Նոր տնտեսական կարգը պետք է բարոյական կողմնացույց ունենա

21.06.2025 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի միջազգային հարցերով նախկին հատուկ խորհրդական, Նոր տնտեսության գլոբալ հիմնադրամի համանախագահ Ադրիանա Աբդենուրի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ադրիանա Աբդենուր 

Նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր հարձակումը համաշխարհային տնտեսության վրա, այն արդեն ոչ միայն կառուցվածքային ճգնաժամի մեջ էր, այլեւ այն արժեքների փլուզման, որոնք մի ժամանակ արդարացնում եւ ուղղորդում էին միջազգային համագործակցությունը։ 

Բազմակողմանիության նահանջը նշանակում է ոչ միայն թուլացած ինստիտուտներ եւ աշխարհաքաղաքական լարվածություն, այլեւ միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքների կորուստ եւ անցում միակողմանիությանը, գործարքային դիվանագիտությանը եւ ազգայնականությանը։

Աջ ծայրահեղական ուժերը արագացրել են այս քայքայումը՝ ծաղրի առարկա դարձնելով այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կլիմայական արդարադատությունը եւ բնիկների իրավունքները։ Նման մշակութային պատերազմի հռետորաբանությունը խաթարում է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ գլոբալ համագործակցության էթիկական հիմքերը, իսկ համերաշխության եւ համատեղ պատասխանատվության դեմ ամբոխահաճ հակազդեցությունը մտնում է միջազգային ասպարեզ։ 

Ազգայնականությունը փոխարինում է բազմակողմանիությանը, ուստի միջազգային համագործակցությունը կորցնում է իր բարոյական ուղղությունը։

Բացի այդ, ինչպես զգուշացրել էր Հաննա Արենդտը, ընդհանուր արժեքների բացակայությունը քայքայում է մարդկային դատողությունը եւ ճանապարհ հարթում ավտորիտարիզմի համար։ Վստահություն այլեւս չկա, համագործակցությունը դառնում է զուտ գործարքային, իսկ անկայունությունը՝ կանոն։ Միջազգային կառավարումը դառնում է անհաստատ, դիվանագիտությունը՝ հարկադրական։ Անարդարության եւ անարդյունավետության զգացումը նպաստում է դժգոհությանն ու դիմադրությանը։ Միայն աշխարհաքաղաքականությամբ եւ ազգային անվտանգության պատկերացումներով առաջնորդվող աշխարհակարգը անխուսափելիորեն ծնում է կարճաժամկետ մտածելակերպ, խորացնում է բաժանումները եւ մեծացնում խոշոր հակամարտության հավանականությունը։ Ոչ մի առանձին դերակատար, որքան էլ հզոր լինի, ապահովագրված չէ այս ռիսկերից։

Սակայն համաշխարհային տնտեսական կառավարման վերականգնումը չի նշանակում պարզապես վերադառնալ անցյալին։ Չնայած հետպատերազմյան կարգի հիմնարար փաստաթղթերում ներառվեցին մարդկային արժանապատվության եւ համերաշխության նման ընդհանուր իդեալները (սկսած Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունից), դրանք նաեւ արտացոլեցին եւ նպաստեցին ուժերի անհավասարակշռությունը։ Ցանկացած նոր համակարգ պետք է հիմնված լինի հոգացության, համերաշխության, ինքնիշխան հավասարության եւ բնապահպանանայ կառավարման վրա, ինչը նաեւ նշանակում է նախկին շրջանակների նորացում՝ այսօրվա կարիքները բավարարելու եւ ավելի լայն ներկայացվածություն ապահովելու համար։

Արժեքների վրա հիմնված նոր համակարգը ուտոպիա չէ, այն ռազմավարական անհրաժեշտություն։ Արդար ինստիտուտներն ավելի դիմացկուն են եւ ավելի մեծ հավանականությամբ կպահանջեն համապատասխանել կանոններին, ինչը կարեւոր է, երբ մեր ամենամեծ մարտահրավերները գլոբալ համակարգված գործողություն են պահանջում։

Ավելին՝ հեղինակությունն ավելի կարեւոր է, քան երբեւէ։ Բազմաբեւեռ աշխարհում ազդեցությունը կախված է լեգիտիմությունից: Ներառական բարգավաճման, սոցիալական համախմբվածության եւ հանրային բարիքների (լինի գլոբալ, տարածաշրջանային, ազգային, թե տեղական) բավարար ապահովման հասնելը կարեւոր է երկարաժամկետ բարեկեցության եւ դիմադրողականության համար: Սովի, աղքատության եւ անհավասարության դեմ պայքարը բարեգործություն չէ, այլ ողջամիտ ռազմավարություն:

Երկրները ձգտում են փոխել իրենց տնտեսությունները՝ կլիմայական նպատակներին հասնելու համար, ուստի հավասարությունը, ֆինանսավորման հասանելիությունը եւ կանաչ տեխնոլոգիաների բաշխումը ամենակարեւոր խնդիրները կլինեն: Եթե չկան արդյունաբերական քաղաքականությունը կայուն ուղղությամբ ուղղորդող գլոբալ նորմեր, այս անցումը կարող է վերարտադրել հին հիերարխիաները եւ կախվածությունները: Միջազգային առեւտրային համակարգի բարեփոխումը (որն այժմ խորապես հետադիմական է՝ գլոբալ Հարավից դեպի Հյուսիս ֆինանսական հոսքերով) նպատակ ունի իրականացնել կանաչ անցում, որը կխուսափի աշխարհակարգի թակարդներից, որոնք ստեղծել են եւ որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի:

Պատմությունը դասեր է տալիս: Բրետոն-Վուդսյան ինստիտուտները եւ վաղ առեւտրային շրջանակները (ինչպիսին է Մաքսերի եւ առեւտրի մասին ընդհանուր համաձայնագիրը) ի հայտ եկան Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետից հետո, երբ առաջնորդները հասկացան արժեքների վրա հիմնված համագործակցության անհրաժեշտությունը, թեեւ նրանց ջանքերը անհավասար էին: 
Սակայն 1980-ականների նեոլիբերալ շրջադարձը խնայողության խիստ ռեժիմ բերեց, ապակարգավորում եւ կառուցվածքային ճշգրտման քաղաքականություն, որոնք խոչընդոտեցին շատ երկրների զարգացումը, խորացրեցին անհավասարությունը եւ երկրորդ պլան մղեցին աշխատանքային իրավունքներն ու բնապահպանական նկատառումները: 1995 թվականին Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծումը արտացոլեց այս տեղաշարժը. չնայած այն արդարություն եւ կանխատեսելիություն էր խոստանում, առաջին տեղը զբաղեցրին ազատականացումն ու կիրարկումը: Արդյունքում ժողովրդական հակազդեցությունը (1999-ի Սիեթլի բողոքի ցույցերից մինչեւ գյուղատնտեսության եւ մտավոր սեփականության առեւտրային կանոնների մշտական քննադատությունը) բացահայտեց, թե որքան կտրված էր համակարգը սոցիալական եւ էկոլոգիական առաջնահերթություններից:

Չնայած այս ձախողումներին՝ հիմնարար արժեքները պահպանվեցին որպես բարոյական չափանիշներ: Բարեփոխիչները, քաղաքացիական հասարակության շարժումները եւ շատ առաջնորդներ շարունակում են օգտագործել դրանք որպես ուղեցույցներ այլընտրանքային համաշխարհային կարգի համար, որը բնութագրում են որոշումների ժողովրդավարական կայացումը, կայուն զարգացումն ու կլիմայական արդարադատությունը: Սրանք վերացական գաղափարներ չեն, այլ գործիքներ՝ արդյունավետ համակարգ կառուցելու համար:

Արժեքների մասին քննարկումները բավարար չեն: Համոզվելու համար, որ համաշխարհային ճարտարապետությունը արտացոլում եւ ամրապնդում է ընդհանուր նորմերը, ոչ թե խաթարում դրանք, ինստիտուտները պետք է իրականացնեն քննարկման արդյունքները: 

Առաջ շարժվելու համար արժեքները պետք է զուգակցվեն հաշվետվողականության մեխանիզմների հետ։ Դա նշանակում է ինստիտուցիոնալ վերահսկողության բարելավում, քաղաքացիական հասարակության ավելի մեծ մասնակցություն եւ գործիքներ, որպեսզի առաջընթացը չափվի ոչ միայն ՀՆԱ-ի, այլեւ հավասարության եւ բարեկեցության տեսանկյունից։ Նման սկզբունքների շուրջ քննարկումները պետք է ներառվեն իրական աշխարհի ֆորումներում՝ G20-ում, որտեղ հավաքվում են խոշոր տնտեսություններ ինչպես Հարավից, այնպես էլ Հյուսիսից, զարգացող խոշոր տնտեսությունների BRICS+ խումբը, ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման գործընթացը, ներառյալ Սեւիլիայում կայանալիք գագաթնաժողովը, եւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը, որը սկսվում է Բելեմում կայանալիք COP30-ով։ Այս սկզբունքները պետք է կենտրոնական տեղ զբաղեցնեն նաեւ ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման քննարկման, այդ թվում՝ Կանոնադրության վերանայման մեջ։

Մասնատումը, անհավասարությունը եւ դիսֆունկցիան անխուսափելի չեն։ Դրանք ընտրության հարց են։ Եթե համակարգը չի աշխատում, այլընտրանքը ազգայնականությունը կամ տեխնոկրատիան չեն, այլ պետությունների, քաղհասարակության եւ մասնավոր հատվածի կողմից համարձակ վերահաստատումը այն արժեքների, որոնք կարող են դժվարությունների միջով տանել դեպի մեզ ավելի մարդասիրական, կայուն եւ դիմադրունակ տնտեսական կարգ։

Copyright: Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 4881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW