Իդրամի QR ենթակառուցվածքը այսուհետ բաց կլինի բոլորի համար

23.09.2024 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Իդրամ ընկերությունը իր QR ենթակառուցվածքը բացել է նաեւ մյուս ֆինանսական կառույցների համար։ Ընկերությունը հայտարարել է՝ այսուհետ վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաեւ Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է, որ այս պահին Իդրամ միասնական QR ենթակառուցվածքին միացել եւ հուշագիր են ստորագրել Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը եւ Converse Bank-ը:

Արսեն Քդենյանը


«Այս ընկերություններն արդեն պատրաստ են միանալ բաց QR ենթակառուցվածքին, իսկ ֆինանսական համակարգի մյուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ։ Այսուհետ ցանկացած ֆինանսական կազմակերպություն, ինտեգրվելով Իդրամի ենթակառուցվածքին, հնարավորություն կտա իր հաճախորդներին իրենց իսկ հավելվածներով սքանավորել Իդրամ QR պիտակներն ու վճարում կատարել Հայաստանի տարածքում գտնվող ավելի քան 22 000 վաճառակետերում։ Հատկանշական է, որ Իդրամի բաց QR ենթակառուցվածքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաեւ Armenian Card ընկերությունը, ինչը նշանակում է, որ միասնական ջանքերով կձեւավորվի ազգային QR ենթակառուցվածք»,- ասել է Արսեն Քդենյանը։



«Սա նշանակում է, որ երկու ընկերությունները կմիավորեն իրենց ջանքերը մեկ միասնական, բաց եւ զարգացման մեծ հեռանկար ունեցող ենթակառուցվածքի շուրջ։ Այս համաձայնագրի շրջանակում երկու ընկերություններն իրենց ջանքերը կմիավորեն Հայաստանի ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների համար թափանցիկ, հուսալի եւ արդյունավետ ենթակառուցվածք ստեղծելու շուրջ»,- ասել է Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը։

Արմենիան Քարդ ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է, որ Իդրամի այս նախաձեռնությունը կնպաստի նաեւ Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որն էլ կաջակցի տնտեսության ընդլայնմանը եւ անկանխիկ մշակույթի ամրապնդմանը։

Վարդան Խաչատրյանը եւ Արսեն Քդենյանը


«Արմենիան Քարդը ՓԲ ընկերությունը, որն արդեն իսկ հանդիսանում է ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2,5 միլիոն քարտ եւ ավելի քան 80,000 տնտեսվարող, այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքների եւ միասնական քլիրինգային կենտրոնի դերը։ Արմենիան Քարդ ընկերությունը, համադրելով Իդրամի այս նորարարությունն իր ծրագրային եւ տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ եւ անվտանգ վճարումներ»,- ասել է նա։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ բաց QR ենթակառուցվածքի միջոցով հարթվում են Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների միջեւ սահմանները եւ սա արվում է առաջին հերթին հաճախորդների հարմարավետությունը բարձրացնելու եւ QR ենթակառուցվածքը զարգացնելու համար։

Արսեն Քդենյանը եւ Գրիգորի Յոլյանը


«Իմ գործընկերները նշեցին, որ մենք ունենք 22,000-ից ավելի գործընկեր-վաճառակետ, իրականում դրանք մեր առեւտրային գործընկերներն են, որոնք տարբեր պրոֆիլների են։ Գործընկերներ, որոնք վաճառում են ապրանք, մատուցում ծառայություն եւ դրա դիմաց պետք է ստանան վճարում։ Խոսքը սուպերմարկետների, դեղատների, սրճարաների, ռեստորանների, գազաբենզալցակայանների, գեղեցկության սրահների, հյուրանոցների, բժշկական հաստատությունների մասին է։ Այս ցանկը հետզհետե ընդլայնվում է։ Մենք հոգացել են, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան եւ սպասարկի գնալով աճող վճարումների ամբողջական ծավալը»,- ասել է նա։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ ասել է, որ եզակի դեպք է, երբ ֆինանսական կազմակերպությունները՝ մրցակցելով իրար հետ շուկայի մասնաբաժնի համար, գտել են իրենց եւ հաճախորդների փոխադարձ շահերը, որպեսզի համակարգերն աշխատեն փոխգործելի։

Հովհաննես Խաչատրյանը


«Հայաստանում քարտերով վճարումները սովորական պրակտիկա ու տրադիցիա են եւ Իդրամը՝ որպես QR-ով վճարումների ամենամեծ խաղացողը համակարգում, իր ուղղությամբ զարգացրել է QR վճարումները իր ենթակառուցվածքներում իր եւ այլ հաճախորդների հետ»,- ասել է նա։

Ասուլիսի ավարտին Իդրամ ընկերությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Դիտում՝ 2588
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW