Huawei-ն օգնում է բանկերին բացահայտել AI-ի ուժը․ Ֆինտեխ քննարկում՝ Երեւանում

28.11.2025 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արհեստական բանականությունը (AI) փոխում է աշխարհը՝ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով գրեթե բոլոր ոլորտներում։ 

Huawei Armenia-ն, DigiBase ընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Նոր սերնդի բանկինգ. ոազմավարություններ թվային աշխարհի համար» քննարկումը, որի նպատակն է արձանագրել ապագայի մարտահրավերներն ու ուսումնասիրել դրանց դիմակայելու տեխնոլոգիական լուծումները։ 


Քննարկմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը, բանկերի տնօրեններ, փոխտնօրեններ եւ այլ բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ մասնագետներ Չինաստանից, որոնք կիսվել են ֆինանսական տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման, առկա ռիսկերին դիմակայելու եւ տեխնոլոգիական ընկերությունների հետ նոր ձեւաչափով համագործակցության իրենց փորձով։ 


Banks.am-ը ներկա է եղել միջոցառմանը՝ առանձացնելով դրա հետաքրքիր դրվագները։ 

10 րոպե՝ 15 օրվա փոխարեն, AI-ը բարձրացնում է սպասարկման արդյունավետությունը բանկային ոլորտում

Զեֆր Ջըն, Huawei Armenia-ի տնօրեն

Շատ ուրախ եմ այստեղ տեսնել ոչ միայն հարազատ դարձած, այլեւ՝ նոր մարդկանց։ Համոզված եմ՝ ձեզանից շատերն են լսել Huawei ընկերության մասին, գիտեք, որ մենք արտադրում ենք բազմապիսի սարքավորումներ։ Բայց այսօր մեր նպատակը մի փոքր այլ է։ Ցանկանում ենք նախ եւ առաջ կիսվել լուծումներով, որոնք կարող են օգտակար լինել ձեր՝ բանկային ոլորտում։ Մենք ունենք առաքելություն թվային լուծումները հասցնել յուրաքանչյուր անհատի, ամեն տուն եւ ընկերություն։ 

Զեֆր Ջընը

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ եւ շատերիս համար դա ակնհայտ է։ Այդ վերափոխումներից ամենանշանակալին արհեստական բանականության զարգացումն է, որն այսօր բազմաթիվ քննարկումների թիրախում է եւ փոփոխություններ է բերում գրեթե բոլոր ոլորտներում։ 

Միեւնույն ժամանակ, տեսնում ենք՝ ինչպես է զարգացմանը զուգահեռ կտրուկ նվազում արհեստական բանականության կիրառման դիմաց վճարվող «գինը»։ Այլեւս կարիք չկա 500 միլիոն դոլար ծախսել AI-ի համար տվյալների մեկ կենտրոնի կառուցման վրա։ Պարզապես բավարար է ունենալ մի քանի սերվեր եւ «ճամփորդել» արհեստական բանականության աշխարհում։ 


Ֆինանսական ոլորտի վրա AI ազդեցությունն ակնհայտ ցույց է տալիս ընդամենը երկու փոքրիկ օրինակ։ Եթե նախկինում Չինաստանի տարածաշրջանային բանկում կորպորատիվ վարկի դիմումը դիտարկվում էր 15 օրվա ընթացքում, ապա հիմա, արհեստական բանականության կիրառմամբ, այդ ողջ գործընթացը տեւում է ընդամենը 10 րոպե։ Իհարկե, վերջնական որոշումը միեւնույն է կայացնում է մարդը, բայց AI-ը զգալիորեն կրճատում է բոլոր հարակից գործընթացները։ 

Երկրորդ օրինակը վերաբերում է անհատական մոտեցմանը բանկերի հաճախորդներին։ Հաճախ այստեղ բանկերն առաջնորդվում են 80-20 կանոնով, երբ եղած ռեսուրսների 80%-ը կենտրոնանում է հաճախորդների 20%-ի վրա, քանի որ վերջինները VIP հաճախորդներ են։ Կարծում եմ՝ այսօրվա թվային բանկինգի եւ արհեստական բանականության հնարավորությունները թույլ են տալիս ընդլայնել այս ցուցակն ու առավել անհատական, խորը մոտեցում ցուցաբերել նաեւ շատ այլ հաճախորդների։ 


Այս համատեքստում ակնհայտ է, որ փոխվում է նաեւ բանկերի եւ Huawei-ի նման տեխնոլոգիական ընկերությունների գործընկերությունը։ Նման համագործակցությունների շնորհիվ բանկերը կկարողանան «մարզել» արհեստական բանականությունը սեփական կարիքների համար եւ «հանձնարարել» AI-ին որոշ գործողություններ։ Օրինակ՝ AI-ն աշխատակցի փոխարեն կկարողանա ընդունել եւ դիտարկել բանկային քարտ ստանալու վերաբերյալ հաճախորդների դիմումներն՝ արդյունքում կրճատելով այդ գործընթացը մինչեւ 15 րոպե։ 


Օրինակ բերեցի Չինաստանի մեր փորձից, բայց համոզված եմ՝ Հայաստանում եւս մարդիկ կարող են ոչ միայն քննարկել AI զարգացումն ու բերած փոփոխությունները, այլեւ՝ վայելել դրանց արդյունքները սեփական աշխատանքում։ Հուսով եմ՝ այսօրվա քննարկումից հետո կլինեք ոչ միայն առավել տեղեկացված, այլեւ՝ ոգեշնչված անելու թեկուզ փոքր, բայց կարեւորագույն քայլ, որը հետագայում կարող է բերել մեծ փոփոխություններ։ 

DigBase-ը եւ Huawei-ը՝ ֆինանսական ոլորտի նորարար լուծումների գործընկերներ

Հայկ Ամիրջանյան, DigBase ընկերության հիմնադիր տնօրեն

Digibase-ը հիմնադրվել է հինգ տարի առաջ, եւ ներկաներից շատերի հետ արդեն իսկ աշխատում ենք։ Միեւնույն ժամանակ, դուք գիտեք մեզ որպես սարքավորումների կամ ծառայությունների մատակարարի։ Բայց կարծում եմ՝ այսօր ժամանակն է խոսել որոշ հատուկ լուծումների, փորձառության մասին, որ մենք Huawei ընկերության հետ ունենք օրինակ՝ Չինաստանում, Ռուսաստանում։

Հայկ Ամիրջանյանը

Բանկային ոլորտում փոփոխություններն առավել պարզ ցույց տալու համար ես էլ մի օրինակ բերեմ։ Հիշում եմ՝ մոտ 15 տարի առաջ ռեստորաններից մեկում վճարեցի քարտով եւ դեռ տուն չհասած պարզեցի, որ Հնդկաստանից ինչ-որ մարդիկ մեծ գումարներ են հափշտակում քարտիցս։ Այդ ժամանակ բանկերի համար դեռ բարդ էր վերահսկել նման խարդախությունները, չկային համապատասխան լուծումներ։ Հետո հերթը թվայնացման դարաշրջանինն էր, երբ ի հայտ եկավ «իմ բանկն իմ բջջային հեռախոսն է» կարգախոսը։ Այսօր արդեն մենք կանգնած ենք այլ փոփոխությունների շեմին, եւ բոլորը խոսում են էկոհամակարգերի մասին։ Վստահ եմ՝ սա եւս վերջին կանգառը չէ, քանի որ բանկերը ձգտում են ներգրավել առավել շատ հաճախորդներ, իրականացնել առավել արագ եւ անվտանգ գործարքներ։ 

«Huawei-ն այսօր եկամտաբերության գագաթնակետին է»

Սայմոն Ձաո, Huawei-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բիզնես վաճառքների փոխտնօրեն 

Այսօր ձեզ հետ քննարկելու եմ ֆինանսական ծառայությունների ոլորտը, դրանց վրա տեխնոլոգիաների ազդեցությունն ու առաջընթացը, որ կարողացել է գրանցել Huawei-ը։ Բայց սկսենք Չինաստանից, որի տնտեսական վերելքը մարդկության պատմության վերջին 40 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձություններից է։ Այս երկիրը ՀՆԱ-ի ցուցանիշներով այսօր դարձել է երկրորդ խոշորագույն տնտեսությունն աշխարհում, իսկ ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում դառնալու է առաջինը։ Այսպիսով, դիտարկելն՝ ինչպես է այստեղ փոփոխվել ֆինանսական ծառայությունների ոլորտը, կարող է շատ օգտակար լինել։ 

Սայմոն Ձաոն

Շաբաթներ առաջ Սինգապուրում մասնակցում էի ֆինտեխ ոլորտի համաժողովի, եւ բոլորի քննարկման գլխավոր թեման արհեստական բանականությունն էր։ Ինչպե՞ս է այն նպաստելու, որ հաճախորդին առավել լավ խորհրդատվություն կամ ծառայություն մատուցվի։ Մեր տվյալների համաձայն՝ այսօր բանկերի մեծ մասն ունի մեկ ընդհանուր, ստանդարտացված հավելված։ Այն դժվար է անհատականացնել կամ ծառայեցնել առանձին մարդու նախընտրություններին եւ պահանջներին։ Ինչպես գործընկերս նշեց՝ այս դեպքում անհատական մոտեցում է ստանում բանկի հաճախորդների 20%-ը միայն։ 

