«Երեմյան» ընկերությունների խմբի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող խոշորագույն գերժամանակակից տոհմային անասնապահական համալիրի մեկ տարվա աշխատանքների ամփոփում և գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային առաջատար հարթակի մեկնարկ. արդեն երրորդ անգամ կայացավ Yeremyan FARM FEST-ը։ Միջոցառումն այս տարի անցկացվեց «Երեմյան» ընկերությունների խմբի՝ Տաշիր համայնքում գործող անասնապահական համալիրում, հոկտեմբերի 28-ին՝ վերջինիս գործարկման կիսամյակի օրը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, դեսպանությունների, հասարակական, ինչպես նաև ֆերմայի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան» ընկերությունների խմբի միջև կնքված համաձայնագրի շրջանակում կառուցված համալիրն իր տեսակով առաջինն ու եզակին է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, և մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի համար կարևորագույն նշանակություն ունի։ «Երեմյան» ընկերությունների խմբի այս նախագծի նպատակն է Հայաստանում զարգացնել ժամանակակից անասնապահություն, ձևավորել կաթնամթերքի արտադրության և կաթնամթերքի սպառման նոր մշակույթ, փոխել որակյալ կաթի մասին մոտեցումները, ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։ Լուսանկարը՝ «Երեմյան» ընկերությունների խումբ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով, շնորհավորելով «Երեմյան» ընկերությունների խմբին, նշեց.«Կրկնակի ողջունելի է, երբ նման ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և մասնավորի համագործակցության շրջանակում։ Վստահ եմ՝ բարձրակարգ, գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս ֆերման լավ օրինակ կծառայի Լոռու մարզի մեծ և փոքր ֆերմերային տնտեսությունների համար։ Այս ծրագրի իրականացումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացմանը, ինչը շղթայական կերպով ազդեցություն կունենա մարզի տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման վրա։ Կարևորում եմ նաև նախագծի շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծումը, որը գնալով ավելանում է»։ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հավաստմամբ՝ «Երեմյան» ընկերությունների խմբի այս ծրագրի շրջանակում մեկտեղվել ու իրականություն են դարձել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, մրցունակ ու որակյալ արտադրանք ունենալը, որոնք կառավարության որդեգրած տեսլականի մի մասն են. Լուսանկարը՝ «Երեմյան» ընկերությունների խումբ «Սա միայն ֆերմայի հիմնման և դրա գործունեության մեկ տարվա ամփոփում չէ. ակնհայտ է, որ սա, առաջին հերթին, գիտելիքի ձևավորման մի հարթակ է դարձել։ Ուրախությամբ եմ նշում՝ այս նախաձեռնությունը կարողացել է ներգրավել միջազգային լավագույն փորձը։ Ընկերությունը պատրաստակամ է եղել և այսօր էլ շարունակում է կիսվել այդ փորձով թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ տարբեր ֆերմերային տնտեսությունների հետ։ Միաժամանակ, մենք ականատես ենք լինում, որ կառավարության մեկ այլ ծրագրի շրջանակում և մեր կողմից շատ կարևորվող բաղադրիչը, այն է՝ գյուղտեխնիկայի դերը արտադրության արժեշղթայում, այս նախաձեռնությունում ևս կարևորվել ու դրսևորվել է», - հավելել է Արման Խոջոյանը։ «Այսօր մենք կարողանում ենք ապահովել փակ շղթայի ամբողջական վերահսկումն ու պատշաճ իրականացումը և արտադրում ենք ամենաբարձր որակի կաթնամթերք՝ ապահովելով պարենային անվտանգության մեզ վստահված հատվածը», - իր խոսքում նշեց «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը։ «Գյուղատնտեսությամբ զբաղվելով՝ մենք զարգացրել ենք մի քանի ուղղություններ, և այսօր կարող ենք խոսել տոհմային տնտեսության, արտադրության մեջ նոր ու ժամանակակից պրակտիկաներ կիրառելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու, գործառույթները շարունակաբար ընդլայնելու մասին։ Եվ այսօր պատրաստ ենք կիսվել մեր փորձով, մեր գիտելիքներով, ներդնել մեր ամբողջ ներուժը՝ Հայաստանում նոր որակի ու մակարդակի գյուղատնտեսություն և անասնապահություն զարգացնելու համար։ Այս FARM FEST-ը հենց դրանով է առանձնանում. այն