«Auditiams Compliance & Risk Limited». Ռիսկերի կառավարման մեխանիզմներ՝ հայկական ֆինանսական շուկայի համար

25.02.2025 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ֆինանսական հաստատություններում եւ բիզնեսում համապատասխանության գործընթացների (compliance) վերափոխումն օգնում է կենտրոնանալ աճի վրա եւ դառնալ առավել արդյունավետ: Այս հնարավորությունը բիզնեսին տալիս է Կիպրոսում գործող «Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունը՝ իր նորարարական հարթակների միջոցով:

«Auditiams Compliance & Risk Limited» հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Մարտիրոսյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ընկերության հարթակների մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ՝ հայկական շուկային հասանելի դառնալու մասին:

Պարզեցնել համապատասխանության եւ ռիսկերի կառավարման խնդիրները

«Auditiams Compliance & Risk Limited» ընկերությունն արդեն 4 տարի է աշխարհում գործող բիզնեսներին առաջարկում է համապատասխանության գործընթացների վերափոխման նորարար, ժամանակակից լուծումներ։

Մինչ ընկերության հիմնադրումն աշխատում էի ֆինանսական հատվածում: Հենց այդ ժամանակ էլ համապատասխանության մեջ որոշակի խոչընդոտների հանդիպելն ու դրանց արագ լուծումներ տալն էլ ինձ բերեցին ընկերության հիմնադրման որոշմանը:

«Auditiams Compliance & Risk Limited»-ը հիմնադրվել է 2021 թվականին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Սկզբնական շրջանում այն կենտրոնացած էր ֆինանսական ծառայությունների ոլորտում զանգերի մոնիտորինգի լուծումների վրա: Այնուհետեւ Auditiams-ը ընդլայնվեց՝ ստեղծելով համապատասխանության հարթակներ, որոնք կարող են հարմարեցվել տարբեր ոլորտների՝ ներառյալ բանկային, ժամանցային, ապահովագրական եւ իրավաբանական ընկերությունների պահանջներին: Ընկերության նպատակն է դառնալ բազմաոլորտային, լուծումներին ուղղված համապատասխանության կենտրոն, պարզեցնել համապատասխանության եւ ռիսկերի կառավարման խնդիրները:

Հարթակները եւ առաջարկները

Auditiams-ը ներկայումս առաջարկում է 4 հարթակ՝ ընդգրկելով համապատասխանության, ժամանցի, կրթության եւ ծառայությունների ոլորտները:

Ընկերության AUDCOM, AUDSER, AUDEDU եւ AUDENT հարթակները նախատեսված են փոխակերպելու տարբեր ոլորտներում գործող բիզնեսների համապատասխանության, ռիսկերի կառավարման եւ իրավական ծառայությունների ապահովման մոտեցումները։

AUDCOM-ն առաջարկում է 6 լուծում հաղորդակցության ոլորտում՝ ներառյալ մարքեթինգային վերահսկում, մարքեթինգային նյութերի վերանայում, բողոքների կառավարում, մանրակրկիտ «due diligence» ուսումնասիրություն, տարբեր ռիսկերի գնահատում եւ իրական ժամանակում փողերի լվացման դեմ պայքարի գործառնական լուծումներ։ Այն բանկերին հնարավորություն է տալիս կապի մոնիթորինգ իրականացնել եւ այն օգտագործել իր KYC (ճանաչիր քո հաճախորդին) նպատակների համար, ID-ի (նույնականացման տվյալներ) ստուգումներ իրականացնելիս: Այն կարող է օգտագործվել նաեւ փողերի լվացման դեմ պայքարի համար՝ հետեւել, թե որոնք են միջոցների աղբյուրը կամ հարստության գոյացման աղբյուրը:

AUDSER-ը «ամեն ինչ մեկ տեղում» ծառայությունների հաբ է, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց՝ դիմելու իրավաբանական անձանց գրանցման, իրավական խորհրդատվության տրամադրման, միջոլորտային լիցենզավորման հայտերի ներկայացման համար։ Այն ներառում է նաեւ գործիքներ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ իրացվելիության մատակարարների որոնման համար: Առաջարկում է նաեւ ընկերությունների համար մասնաճյուղերի հեղափոխական, առցանց աուդիտի համակարգ։

Հարթակը կարող է օգնել ֆինանսական հաստատություններին եւ բանկերին ձեռք բերել նոր լիցենզիաներ, ձեռք բերել իրավական կարծիք: Այստեղ կարեւորն այն է, որ մենք իրավական եզրակացություններ չենք տալիս։ Մենք չենք տալիս ինկորպորացիաների վերաբերյալ մեջբերումներ: Մենք ունենք իրավաբանական ընկերություններ, որոնք համակարգում են եւ գնանշումներ են ուղարկում, իսկ ընկերությունները իրենք են ընտրում, ում հետ են գնալու։

AUDEDU հարթակը պարզեցնում է ընկերությունների նոր եւ գործող աշխատակիցների համար նախատեսված ուսուցման եւ վերապատրաստման գործընթացները՝ տրամադրելով համակարգված եւ ավտոմատացված լուծումներ։ Այն նաեւ ապահովում է հասանելիություն դասընթացների՝ տարեկան շարունակական մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխանելու համար։

AUDENT-ը միավորում է ֆինանսական եւ զվարճանքի ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջինիս տաղանդների աջակցմանն ու առաջխաղացմանը։ Այն տրամադրում է ժամանցի ոլորտի եւ դրա մասնագետների յուրահատուկ պահանջմունքներին համապատասխանող լուծումներ եւ ծառայություններ։ Այս հարթակը բանկերին կարող է ծանոթացնել տաղանդների հետ: Օրինակ, եթե գովազդների համար կամ գործընկերային առաջարկների համար Հայաստանում գործող բանկը ցանկանում է ինչ-որ մեկի հետ համագործակցել, կարող է առցանց մուտք գործել մեր հարթակ, փնտրել իրեն անհրաժեշտ մարդկանց եւ կատարել բոլոր գործարքները այս հարթակում:

Համապատասխանության մշակույթը

Համապատասխանությունը ֆինանսական հաստատության կարեւոր մասն է: Այն բիզնեսում եւ ֆինանսական համակարգում շատ լայն շրջանակ կարող է ընդգրկել՝ ինչը մենք անվանում ենք համապատասխանության մշակույթ: Այն, ընդհանուր առմամբ, իր մեջ ընդգրկում է վերափոխումների լայն շրջանակ՝ վերլուծություն, ավտոմատացում, տվյալների կառավարում, ուսուցում, մարքեթինգ, հաճախորդների մոնիթորինգ, փողերի լվացման դեմ պայքար եւ այլն: Յուրաքանչյուր հաստատություն համապատասխանության մշակույթի իր ըմբռնումն ունի:

Մեր ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է համապատասխանության վերափոխման ծառայություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս կրթվել եւ զարգացնել բիզնեսը: Այսինքն՝ համապատասխանության վերափոխումը պետք է ընկալել ոչ թե խոչընդոտ բիզնեսի համար, այլ այն զարգացնելու գործիք: Սա շատ կարեւոր է:

Մենք ցանկանում ենք, որ բիզնեսը համապատասխանության վերափոխումը հասկանա ավելի շատ գործնական մակարդակում, քան տեսական: Տեսականից անվերջ կարելի է խոսել, բայց դա բիզնեսին չի օգնի: Պետք է հասկանալ, թե ինչպես է գործում բիզնեսը եւ օգնել նրանց հասնել իր նպատակներին:

Հայաստանի հետ աշխատանքը

Auditiams Compliance & Risk Limited ընկերությունը կարող է Հայաստանին առաջարկել համապատասխանության (compliance) եւ ռիսկերի կառավարման ոլորտում մի շարք լուծումներ, որոնք կարող են օգտակար լինել ֆինանսական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների համար: Մեր հարթակները կարող են օգնել իրականացնել գործընթացներ, որոնք թույլ կտան տեղի ընկերություններին զարգանալ համաշխարհային մակարդակով: Այս առումով Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի:

Ալեքսանդր Մարտիրոսյանը


Օրինակ՝ օգտագործելով մեր AUDCOM հարթակը, որպես ծրագրային ապահովում, հայկական ֆինանսական ընկերությունները կարող են բարելավել իրենց KYC (ճանաչիր քո հաճախորդին) եւ AML (փողերի լվացման դեմ պայքար) մակարդակները: Մեր հարթակների միջոցով այդ ընկերությունները կարող են ձեռք բերել համապատասխանության ավելի լավ պատկերացում, ընդլայնվել գլոբալ առումով, ինտեգրվել նոր շուկաներ, ներդրումներ ներգրավել եւ այլն:

Ընկերության առաջարկած լուծումները կարող են օգնել ձեռնարկություններին կանխատեսել հնարավոր ռիսկերն ու նվազեցնել դրանք: Ներքին աուդիտի ավտոմատացման միջոցով Հայաստանում գործող ընկերությունները կարող են օգտվել աուդիտի եւ համապատասխանության վերլուծության գործիքներից՝ բիզնեսի գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Մեր ընկերությունը կարող է Հայաստանում կազմակերպել դասընթացներ եւ վեբինարներ՝ համապատասխանության մասնագետների համար: Ընկերությունը կարող է աջակցել հայաստանյան ձեռնարկություններին եւ պետական մարմիններին միջազգային համապատասխանության ստանդարտներին համահունչ գործընթացներ մշակելու հարցում:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 6251
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW