Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ը ներկայացնում է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում: Բիբլոս Բանկ Արմենիայի Իրավաբանական բաժնի ղեկավար Արա Խաչատրյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է բանկում իրավական լեզվի պարզության եւ իրավական թափանցիկության անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կիսվել սեփական փորձով՝ ինչն է օգնել պահպանել մոտիվացիան երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում:«Ընդհանուր արժեքներ ունենալն օգնել է խնդիրները հաղթահարել»Բանկային համակարգի իրավաբանական ոլորտում եմ արդեն 25 տարուց ավելի, որից 17-ը՝ Բիբլոս Բանկ Արմենիայում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավար: Վերջին 9 տարին զուգահեռ նաեւ բանկի տնօրինության անդամ եմ: Այն աշխատանքային գործունեությանս նոր մակարդակ է հաղորդել, ավելի շատ եմ ներգրավվել բանկի կառավարման անմիջական գործընթացներում, ինչը եւս նպաստել է աճին՝ որպես անհատ, ղեկավար եւ մասնագետ: Ֆինանսական, բանկային իրավունքի ոլորտը դինամիկ է, անընդհատ փոփոխվում է, միշտ ինչ-որ նոր բան կա սովորելու, անելու: Այդ ճանապարհին, երբեմն էլ, ոչ հաճելի անակնկալներ են լինում, ինչը մեր գործի մի մասն է եւ անհրաժեշտ է հաղթահարել: Հենց սա էլ այն ամբողջությունն է, որ չի թողնում`հոգնեմ ոլորտից, այն ինձ համար դեռ հետաքրքիր է:Իհարկե, բանկային ոլորտում, հատկապես իրավաբանական ծառայության գործառույթների մասով, գործընթացների որոշակի միօրինակություն կա, դրանից չենք կարող խուսափել, բայց, դրա հետ մեկտեղ աշխատանքային ծանրաբեռնվածության մի մաս կա, որը չի կրկնվում, միշտ նոր է, եւ դա նվաճելու ձգտումն էլ ստիպում է նոր գիտելիք ձեռք բերել, մասնագիտական եւ անձնական աճի նոր մակարդակի հասնել: Արա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ Բիբլոս Բանկ Արմենիայում աշխատանքային 15 տարիս էր լրանում, ինձ հարցրեցին՝ այսքան ժամանակ ինձ ի՞նչն է պահում բանկում: Հասկացա, որ այստեղ ինձ պահում է արժեքների ընդհանրությունը: Կիսում եմ այն արժեքները, որն ունի բանկը (թիմային աշխատանք, ազնվություն, շարունակական առաջընթաց, նորարարություն եւ այլ) եւ փորձում է կյանքի կոչել: Բնականաբար, այս տարիների ընթացքում եղել են ե՛ւ լավ, ե՛ւ դժվար պահեր, բայց արժեքների ընդհանուր լինելը օգնել է խնդիրներն ավելի հեշտ հաղթահարել: «Մեր խնդիրն է գտնել հավասարակշռման կետը»Իմ պատկերացմամբ՝ իրավաբանական բաժինը յուրատեսակ կամուրջ է բիզնեսի եւ իրավական համապատասխանության միջեւ: Մեր ամենակարեւոր գործառույթն է գտնել այն հավասարակշռության կետը, երբ բիզնես նպատակն ու իրավական համապատասխանությունը իրար հետ կոնֆլիկտի մեջ չեն մտնում: Մեր հիմնական առանձնահատկությունը սա է: Իմ հիմնական խնդիրն է ապահովել, որ բիզնեսի աճին զուգընթաց չավելանան ներհատուկ իրավական ռիսկերը: Այսինքն՝ փորձել գտնել այդ հավասարակշռման կետը, որը ե՛ւ չի խանգարում բիզնեսի աճին, ե՛ւ չի ավելացնում լրացուցիչ ռիսկեր բանկի գործունեության ընթացքում: Այս մոտեցման շնորհիվ բանկը չի կրի լրացուցիչ ռիսկեր պրոդուկտի իմպլեմենտացիայի հետ կապված: Սա այն մոտեցումն է, որ թույլ է տալիս ե՛ւ չկաշկանդել բիզնես ստորաբաժանումներին, ե՛ւ մինիմալիզացնել իրավական ռիսկերը: Եթե համեմատության մեջ դնենք բանկի մյուս ստորաբաժանումների հետ, ապա իրենց գործունեությունը հիմնականում ուղղված է բիզնեսի նպատակներին հասնելուն, իսկ իրավաբանական բաժնինը՝ օգնել հասնելու դրանց, միեւնույն ժամանակ՝ հավասարակշռել իրենց աշխատանքի արդյունքում առաջացող հնարավոր ռիսկերը:Իրավական թափանցիկությունն ու լեզվի պարզությունըԲանկի հետ առնչվող բոլոր սուբյեկտների՝ հաճախորդների, գործընկերների, վերահսկողների համար, բանկի գործունեության տեսանելիությունն ապահովում է իրավական թափանցիկությունը։ Թափանցիկ հաշվետվողականությունը, պահանջվող տեղեկությունների հրապարակումը, որոշումների կայացման ընթացքի մանրամասն նկարագրությունը բանկի գործունեությունը տեսանելի են դարձնում «շահառուներին», որ նրանք կարողանան գնահատել եւ հավասարակշռել բանկի հետ հարաբերություններում իրենց համար առաջացող ռիսկերը: Թափանցիկության ապահովումը նաեւ ոլորտը կարգավորող մարմնի` ՀՀ կենտրոնական բանկի պահանջներից մեկն է, որը սահմանում է, թե առնվազն ինչ տեղեկություններ պետք է բանկերը հրապարակեն, որպեսզի հնարավորինս ապահովեն դա։ Բայց մեր հիմնական խնդիրն այն է, որ չսահմանափակվենք միայն պահանջվող նվազագույն տեղեկատվության հրապարակմամբ, այլ բացահայտենք նույնիսկ մի փոքր ավելին՝ քան պահանջվում է, իհարկե, պահպանելով ողջամտության սահմանները: Կարծում եմ՝ նման դեպքում բանկն ավելի կանխատեսելի է ե՛ւ հաճախորդների, ե՛ւ գործընկերների, ե՛ւ կարգավորողների համար: Արա Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բանկային համակարգում իրավաբանական թափանցիկության հետ զուգահեռ է գնում նաեւ իրավական տեքստի պարզությունը։ Այս երկու սկզբունքների համաժամանակյա կիրառումն օգնում է հաճախորդների մոտ բանկի նկատմամբ վստահության բարձրացմանը եւ ավելի պաշտպանված զգալուն։Բիբլոս Բանկ Արմենիայում փորձում ենք մեր ծառայությունները նկարագրող փաստաթղթերում, պայմանագրերում օգտագործել հնարավորինս պարզ, մատչելի լեզու։ Շատ դեպքերում խուսափում կամ շեշտը չենք դնում իրավական եզրույթների կիրառման վրա՝ հասկանալով, որ դրանց կիրառումը միշտ չէ, որ հասկանալի է միջին վիճակագրական հաճախորդի համար: Փորձում ենք հնարավորինս զերծ մնալ կոմպլեքս եզրույթների օգտագործումից եւ, եթե հնարավոր է, տեքստերում օգտագործում ենք պարզաբանումներ, նկարագրություններ, որոնք կոնկրետ փաստաթուղթն ավելի հասկանելի կդարձնեն հաճախորդին:Նման խնդիրն առկա է նաեւ բանկի տարբեր ստորաբաժանումների հետ աշխատանքի ընթացքում, քանի որ շատ դեպքերում նույն իրավաբանական հասկացությունները մինչեւ վերջ հասկանալի չեն նույնիսկ բանկի աշխատակիցների համար: Այդ նպատակով պարբերաբար իրականացնում ենք թրեյնինգներ, վերապատրաստումներ, փորձում ենք աշխատակիցներին ծանոթացնել այն իրավական կանոնակարգումների շրջանակին, որի ներքո իրենք աշխատում են, կամ որին առնչվում են իրենց գործողությունները: Ստեղծում ենք նաեւ հաճախ տրվող հարցերի շտեմարան, որտեղից կարող են օգտվել, երբ իրավական որեւէ հասկացություն իրենց համար պարզ չէ: Բաց ենք նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման համար՝ ցանկացած պահի եւ հաղորդակցման ցանկացած ձեւով։«Ղեկավարել սովորեցնելով, ուղղորդելով, խրախուսելով»Իրականում խուսափում եմ բաժնի ղեկավար արտահայտության օգտագործումից։ Ես ոչ թե մեր բաժնի աշխատակիցների ղեկավարն եմ, այլ նրանց ավագ գործընկերը, մենտորը, նրանց ուղղություն տվողը: Ինձ համար սա է ամենաարդյունավետ ձեւն իրականացնելու մենեջերի քո պարտականությունները: Եթե փորձեմ մի պահ ինձ կողքից նայել որպես ղեկավար, կբնութագրեի որպես հանգիստ եւ հավասարակշռված։Սովորեցնել, ուղղորդել, խրախուսել, սրանք այն արժեքներն են, որոնց վրա հիմնվում է իմ ղեկավարման մեթոդը: Իհարկե, լինում են նաեւ կոնֆլիկտային իրավիճակներ, դրանցից խուսափել հնարավոր չէ, բայց միշտ փորձում եմ դրանք հարթել այս կամ այն կողմին ոչ թե ճիշտ կամ սխալ բնորոշումներ տալով, այլ միավորելով նրանց այն տեսլականի շուրջ, որն ունեմ կոնկրետ խնդրի, մարդկային եւ/կամ աշխատանքային հարաբերությունների ընդունելի նորմերի վերաբերյալ:Հավատացնում եմ՝ հիմնականում բոլոր դեպքերում հնարավոր է գտնել այն միջակայքը, որտեղ կոնֆլիկտի կողմերի տեսակետները, մոտեցումները, արժեքները համընկնում են: Ֆուտբոլային հայտնի մարզիչ Կառլո Անչելոտին մենեջմենթի մասին գիրք ունի՝ «Quiet Leadership: Winning Hearts, Minds and Matches», ես էլ այս «հանգիստ ղեկավարման» փիլիսոփայության կրողն եմ: Աշխատանքից դուրս՝ ֆուտբոլն ու գրքերըՖուտբոլային մարզչին մեջբերելը հուշեց, որ ճիշտ ժամանակն է խոսել նաեւ աշխատանքից դուրս նախասիրությունների մասին (հեղ․)։Եթե ընտանիքիս անդամներին հարցնեք, հնարավոր է ասեն, որ ֆուտբոլն ինձ համար գլխավորն է (ծիծաղում է, հեղ․)։ Այն առօրյա աշխատանքային պրոցեսներից ինձ շեղող հիմնական ուղղություններից մեկն է: 30 տարուց ավելի ֆուտբոլի՝ մասնավորապես Մադրիդի «Ռեալի» լուրջ երկրպագու եմ: Բավական երկար ժամանակ Իսպանիայում «Ռեալի» երկրպագուների ակումբի անդամ եմ եղել։Բայց միայն ֆուտբոլը չէ, որ զբաղեցնում է իմ ազատ ժամանակը: Իրականում, այն հիմնականում լրացնում են գրքերը։ Շատ սիրում եմ կարդալ, բայց նաեւ հաճույք եմ ստանում գրքեր գնելուց: Կարող եմ ժամեր անցկացնել գրախանութներում: Մի պահ նախընտրածս գրքերի ցանկում մեծ տեղ էին զբաղեցնում գեղարվեստականները, հիմա ավելի շատ հասարակական եւ քաղաքական, տնտեսական երեւույթների վերաբերյալ գրքերն են գերիշխում: Մեր բանկը եւս աշխատակիցներին գրքեր նվիրելու մշակույթ ունի։ Իմ կարծիքով սա ամենահաճելի բաներից մեկն է, որ գործատուն կարող է անել աշխատողների համար: Ընթերցասիրության խրախուսումը աշխատողների անհատական աճն ապահովելու ուղղությամբ իրականացվող կարեւոր նախաձեռնություններից մեկն է, որը բանկը շարունակաբար իրականացնում է:Ինչ վերաբերում է work/life բալանսը պահել կարողանալուն՝ այստեղ եւս կնշեի իմ գործատուի քաղաքականությունն ու ներդրումը, քանի որ աշխատանքային բոլոր գործընթացները կազմակերպվում են հնարավորինս այնպես, որ կարողանանք այդ բալանսը պահել: Ինձ համարում եմ հաջողակ նաեւ այս առումով։Կարդացեք նաեւ`Արթուր Փալիկյան. Ամենակարեւոր որակներից մեկը թիմին եւ հաճախորդներին լսելու կարողությունն էԱրփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 7328