Իդրամ + WeChat Pay․ նոր հնարավորություններ Հայաստանում վճարումների համար

30.01.2026 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամը 2026 թվականի հունվարի 29-ին հայտարարեց Չինաստանի խոշորագույն թվային վճարային համակարգերից մեկի՝ Weixin Pay-ի, նույն ինքը WeChat Pay-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Սրանով Իդրամն ընդլայնում է միջազգային գործընկերությունների շրջանակը եւ կատարում եւս մեկ կարեւոր քայլ երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման ուղղությամբ։

Այս համագործակցությամբ Weixin Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Idram QR-ի միջոցով՝ ավելի քան 26 000 վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat Pay հավելվածով։ 

«Իդրամի համար միջազգային առաջատար վճարային համակարգերի հետ համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլեւ՝ ռազմավարական ներդրում Հայաստանի տնտեսական եւ թվային ապագայի մեջ։ WeChat-ի հետ գործընկերությունը կարեւոր քայլ է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրման ճանապարհին եւ նոր հնարավորություններ է բացում ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար»,- ասաց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը:

Արսեն Քդենյանը

Նա հայտնեց, որ ծառայությունը սեղմ ժամկետներում հասանելի կլինի WeChat-ի օգտատերերին. «Մեր նոր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերն իրենց հերթին կկարողանան Idram&IDBank հավելվածով վճարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով»:

Գոհար Ղուկասյանը

Իդրամի էկոհամակարգի եւ գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանն էլ նշեց, որ սա մեծ առաջընթաց է իրենց համար ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ֆինանսական համակարգի շարունակական զարգացման տեսանկյունից. «Սրանով միջազգային վճարային ենթակառուցվածքը կապում ենք տեղական վճարային ենթակառուցվածքի հետ, որի արդյունքում WeChat-ի 1,4 մլրդ օգտատեր հնարավորություն է ստանալու իրականացնել վճարումներ Իդրամի սպասարկման ցանցում՝ արագ, պարզ, հարմար եւ ապահով: Այս համագործակցությունը վկայում է, որ Իդրամն առաջատար է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ տարածաշրջանում՝ ստեղծելով բաց, ինտեգրված եւ փոխշահավետ ֆինանսական էկոհամակարգ»:

Ալեքս Դենգը

Weixin Pay-ի Մերձավոր Արեւելքի գործընկերությունների եւ բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը նշեց, որ սա իրենց առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում:

«Այս համագործակցությունը մեր օգտատերերի լայն բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ եւ հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում՝ գնումների, սննդի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում՝ Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Իդրամի հետ՝ համատեղ խթանելու Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի ընդլայնումը եւ նպաստելու Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական, առեւտրային եւ մշակութային կապերի խորացմանը»,- ասել է նա:


WeChat-ի ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը՝ դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտների վրա։

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանի խոսքով՝ բացի ուղիղ ավիաչվերթի առկայությունից՝ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկի վրա մեծ ազդեցություն ունի նաեւ թվային վճարումներ կատարելու հարմար հնարավորությունը:


«Չինաստանը մեր ռազմավարական զբոսաշրջային ուղղություններից մեկն է, եւ այս գործիքն այն կարեւորագույն բանալիներից մեկը կդառնա, որը կնպաստի չինացի զբոսաշրջիկների մուտքը մեր երկիր»,- հայտնեց Լուսինե Գեւորգյանը:

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ տնտեսվարողի համար սա խթան է, որ իրենց մոտ գտնվող զբոսաշրջիկը չմտածի՝ որ բանկային քարտով վճարի, այլ իր հավելվածով, ինչպես իր երկրում, կարողանա վճարումներ կատարել: 

Կարեն Նալբանդյանը

ID Group ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ ասաց. «ID Group-ը փորձում է ոչ միայն լոկալ բիզնես խնդիրներ լուծել, այլեւ՝ այնպիսի նախաձեռնություններով ներկայանալ, որոնք մեր երկիրը դուրս կբերեն լայն շուկաներ եւ կնպաստեն Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը եւ տնտեսական ակտիվության խթանմանը»: 

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Դիտում՝ 601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW