Կամուրջ՝ ԵՄ ու Մերձավոր Արեւելքի շուկաների միջեւ. Հայաստանի եւ Աբու Դաբիի ֆոնդային բորսաները հուշագիր են ստորագրել

13.08.2024 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի եւ Աբու Դաբիի ֆոնդային բորսաների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կողմերի գնահատականով՝ այն միտված է արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանն ու ռազմավարական գործընկերության ամրապնդմանը:



Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրման արարողությունից հետո ասել է՝ սա առաջին քայլն է Մերձավոր Արեւելքի երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ.

«Աբու Դաբիի բորսան Մերձավոր Արեւելքում խոշորագույններից է: Բացի այդ, ունի նաեւ հետաքրքիր հարթակ, որը կոչվում է Tabadul: Դրան միացած բորսաների բրոքերները հնարավորություն ունեն մյուս բորսաներում առկա գործիքներով կատարել առեւտուր: Այսպիսով, հայաստանյան բրոքերներն այլեւս կարիք չեն ունենա մեկնել տարբեր երկրներ, բացել ներդրումային հաշիվներ, այլ՝ կտեսնեն Tabadul-ի մաս կազմող այլ բորսաներում առկա ներդրումային գործիքները»:

Հայկ Եգանյանը


Հայկ Եգանյանն ընդգծել է՝ հարթակը լայն հնարավորություններ է տալիս նաեւ ներդրումների ներգրավման տեսանկյունից.

«Մերձավոր Արեւելքի ներդրողների համար առավել տեսանելի ու հասանելի են դառնում նաեւ մեր բորսայում եղած ներդրումային գործիքները, մասնավորապես՝ պետական պարտատոմսերը: Սա քայլ է, որ բացենք «դուռն» օտարերկրյա ներդրողների համար: Չպետք է մոռանալ՝ նրանց տեղական ֆինանսական շուկա բերելն այնքան էլ հեշտ չէ: Կան իրավական ու տեխնիկական շատ հարցեր: Այնպես որ, փորձում ենք կարգավորել ու հարթել դրանք»:

Աբդուլա Սալեմ Ալ Նուամին


Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամին հույս է հայտնել, որ Հայաստանի ֆոնդային բորսան առաջիկայում կմիանա Tabadul-ին:
 «Ուրախ եմ ստորագրել այս հուշագիրը: Այն համագործակցության նոր եզրեր է ստեղծում, մասնավորապես՝ քննարկելու Tabadul միջազգային հարթակին Հայաստանի ֆոնդային բորսայի միանալու հնարավորությունը: Նախաձեռնությանն արդեն վեց երկրի ֆոնդային բորսա է միացել, անդամ ներդրողների թիվը հասել է 3 մլն 800 հազարի: Այս պահին Tabadul-ում ցուցակված ընկերությունների քանակն անցնում է 270-ը: Հարթակն աջակցում է նաեւ այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ հանրային: Այսպիսով, դրանց արժեթղթերին հասանելիություն է ստանում Tabadul-ին միացած 3 մլն 800 հազար ներդրող», - ասել է Աբդուլա Սալեմ Ալ Նուամին՝ ավելացնելով.

Աբդուլա Սալեմ Ալ Նուամին


 «Համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում: Համոզված եմ՝ շուտով ականատես կլինենք Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համաձայնագրի ստորագրման՝ արդեն նշածս նախաձեռնությունների շրջանակում»:

Հուշագրի ստորագրմամբ, կողմերը պայմանավորվել են նաեւ ընդլայնել համագործակցությունը ենթակառուցվածքների ու տեխնոլոգիական ոլորտներում:
ՀՖԲ-ում կարծում են, որ այս գործընկերությամբ Հայաստանն ու մասնավորապես՝ Հայաստանի ֆոնդային բորսան կարող է կապող կամուրջ դառնալ Մերձավոր Արեւլքի եւ Եվրոպայի դինամիկ շուկաների միջեւ:



«Մերձավոր Արեւելքն ամենահարուստ տարածաշրջաններից մեկն է: Տարիներ առաջ մենք քայլ արեցինք ու ընդլայնեցինք համագործակցությունը Եվրոպական միության հետ: Հիմա փորձում ենք ներգրավել Մերձավոր Արեւելքի ներդրողներին: Այսպիսով, Հայաստանը կարող է կողմերի միջեւ կապող կամուրջ դառնալ», - ասել է ՀՖԲ գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Հայկ Եգանյանը


Նշենք, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին հրավիրել էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա: Այստեղ նրանք ծանոթացել էին դրա գործառույթներին, առեւտրային հարթակի հնարավորություններին ու փոխանակվել փորձով։

Համաժողովին հետեւել էին երկու բորսաների մասնագետների միջեւ տարբեր քննարկումներ եւ փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք էր դրվել փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Աբու Դաբիի ֆոնդային բորսան (ADX) արաբական տարածաշրջանի արժեթղթերի երկրորդ խոշոր շուկան է: Այն տարածաշրջանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկի՝ ADQ-ի (Abu Dhabi Developmental Holding Company) մաս է կազմում: ADQ-ն ունի խոշոր ձեռնարկությունների լայն պորտֆել, որոնք ընդգրկում են Աբու Դաբիի դիվերսիֆիկացված տնտեսության հիմնական ոլորտները:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 10785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW