագրում շարադրված արտանետումների կրճատման նպատակներին հասնելու իր հանձնառությունը։ ԵԿԲ-ն կանաչ ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը, սակայն միայն այն պատճառով, որ առաջին երեք տեղերը զբաղեցնում են եվրահամակարգի երեք բաղադրիչները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան։ Այս ոլորտում, ինչպես եւ շատ այլ ոլորտներում, կարծես օրեցօր մեծանում է տրանսատլանտյան խզումը։ Ուրեմն ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները յուրաքանչյուր իրավասության բանկային համակարգի համար։ Կարճաժամկետ հեռանկարում այս անհամապատասխանությունը կարող է համեմատական առավելություն տալ ամերիկյան հաստատություններին, քանի որ եվրոպական բանկերը կանոնակարգերին համապատասխանելու համար ավելի մեծ ծախսեր ունեն։ Կլիմայական սթրես-թեստերը եւ՛ թանկ են, եւ՛ ժամանակատար։ Բանկերը պետք է հավաքեն տվյալներ ոչ միայն իրենց արտանետումների վերաբերյալ (որոնք սովորաբար աննշան են), այլեւ այն արտանետումների, որոնք կապված են իրենց վարկերով ֆինանսավորվող նախագծերի եւ հաստատությունների հետ։ Միջին չափի բանկերի համար այս բեռն աննշան չէ։ (Խոշոր բանկերը ավելի բարձր ծախսեր են կրում, բայց ամենամեծերի համար դրանք, հավանաբար, կազմում են ընդամենը մոտ 100 միլիոն եվրո՝ անցանկալի, բայց ոչ ճակատագրական ծախս։) Ի հակադրություն դրան՝ ԱՄՆ բանկերը կրելու են շատ ավելի փոքր բեռ, քանի որ պետք է բավարարեն ԵԿԲ-ի պահանջները միայն ԵՄ-ում իրենց գործունեության մասով եւ կունենան հավելյալ կարճաժամկետ մրցակցային առավելություն՝ վարկավորելով հանածո վառելիքի արդյունաբերությունը։ Ավելին, կլիմայական ռիսկը սկսել է ներառվել նույնիսկ ԵԿԲ-ի կապիտալային պահանջների գնահատման մեջ, եւ խոսակցություններ կան հավելյալ կապիտալային պահանջներ սահմանելու մասին այն ընկերություններին վարկավորելու համար, որոնք չունեն զուտ զրոյական պարտավորություն։ ԱՄՆ-ում նման բան մոտակա ապագայում չի լինի։ Այնուամենայնիվ, ԵՄ բանկերը կարող են առավելություն ստանալ վերականգնվող էներգետիկայի ոլորտը վարկավորելու հարցում։ Այժմ, երբ նրանց խրախուսում են հրաժարվել նավթից, գազից եւ ածուխից, նրանք մասնագիտական փորձ են ձեռք բերում ապագային միտված այս արդյունաբերություններում։Երկարաժամկետ հետեւանքները հստակ չեն։ Նրանք, ովքեր վստահ են, որ կլիմայի փոփոխությունը վերափոխելու է մեր տնտեսությունները, պնդում են, որ ԵՄ-ն կունենա ավելի դիմացկուն եւ կայուն ֆինանսական հատված, եթե բանկերն ու ապահովագրական ընկերությունները նախատեսեն գլոբալ տաքացման ազդեցությունը։ Մինչդեռ ԱՄՆ բանկերը կարող են մնալ ոչ կիրառելի գրավով, եթե ապագայում հանածո վառելիքի արդյունաբերություններին արգելվի այրել այն ակտիվները, որոնցից կախված է նրանց վճարունակությունը։ Լուսանկարը՝ REUTERS Այս տեսակետի կողմնակիցները նշում են նաեւ, որ Չինաստանի Ժողովրդական բանկը այս ոլորտում ավելի եվրոպական է, քան ամերիկյան։ Ճիշտ է՝ ՉԺԲ-ն ավելի ինտեգրված է այլ քաղաքական կառույցներում, քան Արեւմուտքի կենտրոնական բանկերը. այն ակնհայտորեն չի թույլատրել կլիմայական գործոնների ազդեցությունը տոկոսադրույքների վրա կամ չի օգտագործել կապիտալային պահանջները՝ «շագանակագույն» վարկավորումը պատժելու համար: Սակայն ՉԺԲ-ն ներդրել է տոկոսադրույքների սուբսիդիաներ այն բանկերի համար, որոնք վարկավորում են «կանաչ» ոլորտները, ինչի շնորհիվ զբաղեցրել է վեցերորդ տեղը կլիմայական աղյուսակում՝ Անգլիայի բանկից մեկ աստիճանով բարձր: Հավասար մրցակցություն սիրողների համար կենտրոնական բանկերի քաղաքականության ընթացիկ տարանջատումը լավ նորություն չէ։ Կարծում եմ՝ եթե խոշոր կենտրոնական բանկերին թողնենք իրենց հայեցողության, նրանք կրկին համաձայնության գալու միջոց կգտնեն։ Սակայն տարբեր քաղաքական համատեքստերը, որոնցում նրանք գործում են, չափազանց դժվարացնում են դա՝ ստիպելով մեզ ապրել բազմաարագ միջավայրում, մինչ մոլորակը դառնում է ավելի տաք ու խոնավ։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյդ հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ եւ ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 405