Որպես օրինակ՝ արհեստական բանականությունը թույլ կտա առանց մեծ միջոցների ներգրավման ստեղծել անհատականացված ինտերֆեյս կամ, այսպես ասած, AI գործակալներ։ Սրանք AI հիմքով աշխատող «մասնագետներ» են, որոնք կախված հաճախորդի պահանջից՝ կկառավարեն եղած ռիսկերը, կարագացնեն տարբեր ծառայություններ, կհաշվարկեն եկամուտը՝ դառնալով ֆինանսական ոլորտի ձեր օգնականը։ 


Ինչ վերաբերում է Huawei ընկերությանը, կարող եմ ասել՝ այսօր այն եկամտաբերության գագաթնակետին է։ Շատերիդ ընկերությունը հայտնի է բջջային հեռախոսների արտադրությամբ, բայց սա մեր գործունեության 5 հիմնական ոլորտից մեկն է միայն։ Մենք զբաղվում ենք ՏՏ ենթակառուցվածքով, կենտրոնացած ենք 5G-ի, տվյալների կենտրոնների եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա։ Huawei-ի խոշոր ուղղություններից մյուսը սմարթ-սարքավորումների արտադրությունն է։ Կարեւոր դեր է խաղում նաեւ Huawei Cloud-ը։ Մենք կենտրոնացած ենք աշխարհին կանաչ էներգիայի ոլորտում լուծումներ առաջարկելու վրա։ Հինգերորդ եւ ամենից արագ զարգացող բիզնես ուղղությունն ավտոմոբիլային ոլորտն է, որում եւս փնտրում ենք նորագույն լուծումներ։ 

Արհեստական բանականությունը՝ գործընկեր

Յանգ Ֆան, Huawei-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական ոլորտի լուծումների ավագ մասնագետ 

Արհեստական բանականությունն այսօր դարձել է բոլորիս կյանքի անբաժան մասը։ Այս ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերն ու սցենարները մեզ թույլ են տվել հավաքել փորձառություն, որով պատրաստ ենք կիսվել ֆինտեխ ոլորտի ընկերությունների հետ, այդ թվում՝ Հայաստանում։ 

Յանգ Ֆանը

Այսօր բոլորիս խնդիրն է հասկանալ՝ ինչպիսին է լինելու AI-ով առաջնորդվող աշխարհը եւ անել այնպես, որ արհեստական բանականությունը դառնա մեր գործընկերը։ Պետք է խոսել տվյալահեն բենքինգի մասին, ինչը թույլ կտա բարձրացնել ոլորտի արդյունավետությունը, հետեւաբար նաեւ՝ եկամուտը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն խոշոր, այլեւ՝ փոքր բանկերի մասին է։ Ոլորտի վերափոխումները կնպաստեն նաեւ հաճախորդների կարիքներն առավել լավ բավարարելուն։ 

Եթե ամփոփեմ, աջակցությունը, որը Huawei-ն այսօր կարող է առաջարկել հայաստանյան ֆինանսական ոլորտին, կարելի է բաժանել երեք խոշոր հատվածի՝ «Պլանավորում» (ռազմավարություն, ճարտարապետություն, կառավարում), «Սցենարներ» (փորձառություն, արդյունավետություն, գործընթացներ) եւ «Հարթակ» (տեղակայում, ձեւաչափեր, ենթակառուցվածք)։ Ուրախ եմ լինել այստեղ եւ շատ եմ սիրել ձեր երկիրը։ 

AI-ն ու BI-ը՝ բիզնես արժեք ստեղծող գործիք

Լյուիս Չոու, Fanruan Software Technology-ի Միջին Արեւելքի տնօրեն

Fanruan-ը Չինաստանի առաջատար բիզնես անալիտիկայի (BI) ընկերություններից է, հիմնադրվել է 19 տարի առաջ եւ վերջին 8 տարվա ընթացքում անընդմեջ առաջինն է չինական շուկայում՝ ավելի քան 220 միլիոն դոլար տարեկան շրջանառությամբ։ Մեր հաճախորդների թիվը գերազանցում է 36,000-ը, որից ավելի քան 700-ը բանկ է։ 

Լյուիս Չոուն

Իմ ուղերձը պարզ է՝ արհեստական բանականությունը կախարդական խորանարդ չէ, այն արդյունավետ է միայն ամուր տվյալների հիմքի վրա։ Բանկերի համար ամենամեծ մարտահրավերն այն է՝ որքան ներդնել AI-ում, ինչ ներդրումների եկամտաբերություն (ROI) ակնկալել եւ ինչպես հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից։ AI-ի արդյունավետությունը կախված է տվյալների որակից, սխալ տվյալները տալիս են սխալ արդյունքներ։ Fanruan-ը Huawei-ի հետ մշակել է ամբողջական լուծում, որն ընդգրկում է տվյալների հավաքագրում, մաքրում, կառավարում, վերլուծություն եւ վիզուալիզացիա։ Մենք առաջարկում ենք on-premises լուծում, որն ապահովում է տվյալների ինքնիշխանությունն ու գաղտնիությունը, բանկերը չեն ուղարկում զգայուն տվյալները «հանրային ամպ», իսկ մեր մոդելները տեղակայված են անմիջապես կազմակերպությունների սերվերներում։ 


BI-ը շարունակում է գոյություն ունենալ, պարզապես ստանում է նոր դեր՝ աշխատելով AI-ի հետ։ BI-ը ցույց է տալիս անցյալի վիճակն ու ընթացիկ տվյալները, իսկ AI-ը տրամադրում է կանխատեսումներ, խորհուրդներ եւ որոշումներ։ Մեր Chat BI տեխնոլոգիան թույլ է տալիս պարզ հարց տալ եւ ստանալ ոչ միայն տեքստային պատասխան, այլեւ ճշգրիտ գծապատկեր՝ ամբողջական վերլուծական վահանակ ստեղծելու համար։ Սա տվյալների ժողովրդավարացումն է՝ հասանելի կազմակերպության բոլոր բաժիններին, ոչ միայն՝ ՏՏ-ին։

Արհեստական բանականության ներդրումը պետք է առաջնորդվի իրական բիզնես սցենարներով, այլ ոչ միայն՝ «նորաձեւ» տեխնոլոգիաներով։ Շատ ընկերություններ մեծ գումարներ ներդրեցին AI-ում, բայց չտեսան ROI, քանի որ լուծումները չէին համապատասխանում իրական խնդիրներին։ Ճիշտ կիրառման դեպքում AI + BI-ը դառնում է իրական եւ չափելի բիզնես արժեք ստեղծող գործիք։

Թվային տվյալների եւ հաճախորդի փորձի կառավարում

Ջեյսոն Չեն, SensorsData ընկերության Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բիզնեսի զարգացման տնօրեն 

SensorsData-ն հիմնադրվել է 2005-ին եւ կենտրոնանում է ֆինանսական եւ բանկային ոլորտում թվային մարքեթինգի եւ մեծ տվյալների լուծումների վրա: Ընկերությունը վաճառել է ավելի քան 2,500 լուծում 10 երկրներում՝ մշակելով օրական 260 միլիարդ իրադարձություն եւ տրամադրելով Հաճախորդների Տվյալների Հարթակ (CDP), Օգտագործողի Վարքագծի Վերլուծություն (UBA) եւ Մարքեթինգի Ավտոմատացման (MA) համակարգեր։ 

Ջեյսոն Չենը

Մենք բանկերին օգնում ենք ամսական ակտիվ օգտատերերի թիվը բարձրացնել 7–10%-ով՝ ընդգրկելով ավանդներ, ապահովագրություն եւ վարկային դիմումներ։ 

SensorsData-ն կենտրոնանում է հաճախորդի պատկերացման, փորձառության վերլուծության եւ ճանապարհորդության ավտոմատացման վրա։ 

Բոլոր տվյալները միավորվում են իրական ժամանակում՝ ստեղծելով միասնական պրոֆիլ, որը թույլ է տալիս գրեթե անմիջապես արձագանքել հաճախորդի գործողություններին, օրինակ՝ հավելվածի օգտագործման կամ ծառայություն ընտրելու դեպքում համակարգը կարող է իրական ժամանակում առաջարկել զեղչ կամ կտրոն։

Մեր լուծումները հաջողությամբ կիրառվել են Չինաստանի եւ Հոնկոնգի խոշոր բանկերում։ Արդյունքում ամսական ակտիվ օգտվողների թիվն աճել է մոտ 20%-ով, ծանուցումների դիտման ցուցանիշը՝ մինչեւ 80%։ SensorsData-ն նպատակ ունի փոխանցել իր փորձը միջազգային բանկերին՝ աջակցելով բարձրորակ թվային փոխակերպումների եւ հաճախորդակենտրոն մարքեթինգի իրականացմանը։ 

Թվային բանկային լուծումների համալիր պլատֆորմ

Քենեթ Ֆոնգ, HSG ընկերության լուծումների ավագ մասնագետ 

HSG-ն Հոնկոնգում թվային բանկինգի առաջատարներից է՝ 100% հաջողությամբ իրականացված նախագծերով եւ 100+ միջազգային հաճախորդներով։ Ընկերությունն առաջարկում է բանկային ամբողջական լուծումների փաթեթ՝ սկսած բջջային եւ ինտերնետ բանկինգից մինչեւ հիմնական բանկային համակարգեր, իսլամական բանկինգ եւ գործառնական ինտեգրում։

Քենեթ Ֆոնգը

Ֆինտեխ լուծումները ներառում են էլեկտրոնային դրամապանակ, արագ էլեկտրոնային վարկավորում եւ գլոբալ վճարային դարպասներ։ Բաց API-ները հնարավորություն են տալիս միանալ հին համակարգերին՝ առանց դրանց կոդը փոխելու։

HSG-ն տրամադրում է նաեւ վարկերի ձեւակերպման համակարգ, քարտերի կառավարում, CRM, հակախաբեություն, AML եւ AI-ով վարկային գնահատում։ Հարթակը ներառում է ATM, POS, միջազգային փոխանցումներ, ավանդներ, վարկեր եւ այլ հիմնական բանկային գործառույթներ։


HSG-ը դիրքավորվում է որպես արագ, ճկուն եւ հաճախորդակենտրոն գործընկեր՝ օգնելով բանկերին անցնել ժամանակակից թվային համակարգերի եւ բարձրացնել արդյունավետությունը։ Մեր լուծումները կառուցված են միկրոհամակարգերի ճարտարապետության վրա՝ ապահովելով բարձր արագություն, մասշտաբայնություն եւ Huawei-ի ենթակառուցվածքի հետ խորը ինտեգրում։ Կարող ենք նաեւ տեղափոխել բանկերի համակարգերը հիմնական հաշվարկային հարթակներից դեպի ամպային կամ տեղային (ներքին) ենթակառուցվածքներ՝ առանց կոդում որեւէ փոփոխություն կատարելու։

Տեղակայման ձեւերը տարբեր են, սակայն Հայաստանի համար առավել համապատասխան են տեղային (on-premises) եւ մասնավոր ամպային (private cloud) լուծումները՝ տվյալների անվտանգության պահանջների պատճառով։

Ճկուն բանկային համակարգ եւ ակտիվ-ակտիվ տվյալների կենտրոն

Լի Հաոջուն, Huawei-ի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական ոլորտի լուծումների ավագ մասնագետ

Վերջին տարիներին ֆինանսական միջադեպերը հաճախացել են համակարգերի բարդացման եւ կիբեռանվտանգության սպառնալիքների պատճառով։ Թվայնացումը նշանակում է, որ օգտատերերն ակնկալում են ծառայություններ ստանալ ցանկացած պահի ու ցանկացած վայրում, եւ յուրաքանչյուր խափանում խաթարում է նրանց վստահությունը։

Առաջատար բանկերը, ինչպիսիք են ICBC, Bank of China եւ Bank of Communications, կիրառում են ակտիվ-ակտիվ տվյալների կենտրոններ, բազմաշերտ կիբեռանվտանգություն եւ ինքնավար կառավարման հարթակներ՝ նվազեցնելու մարդկային սխալները եւ ապահովելու բարձր հասանելիություն։ Նրանք հետեւում են «0,1,5,10» կանոնին՝ զրոյական մարդկային սխալ, մեկ րոպե դեպքի արձանագրման համար, հինգ րոպե պատճառի բացահայտման եւ տասը րոպե ամբողջ համակարգի վերականգնման համար։

Լի Հաոջունը

Huawei-ը բանկերին առաջարկում է լուծումներ եւ ծառայություններ՝ այս սկզբունքները կիրառելու համար։ Նրանք ապահովում են հուսալի պահուստավորման, ցանցային եւ կիբեռանվտանգության ենթակառուցվածք, աջակցում են ինքնավար գործողություններին, ակտիվ-ակտիվ ճարտարապետությունների իրականացմանը, ինչպես նաեւ՝ հավելվածների արդիականացման եւ աղետների վերականգնման պլանավորման գործում։ 

Huawei-ն օգնում է բանկերին բարձրացնել կայունությունը, նվազեցնել մարդկային սխալները եւ ապահովել ծառայությունների անընդհատ մատչելիություն։

Անի Խչոյան, Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի, Դավիթ Ղահրամանյանի

Դիտում՝ 3164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW