Ներկայացնում ենք ներդրումների կառավարման Movchan’s Group-ի կառավարիչ գործընկեր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանցի հոդվածը, որը բացառիկության կարգով տրամադրվել է Banks.am-ին:Ռաֆայել Նահապետյանց Երկրի առեւտրային դեֆիցիտի կեսը կայուն կերպով փակում է հայկական սփյուռքը՝ Լոս Անջելեսից, Մոսկվայից, Փարիզից փոխանցումներով։ Հայաստանի Կենտրոնական բանկը հանգիստ է. ոսկու եւ արտարժույթի պահուստներն աճում են, դրամն ավելի ուժեղ է, քան դոլարը, բանկային համակարգ արդեն 30 տարի է ապրում է առանց դեֆոլտների։ Հայաստանը դարձել է այն մի քանի ուղիներից, որով մասնավոր ներդրողները Ռուսաստանից կարող են օրինականորեն փոխանցել կապիտալը, հետո ներդնել այն համաշխարհային ակտիվներում։ Հենց Հայաստանի բանկերը հարմար մուտքի կետ դարձան մի շարք դեպքերում. այստեղ գործում է SWIFT-ը, կոմպլաենսը խելամիտ սահմաններում է, կարելի է դոլարով կամ եվրոյով հաշիվ բացել, իսկ ենթակառուցվածքը ամեն քայլափոխին ստուգումներով չի վախեցնում։ Բայց Movchan’s Group-ի հաճախորդները ավելի ու ավելի հաճախ նույն հարցն են տալիս. որքանո՞վ կայուն է սա։Ահա թե ինչու մենք որոշեցինք մանրամասն՝ խոշորացույցի տակ դիտարկել, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում. որոնք են դրա ուժեղ կողմերը, ինչպես է այն գործում ներսից եւ որտեղ են թաքնված ռիսկերը։Շրջադարձային կետ2022 թվականը Հայաստանի համար դարձավ այն տարին, երբ տեղական բանկային համակարգը հանկարծ դուրս եկավ ստվերից եւ համաշխարհային «քաշ» ձեռք բերեց: Նման շրջադարձ տեղի ունեցավ իսլանդական բանկերի հետ 2015 թվականին եւ Դուբայում 2020 թվականին: Պատճառը բարեփոխումները, նոր տեխնոլոգիաները կամ մարքեթինգը չէին. ամեն ինչի հիմքում աշխարհաքաղաքականությունն էր եւ հազարավոր ձեռնարկատերերի, մասնավոր հաճախորդների եւ ինստիտուցիոնալ ներդրողների արձագանքը, որոնք աշխատելու խաղաղ վայր էին փնտրում:ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ միայն 2022-ի մարտին օտարերկրացիները (հիմնականում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիները) ավելի քան 20,000 նոր հաշիվ էին բացել: Հոսքը չի նվազել. 2023 եւ 2024 թվականների արդյունքով Հայաստանի բանկային համակարգը ցույց տվեց աճի տեմպեր, որոնք համեմատելի էին բումի ժամանակ զարգացող շուկաների աճի տեմպերի հետ: 2025 թվականին աճի տեմպը չի նվազում. 2025-ի առաջին եռամսյակում հայկական բանկերը գրանցել են 100 մլրդ դրամի (մոտ 250 մլն դոլար) զուտ շահույթ, ինչը 21%-ով ավելի է, քան 2024-ի առաջին եռամսյակում։ Հայաստանը անսպասելիորեն դարձել է աշխարհի այն քիչ վայրերից, որտեղ ռուսական ծագում ունեցող ներդրողները կարող են կապիտալ փոխանցել, հետո ներդրումներ կատարել համաշխարհային ակտիվներում։ 2023-ի առաջին կեսին բանկերի ընդհանուր ակտիվները աճել էին 16%-ով՝ հասնելով 8,48 տրիլիոն դրամի, իսկ մեկ տարի անց դրանք արդեն կազմում էին 9,72 տրիլիոն դրամ։ 2025-ի մարտի վերջին բանկերի ակտիվները հասան 11,28 տրիլիոն դրամի՝ տարվա ընթացքում աճելով 23%-ով, վարկային պորտֆելը՝ 6,42 տրիլիոն դրամ (+32%), իսկ ավանդային բազան՝ մոտ 9,34 տրիլիոն դրամ (+22%): Սեփական կապիտալի եկամտաբերությունը (ROE) հասել է 16,3%-ի։ Բոլոր բանկերը գործում են շահույթով, մարժան (NIM) կազմում է 6,5%։ Արտաքին աճի հետեւում մեկ այլ՝ պակաս նկատելի, բայց ոչ պակաս կարեւոր գործոն է. բանկային համակարգի կառուցվածքային կայունությունը։ Եթե 2022 թվականին Հայաստանը աշխարհաքաղաքական պատճառներով «բանկային միջանցք» դարձավ, ապա 2025-ին այն ավելի ու ավելի է նմանվում ինքնաբավ ֆինանսական մեխանիզմի։ Հիմնական չափանիշներով, ինչպիսիք են Tier 1-ը եւ CET1-ը, երկրի բանկերը զգալիորեն գերազանցում են Բազել III-ի պահանջները։ Եվրոպայում, հաշվի առնելով լրացուցիչ վճարները, կապիտալի բավարարության նվազագույն մակարդակը մոտ 10% է, մինչդեռ Հայաստանում այն մշտապես կրկնակի բարձր է. հազվադեպ երեւույթ զարգացող տնտեսության համար։ Կարգավորողը ոչ թե փորձում է հետեւից հասնել, այլ առաջխաղացման համար պայմաններ ստեղծում։Ժամկետանց վարկերի մակարդակը կայունության եւս մեկ ցուցանիշ է։ Այն պահպանվում է մոտ 1,5%-ի սահմաններում, ինչը համեմատելի է Չեխիայի կամ Գերմանիայի հետ՝ նրանց լավագույն նախաճգնաժամային տարիներին։ Համեմատության համար՝ Ռուսաստանում այս ցուցանիշը մոտենում է 5%-ին։ Այս ֆոնին նույնիսկ այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ROA-ն եւ ROE-ն, որոնք կարող են տատանվել եռամսյակից եռամսյակ, վստահելի տեսք ունեն։ 2025-ի առաջին եռամսյակում Ամերիաբանկը ցույց տվեց 24%-ից բարձր կապիտալի եկամտաբերություն, իսկ ակտիվների եկամտաբերությունը կազմեց մոտ 3.4%: Այս մակարդակը համապատասխանում է զարգացած երկրների մասնավոր բանկային գործունեության պրակտիկային: Միայն 2022 թվականին Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է մինչեւ 163.6 մլրդ. դրամ՝ կրկնապատկվելով հինգ տարվա ընթացքում, իսկ հաճախորդների բազան 2018-ի համեմատ աճել է վեց անգամ:Թերեւս հայկական բանկային «փազլի» ամենաանտեսանելի, եւ միեւնույն ժամանակ կարեւոր մասը իրացվելիությունն է: Ցպահանջ ավանդների ավելի քան 90%-ը ապահովված է բարձր իրացվելի ակտիվներով, իսկ իրացվելիությունը կազմում է ամբողջ բալանսի մոտ 30%-ը: Սա ավելի բարձր է, քան ԱՄՆ-ի ու Եվրոպայի շատ բանկերում եւ նշանակում է միայն մեկ բան. նույնիսկ միջոցների կտրուկ արտահոսքի դեպքում համակարգը չի տատանվի:Ինչո՞ւ ԵրեւանՀայաստանը օգտվեց մեծ ֆինանսական վերակազմավորումից։ 2022 թվականից հետո այն չմիացավ պատժամիջոցներին, պահպանեց գործող վճարային ուղիները, կարգավորման համապատասխան մակարդակ եւ ամենակարեւորը՝ երկխոսության մեջ մտնելու պատրաստակամություն։ Մինչ ԱՄԷ-ի բանկերը փակում էին հաշիվները