ՀՀ կենտրոնական բանկը 2026 թվականի հունվարի 30-ին հաստատեց ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը Գրավե Գրուպի (GRAWE Group) եւ Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի (C-Quadrat Investment Group) կողմից:2026 թվականի փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ այս գործարքի կարեւորությանը՝ Հայաստանի տնտեսության ու ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից՝ նշելով. «Միջազգային համբավ վայելող ընկերությունների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա վկայում է մեր ֆինանսական համակարգի նկատմամբ բարձր վստահության, շուկայի հասունության եւ հեռանկարային լինելու մասին։ Միաժամանակ, սա ներդրումային գրավչության հզոր ազդակ է, որը կխթանի երկարաժամկետ ներդրումների աճը, ձեռնարկատիրական ակտիվությունը եւ կապիտալի շուկայի ու ինստիտուցիոնալ ֆինանսական հոսքերի զարգացումը»։ԿԲ նախագահի կարծիքով՝ այս գործարքն ունի զարգացման մի քանի հեռանկարային կետ. «Առաջինը միջազգային հեղինակավոր ընկերության մուտքն է Հայաստանի ապահովագրական շուկա, երկրորդը՝ պրոդուկտների դիվերսիֆիկացիայի հնարավորությունն է: Մենք գիտենք նաեւ, որ Գրավե Գրուպը կյանքի ապահովագրության ոլորտում աշխատելու շուրջ 200 տարվա փորձ ունի: Երրորդը՝ վերաապահովագրության ինստիտուտի եւ միջազգային հեղինակավոր վերաապահովագրողների մոտեցումների հնարավոր փոփոխություններն են, չորրորդը՝ մեծ նախագծերի ապահովագրական բեռի ստանձնման հնարավորությունը: Մենք շատ ենք խոսում «Թրամփի ուղու» (TRIPP), խաչմերուկների բացման, բեռնափոխադրումների մասին եւ կարծում եմ, որ այս ամենն ավելի դյուրին կդառնա, քանի որ Հայաստանում արդեն ունենք միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերություն»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հանդիպմանը ներկա Գրավե Գրուպի տնօրենների խորհրդի նախագահ Կլաուս Շայթեգելն ասաց. «Այս գործարքը կարեւոր քայլ է մեր ընկերությունների խմբի ընդլայնման առումով եւ պատրաստակամ ենք աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը»: 25.11.2025 | 11:00 Գրավե Գրուպը ու Ցե-Կվադրատը հայտարարել են ԼԻԳԱ Ինշուրանսի 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին Գրավե Գրուպը հիմնադրվել է Ավստրիայում 1828 թվականին: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենահին եւ ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է: Ընկերությունն ունի միջազգային կողմնորոշում, գործում է 14 երկրում, խմբի կազմի մեջ են Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում 20 դուստր ապահովագրական ընկերություններ, 3 բանկ եւ անշարժ գույքի ոլորտի ընկերություններ:Կլաուս Շայթեգելը հայտնեց, որ 2024 թվականին Գրավե Գրուպի ապահովագրավճարների ընդհանուր ծավալը գերազանցել է 1,5 մլրդ եվրոն, ընդհանուր ակտիվները 14,4 մլրդ եվրո են, իսկ ընդհանուր սեփական կապիտալը՝ ավելի քան 2 մլրդ եվրո: «Ցանկանում ենք, որ ԼԻԳԱ Ինշուրանսը միանա մեր միջազգային ցանցին: Առաջարկելու ենք մասնագիտացված պրոդուկտներ ապահովագրության շուկայում»,- ասաց նա: Վահագն Աղավելյանը եւ Անդրեաս Վիմմերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի գործադիր տնօրեն եւ Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերն էլ նշեց․ «Որպես միջազգային ակտիվների կառավարիչ՝ մեր խնդիրն է առաջարկել նորարարական եւ պրոֆեսիոնալ ներդրումային լուծումներ ինստիտուցիոնալ հաճախորդների համար, ինչպիսիք են ապահովագրական ընկերությունները եւ կենսաթոշակային ֆոնդերը։ Ավելի քան տասը տարի է, ինչ մեր ընկերությունը հաջողությամբ գործում Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, եւ մեր գործունեության ընդլայնումն ապահովագրական ոլորտ տրամաբանական քայլ է։ Ուրախ ենք, որ ունենք հնարավորություն նպաստելու երկրի ֆինանսական հատվածի զարգացմանը»։Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը (CQ) հիմնադրվել է 1991 թվականին։ Այն միավորում է ակտիվների կառավարիչ հանդիսացող ինն անկախ ընկերություններ՝ Վիեննայում եւ Լոնդոնում գլխամասային գրասենյակներով, ինչպես նաեւ 21 երկրում ռազմավարական ներկայությամբ։ Ընկերությունն արդեն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանում՝ կառավարելով կենսաթոշակային համակարգի շուրջ 450 000 մասնակիցների կենսաթոշակային ակտիվները։ Վահագն Աղավելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ԼԻԳԱ Ինշուրանս ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանի խոսքով՝ սա իրենց հնարավորություն կտա միանալ գիտելիքի, փորձի հզոր շտեմարանի. «Մենք այս գործարքը կօգտագործենք ի բարօրություն թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ Հայաստանի հասարակության: Կներմուծենք ապահովագրական նոր պրոդուկտներ, կկիրառենք եվրոպական չափանիշներ ապահովագրության մեջ»:Նա առանձնացրեց կյանքի ապահովագրության հնարավորությունը՝ նշելով, որ առաջիկա տարիներին Լիգա Ինշուրանսը կդիտարկի այն որպես ռազմավարական աճի ուղղություն: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է վերաբրենդավորմանը, Վահագն Աղավելյանը հայտնեց, որ այս պահին ընկերությունը պահպանում է ԼԻԳԱ Ինշուրանս անվանումը, միայն դիտարկում են ավելացնել «Member of Grave Group» հատվածը:«Թիմում կլինեն որակական փոփոխություններ: Պատրաստվում ենք մեր աշխատակիցներին հաճախ ուղարկել վերապատրաստումների, ինչն էլ, բնականաբար, հանգեցնելու է թիմի որակական փոփոխության: Ընդհանրապես, սա մեզ համար շատ լուրջ հնարավորություն է ձեռք բերելու նոր փորձ եւ գիտելիքներ»,- ասաց նա:ԼԻԳԱ Ինշուրանսը հիմնադրվել է 2008 թվականի մայիսին։ Ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանդիսանալով Հայաստանի ամենամեծ ապահովագրական ընկերությունը։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշով շուկայի առաջատարն է՝ 7.6 միլիարդ դրամ (20 մլն ԱՄՆ դոլար):Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 1529