նախորդներից տարբերվում է իր մասշտաբներով ու հավակնոտ նպատակներով»,- ելույթում նշել է Դավիթ Երեմյանը։ Եվրասիական Զարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Այսօր՝ մեկ տարի անց, մենք կարող ենք փաստել, որ հասել ենք այն նպատակներին, որոնց ձգտում էինք. Կաթի արտադրությունն աճել է 8-10 անգամ, ստեղծվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր, այլ ընկերությունների համար նմանատիպ հզորությունների հասնելու որակի նոր նշաձող է սահմանվել։ Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակվում է նաև սոցիալական նախագծի շրջանակում, և Եվրասիական Զարգացման Բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան» ընկերությունների խումբը կիրականացնեն «Կաթ դպրոցներում»՝ մեր երեխաների համար նախատեսված ծրագիրը»։«Երեմյան» ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի առաքելությունն ու նպատակները բխում են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից»։ Այս մասին իր ելույթում շեշտեց «Երեմյան» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ, Կառավարման խորհրդի անդամ, Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։ Լուսանկարը՝ «Երեմյան» ընկերությունների խումբ «Գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում, աջակցություն պարենային անվտանգությանն ու մարդկային, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը կաթնարտադրության ոլորտում, խթանում ոլորտի արդիականացմանն ու զարգացմանը Հայաստանում՝ տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ, աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը. այս կետերն ամրագրված են ռազմավարությունում։ Մեր գյուղատնտեսական նախագծերում մեկտեղվում են երեք անկյունաքարային գործոններ՝ նորարարությունը, որակը և մարդը։ Սրանք այն սկզբունքներն են, որոնք դրվել են FARM FEST 2024-ի հիմքում և դարձել են մեր կարգախոսն այս տարվա համար», - հավելել է Լուսինե Երեմյանը։ Ըստ Լուսինե Երեմյանի՝ այս նպատակներին հասնելու համար մեկ տարվա ամփոփիչ տվյալներն ավելի քան խոսուն ու տպավորիչ են։ Ֆերմայում 2023-2024թթ ընթացքում արտադրվել է մոտ 10,000,000 լիտր կաթ, արտադրվել ու մատակարարվել է 20,000 տոննա կեր։ Այս պահին Տաշիրի ֆերման ունի 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթու կով, 6500 խոզ, որից 600-ը մայր խոզ, 850 հեկտար մշակվող հող կերարտադրության համար, 25 միավոր գյուղտեխնիկա, 150 աշխատակից։ Լուսանկարը՝ «Երեմյան» ընկերությունների խումբ Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև, որ «Երեմյան» ընկերությունների խումբը մեկնարկում է նոր նախագիծ սկսնակ և գործող ֆերմերների համար։ Որպես ֆերմերային տնտեսության օրինակելի բիզնես մոդել՝ ընկերությունն այսուհետ կիսվելու է իր փորձառությամբ ու գյուղատնտեսական պրոդուկտներով, մասնավորապես՝ տոհմային կենդանիներ, գյուղատնտեսական սարքավորումներ և տեխնիկա, կերային հավելումներ, սելեկցիա (տոհմանյութ)։ «Երեմյան» ընկերությունների խմբի Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց այս ուղղությունները։ Լուսանկարը՝ «Երեմյան» ընկերությունների խումբ Սկսնակ ֆերմերներն այս նախագծի շնորհիվ կարողանալու են ճիշտ և գրագետ կերպով մուտք գործել անասնապահության ոլորտ, իսկ գործող տնտեսությունները կարողանալու են շտկել առկա բացթողումներն ու թերությունները տնտեսության պայմանների, կենդանիների պահվածքի, կերակրման և բուծման մասով։ «Ֆերմերները քայլ առ քայլ կարողանալու են գնահատել իրենց տնտեսությունների կառավարման արդյունավետությունը։ Այս ամենի վերջնական արդյունքը Հայաստանում ոլորտի զարգացումն է, և այն նպատակների իրագործումը, որոնք այսօր շեշտվեցին ու քննարկվեցին»,-նշել է Արծրուն Խաչատրյանը։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ նաև ֆերմայի լավագույն աշխատակիցների խրախուսական պարգևատրման արարողություն։Նշենք, որ «Երեմյան» ընկերությունների խմբի գերժամանակակից ֆերմայի և գործարանի հզորությունների շնորհիվ ընկերությունն այսօր արտադրում և սպառողին է ներկայացնում ավելի քան 80 տեսակի ամենաբարձր որակի բնական կաթնամթերք։ Tweet Դիտում՝ 4802