կամ ամեն կերպ հետաձգում հաճախորդների փոխանցումները, Ղազախստանը ավելացում էր հաշիվ բացելու գրանցման պահանջները, Չինաստանը «կուրացավ» հեղինակության անկայունության նկատմամբ, իսկ Թուրքիան կրկնակի ստանդարտներ որդեգրեց, Հայաստանը գործում էր կանխատեսելիորեն եւ հստակ։ Ամերիաբանկն ու Արդշինբանկը գերիշխող դիրք գրավեցին. նրանց բաժին է ընկնում երկրի բոլոր բանկային ակտիվների գրեթե 50%-ը եւ ստացված զուտ շահույթի 52%-ը։ Ամերիաբանկը վերջերս անցավ Վրաստանի բանկի (Bank of Georgia) վերահսկողության տակ, իսկ Արդշինբանկը պահպանում է ամենամեծ մասնավոր բանկի կարգավիճակը՝ միջազգային վարկանիշով սուվերեն մակարդակի վրա (S&P BB-, Moody’s Ba3, կայուն կանխատեսումներ)։ Երկուսն էլ ունեն շահութաբերության կայուն ցուցանիշներ, ROE-ն գագաթնակետային տարիներին հասնում էր 28%-ի, Tier 1-ը գրեթե կրկնակի գերազանցում է Բազելի չափանիշները, իսկ խնդրահարույց վարկերի մասնաբաժինը ավելի ցածր է, քան Չեխիայում կամ Գերմանիայում։ Ընդ որում Արդշինբանկը Հայաստանի միակ բանկն է, որը ստացել է վարկանիշներ բոլոր երեք համաշխարհային գործակալություններից՝ Moody's, S&P եւ Fitch: Բոլոր վարկանիշները սուվերեն մակարդակի են (արդարության համար պետք է նշել, որ Fitch-ը Հայաստանին երկրի վարկանիշ չի տվել): Սա պարզապես խորհրդանիշ չէ: Բանկը նաեւ եվրոպարտատոմսեր է տեղադրել RegS/144A միջազգային ստանդարտի ներքո. ձեւաչափ, որով աշխատում են Արեւելյան Եվրոպայի սահմանափակ թվով բանկեր: 2003-ից ի վեր Արդշինբանկի վերահսկիչ փաթեթը պատկանում է Կարեն Սաֆարյանին, որը նաեւ ղեկավարում է Arins Group-ը՝ ֆինանսական հոլդինգը, որի մեջ մտնում է բանկ, ապահովագրական ընկերություն եւ ներդրումային ծառայություններ: Սեփականատերը չի փոխվել արդեն 20 տարի՝ հազվադեպ երեւույթ տարածաշրջանի համար: «Կոշտ» արժույթով երկրներում բարձր գնաճի ֆոնին հայկական դրամը ըստ էության դարձել է նախկին ԽՍՀՄ ամենաուժեղ արժույթը: Դոլարի փոխարժեքը 15 տարվա ընթացքում գրեթե չի փոխվել: Երկրում արժույթի վերահսկողություն չկա, հաշիվ կարելի է բացել մի քանի արժույթներով, փոխանցումները հնարավոր են, թեեւ ոչ ակնթարթային: Որոշ բանկեր թույլ են տալիս հաշիվներ բացել եւ գործարքներ կատարել նույնիսկ առանց ֆիզիկական ներկայության՝ եթե հաճախորդն ունի լավ կենսագրություն եւ անցել է համապատասխանության ստուգում բանկում։Movchan’s Group-ի որոշ հաճախորդների համար հայկական գործընկեր բանկը դարձել է խմբի ֆոնդերին ռուս ներդրողների միացման հիմնական կետը։ Դասական ենթակառուցվածքը, որը մի ժամանակ իրականացվում էր Լատվիայի միջոցով, այժմ Երեւանում է։Բայց կա մի «բայց»Հայաստանը Շվեյցարիա չէ։ Բանկերի մեծ մասը չունի դոլարով ուղիղ թղթակցային հաշիվներ խոշոր միջազգային բանկերում, ուստի միջազգային փոխանցումները հաճախ անցնում են շղթայով։ Հայկական խոշորագույն բանկերից միայն երկուսն ունեն ուղիղ թղթակցային հարաբերություններ ամերիկյան CitiBank-ի հետ, եւ նրանք շատ են արժեւորում այդ հարաբերությունները։ Մնացածը ստիպված են աշխատել եվրոպական կամ մերձավորարեւելյան միջնորդ բանկերի օգնությամբ։ Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ շուտով Հայաստանում կհայտնվեն միջազգային փոխանցումներում մասնագիտացած եւս երկու համաշխարհային բանկեր (BONY եւ J.P. Morgan), եւ մի շարք փոքր հայկական բանկեր չափազանց հետաքրքրված են դրանում, բայց առայժմ ամեն ինչ ընդամենը քննարկումների փուլում է։ Միջնորդավճարները ավելի բարձր են, քան Եվրոպայում։ Փոխարժեքը լողացող է, եւ մեծ գումարների դեպքում տարբերությունը նկատելի է։ Կոմպլաենսը ճկուն է, բայց ոչ լիբերալ. ռուսական անձնագիրը խոչընդոտ չէ, բայց անհրաժեշտ է միջոցների հստակ աղբյուր, ավելի լավ կլինի ունենալ նախորդ տարիների 2НДФЛ-ի, 3НДФЛ-ի պատճենները. ցանկալի է (բայց պարտադիր չէ) հարկային բնակության թույլտվությունը (առնվազն բնակության թույլտվություն Հայաստանում)։ Առանց դրա մասնավոր անձը կարող է հաշիվ բացել, բայց դա շատ ավելի դժվար է։ Ընդ որում հայկական բանկերը չափազանց զգույշ են ռուսական բանկերից փոխանցումներ ստանալիս. պատժամիջոցների ներքո գտնվող բանկերից փոխանցումներ չեն ընդունվում։ Ռաֆայել Նահապետյանցը Համակարգը նախատեսված չէ շուկայի կտրուկ տատանումների համար. եթե փոխանցումների հոսքը հանկարծակի նվազի, եթե քաղաքական ուրվագիծը փոխվի, եթե արեւմտյան կարգավորող մարմինները մեծացնեն ճնշումը, համակարգը կարող է արագ վերափոխվել։ Սակայն մինչ այժմ նման նշաններ չկան. երկրի արտարժույթի պահուստներն աճում են, իսկ արտաքին դիրքը հավասարակշռված է սփյուռքից եկող փոխանցումների բավականին կայուն ծավալի եւ վերջին տարիներին միջազգային կազմակերպություններից ստացված միջոցների մեծ ծավալի շնորհիվ, որոնք առաջին հերթին ուղղվում են ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը։Մյուս կողմից, հաճախորդների փոխանցումները շատ դեպքերում «միակողմանի» են, այլ ոչ թե լայն ներդրումների եւ վերաներդրումների հնարավորությունների հետ կապված փոխանցումներ են։ Դրանց հետ կապված կան զուտ կարգավորիչ սահմանափակումներ։ Օրինակ՝ արտասահմանյան ֆոնդերում կամ բարդ բաժնետոմսային պրոդուկտներում ներդրումներ կատարելիս հայկական բանկերը, ՀՀ ԿԲ պահանջների համաձայն, պետք է պահուստներ ստեղծեն ներդրված գումարների 100%-ի չափով։ Գործնականում սա հանգեցնում է նրան, որ բանկերը ներդրումներ են կատարում միայն ԱՄՆ պետական արժեթղթերում եւ, որպես կանոն, դրանք կարճաժամկետ են։ Այս սահմանափակումը չի վերաբերում (ինչպես Movchan’s Group-ի միջոցների դեպքում) հաճախորդների միջոցների փոխանցումներին, սակայն հայկական բանկերի համար սա նկատելի խոչընդոտ է։Պատժամիջոցային ճնշման խաչմերուկումՉնայած դիմադրողականության տպավորիչ ցուցանիշներին ՝ Հայաստանն այսօր դժվար աշխարհաքաղաքական խաչմերուկում է։ Մի կողմից՝ Արեւմուտքի հետ մերձեցման ուղի. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, ԵՄ-ի հետ երկխոսություն առանց վիզայի ռեժիմի մասին եւ բարեփոխումներ ֆինանսական ոլորտում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ սերտ առեւտրային կապեր, Իրանի եւ Հնդկաստանի հետ համագործակցության խորացում եւ անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը, որը բարդացնում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տեղաշարժի վերահսկողությունը։Ֆինանսական ոլորտը հայտնվել է առաջնագծում։ SIFMANet (RUSI)-ի ապրիլյան զեկույցի համաձայն՝ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու համար. անջատում հարթակներից, արտահանման վերահսկողություն, բարձր ռիսկային հաճախորդների ռիսկերի նվազեցում, կրիպտոարժույթների կարգավորում եւ համապատասխանության խստացում։ Սակայն մնացորդային խոցելիությունները՝ սփյուռքից եկող հոսքերը, ոչ ֆորմալ ուղիները եւ ազդեցությունը փոքր բիզնեսի վրա, մնում են ուշադրության կենտրոնում։ «Հայաստանը հայտնվել է ֆինանսական եւ առեւտրային խաչմերուկում՝ Արեւմուտքի եւ պատժամիջոցների տակ գտնվող երկրների (Ռուսաստանի եւ Իրանի) միջեւ… Չնայած առաջադեմ օրենսդրությանը եւ զգոն բանկային վերահսկողությանը, երկրին անհրաժեշտ կլինի համազգային մոտեցում՝ ֆինանսական համակարգի ամբողջականությունը պահպանելու եւ աճող մարտահրավերներին դիմակայելու համար», - ասվում է SIFMANet-ի զեկույցում։Հարուստ ներդրողի համար սա նշանակում է հետեւյալը. ենթակառուցվածքը կանխատեսելիորեն գործում է, բայց պահանջում է ուշադրություն եւ փաստաթղթերի մանրակրկիտ նախնական պատրաստում։ Այստեղ կարելի է վստահորեն աշխատել, բայց ակտիվ հեռավորություն պահպանելով։Չնայած կայուն վիճակագրությանը, բարձր շահութաբերությանը, պատշաճ վարկանիշներին եւ ճկուն մոտեցմանը ՝ արեւմտյան բանկային աշխարհի համար Հայաստանը մնում է երկրորդ մակարդակի իրավասության երկիր։ Նախադեպերը չափազանց քիչ են, անորոշությունը՝ չափազանց մեծ։ Ահա թե ինչու շատ երկրներում, հատկապես ԵՄ-ում, Հայաստանից փոխանցումները դեռեւս ուշացմամբ են հասնում, հատկապես, երբ խոսքը 100,000 դոլարից ավել գումարների մասին է։ Իսպանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի բանկերում դրանք հաճախ ենթարկվում են «ձեռքով» ստուգման՝ ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան սխալ է, այլ որովհետեւ բանկերը չգիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ։ Նման «աշխարհաքաղաքական անորոշությունը» խնդիր չէ, այլ գործոն, որը չի կարելի անտեսել։Հայաստանը գործող բանկային ենթակառուցվածք է, բայց ոչ ունիվերսալ լուծում։ Այն պահանջում է գրագետ կարգավորում, ճիշտ կոնտրագենտներ եւ առանձնահատկությունների ըմբռնում։Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին: Tweet Դիտում՝ 14356