Շեֆիլդի եւ Յորքի համալսարանների հայ շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները

02.11.2024 | 08:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հոկտեմբերի 30-ին Երեւանի Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանում Շեֆիլդի եւ Յորքի համալսարանների շրջանավարտների դիպլոմների հանձնման ն եւ նոր ուսանողների ողջույնի երեկո: Ուսանողներին եւ շրջանավարտներին շնորհավորելու էին եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Յորքի համալսարանի եւրոպական կամպուս CITY College-ի փոխնախագահ Մեգակլիս Պետմեզասը եւ ուրիշներ:

Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղակայված Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ, իսկ հետագայում նաեւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է դեռեւս 2012 թվականից՝ դիմորդներին առաջարկելով բրիտանական բարձրակարգ կրթություն բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերում:



2016 թվականից ի վեր, Երեւանում սկսել է գործել նաեւ Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը, որը 2021 իրականացվում է ավելի ընդլայնված՝ Համաեւրոպական Executive MBA-ի տեսքով: Այս կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին առաջարկում է բիզնես կրթություն եւ MBA դիպլոմներ բրիտանական Յորքի եւ Ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների կողմից՝ հնարավորություն տալով շարունակել ապրել եւ աշխատել հայրենիքում:



Նախորդ 9 տարիների ընթացքում City College-ը Հայաստանից ունեցել է ավելի քան 400 ուսանող՝ բակալավրի, մագիստրատուրայի եւ MBA կրթական ծրագրերում:

City College-ի փոխտնօրեն Մեգակլիս Պետմեզասը ողջունելով ներկաներին ներկայացրել է կրթության ոլորտում իրենց նպատակն ու առաքելությունը:

«City College-ը հիմնվել է 1991 թվականին՝ բարձրակարգ կրթություն տրամադրելու առաքելությամբ: Նախորդ 35 տարիների ընթացքում մենք շարունակաբար աճել ենք՝ դառնալով լայն եւ բազմակողմանի կրթական հաստատություն, կրթել ավելի քան 10 000 ուսանողերի աշխարհով մեկ: Շատ ուրախ ենք, որ մեր բոլոր շրջանավարտները հաջողությամբ առաջ են մղում իրենց կարիերան ամենատարբեր ոլորտներում»,-նշել է նա:

City Collage-ի փոխտնօրեն Մեգակլիս Պետմեզասը


Շրջանավարտներին եւ իրենց ուսումը նոր սկսող ուսանողներին ողջունել եւ շնորհավորել է նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

«Ես հույս ունեմ, որ դուք լավագույնս օգտվում եք այն առավելություններից, որ տալիս է բրիտանական կրթության համայնքի մասը լինելը, քանի որ այս ամենը ոչ միայն զուտ կրթության, այլ նաեւ մեկը մյուսով ոգեշնչվելու եւ հեռակա կապեր ձեւավորելու մասին է»,-նշել է դեսպան Գալագերը:

Դեսպան Ջոն Գալագերը


ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն էլ իր հերթին շնորհավորելով ներկաներին հույս է հայտնել, որ ստացված կրթությունը կօգնի ավելի լավ իրականացնել մասնագիտական գործունեությունն այն ոլորտներում, որոնք ընտրել են շրջանավարտները:

«Ուզում եմ խնդրել ձեզ, որ ձեր ստացած գիտելիքները, հմտությունները ներդնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը: Մենք շատ լուրջ մարդկային ռեսուրսի կարիք ունենք»,- ընդգծել է նա:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը


Շեֆիլդի համալսարանի MBA ծրագրի շրջանավարտ Մերի Ասլանյանը մասնագիտությամբ իրավաբան է եւ արդեն 17 տարի է աշխատում է բանկային համակարգում:

«MBA-ի կրթական ծրագրին դիմեցի, քանի որ ցանկանում էի զարգացնել կառավարման հմտություններս, շփվել ոլորտի լավագույնների հետ, նոր մարտահրավերներ հաղթահարել, եւ ընտրությանս մեջ չսխալվեցի: Թեեւ ուսումնառության գործընթացը լի էր խոչընդոտներով, քանի որ այն համընկավ համավարակի եւ պատերազմական ժամանակահատվածի հետ, բայց դրանք եւս մեզ հասունացրին»,- ասել է Մերի Ասլանյանը:



Կրթական ծրագրի ավարտից հետո նա որոշել է սեփական բիզնեսը հիմնել՝ գործնականում կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:
 
«Ստեղծել ենք «Green Tava» ընկերությունը, որն արտադրում է բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր կիսաֆաբրիկատներ: Այժմ վայելում ենք բիզնեսի՝ փուլ առ փուլ զարգացման ընթացքը»,-պատմել է Մերի Ասլանյանը՝ ընդգծելով, որ Շեֆիլդի համալսարանի MBA ծրագրի ստացած գիտելիքները կիրառում է բիզնեսի կառավարման բոլոր ուղղություններում:



«Մինչ օրս մշտական կապի մեջ եմ իմ շատ սիրելի դասախոսների հետ, նրանցից շարունակաբար խորհուրդներ եմ հարցնում բիզնեսի տարբեր հարցերի առնչությամբ: Նույն կերպ շրջանավարտների համայնքում ենք շարունակում միմյանց աջակցել»,- հավելել է նա:

Ավարտական դիպլոմների հանձնումը տոն էր ոչ միայն ուսանողների եւ համալսարանի անձնակազմի համար, այլեւ ինչպես նկատել է Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոսին, շրջանավարտների հարազատների համար, քանի որ կրթական ճամփորդության ընթացքում ուսանողների կանայք, ամուսինները, երեխաներն ու ծնողներն ամեն քայլափոխին աջակցել են նրանց:



Պրոֆեսորի խոսքով՝ հայ ուսանողների հետ աշխատելը նրանց մեծ ուժ է տալիս շարունակելու կրթական առաքելությունը: Նա մեկ անգամ չէ, որ նշել է, թե ինչպես են հայ ուսանողներն առանձնանում ուսման հանդեպ ձգտումով եւ առաջադիմությամբ:

«Մենք տեսնում ենք մեր շրջանավարտների հաջողությունը. նրանցից շատերը դասավանդում են տեղի համալսարաններում կամ պարզապես իրենց փորձառությունն են փոխանցում առաջատար ընկերություններում: Սա հիանալի է, քանի որ կրթությունը գիտելիքի փոխանցման մասին է, որով օգնում ենք գալիք սերնդին գործելու շատ ավելի լավ, քան մենք ենք գործել»,- նշել է պրոֆեսորը:

Նա ուրախությամբ հավելել է, որ MBA-ի ուսանողների երեխաներն արդեն իսկ City College-ի բակալավրի կրթական ծրագրի ուսանողներ են:

«Հայերը շատ հպարտ մարդիկ ենք. դուք հպարտ եք նրանով, թե ով եք դուք, հպարտ եք, թե ով եք դարձել եւ թե ուր եք գնում: Մեզ համար մեծ պատիվ է այս ճանապարհին ձեր կողքին լինելը»,-ամփոփել է նա:  

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 3769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW