Նունե Հովսեփյան.Կոնցեռն Դիալոգի նոր տարբերանշանում խտացրել ենք 25 տարվա պատմությունը

01.07.2024 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը տարին մեկնարկել է թարմացված բրենդով՝ նոր տարբերանշանով ու գույներով՝ նպատակ ունենալով վիզուալ նոր տարրերով ու գունային լուծումներով ժամանակի պահանջներին համահունչ ներկայացնել ձեւավորած արժեքներն ու սկզբունքները:

Իրավաբանական ընկերությունում մարքեթինգի աշխատանքի առանձնահատկությունների եւ այդ ոլորտում գրասենյակի ապագա պլանների մասին Banks.am-ը զրուցել է Կոնցեռն Դիալոգի Մարքեթինգի եւ հաղորդակցությունների տնօրեն Նունե Հովսեփյանի հետ:

Նա իր մասնագիտական ուղին սկսել է որպես իրավական լրագրող՝ աշխատելով տարբեր լրատվամիջոցներում, ապա փորձ է ձեռք բերել հաղորդակցության ոլորտում՝ ավելի քան 6 տարի ղեկավարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Նունե Հովսեփյանը շեշտում է՝ նախկին մասնագիտացումներն օգնում ու լրացնում են միմյանց Կոնցեռն Դիալոգի մարքեթինգային ու հաղորդակցության ոլորտի զարգացման, ինչպես նաեւ հաճախորդներին ռազմավարական հաղորդակցությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման գործում։ Աշխատավայրի ընտրությանը վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ՝ առաջնային համարելով պրոֆեսիոնալների հետ աշխատանքն ու ընկերության արժեքների հետ համակարծիք լինելը։

«Նորացված բրենդը համապատասխանում է Կոնցեռն Դիալոգի էությանը»

Գրեթե մեկ տարի տեւած աշխատանքների արդյունքում այս տարվանից Կոնցեռն Դիալոգը ներկայանում է նոր տարբերանշանով ու գույներով, որը, կարծում եմ, համապատասխանում է ընկերության «էությանը»։ Թիմի հետ պարբերաբար  հանդիպումների, հարցումների ու քննարկումների արդյունքում եկանք եզրահանգման, որ մեր բրենդի արքետիպերը երեքն են՝ իմաստուն, կանոններ թելադրող ու հոգատար, ըստ այդմ էլ՝ ձեւավորվեցին բրենդի գույները։ Նոր բրենդին համապատասխան վերաթողարկեցինք նաեւ ընկերության կայքը։ Այս աշխատանքները կարեւոր էին, քանի որ Կոնցեռն Դիալոգում տարիներով ձեւավորվել էր մշակույթ, մոտեցումներ, արժեքներ, բայց տպավորություն կար, որ գույները եւ վիզուալները չեն համապատասխանում, քանի որ հիմնադրման օրվանից դրանք չէին փոփոխվել:

Նունե Հովսեփյանը


Թիմի բոլոր անդամներն իրենց ներդրումն են ունեցել բրենդի թարմացման գործում, իսկ ամբողջ գործընթացում համագործակցել ենք Breavis ընկերություն հետ։

«Հաճախորդներն ավելին են, քան պարզապես մեր ծառայությունների սպառողներ»

Մարքեթինգն իրավաբանական ընկերությունում ունի առանձնահատկություններ։ Պրոֆեսիոնալ, հաճախորդամետ աշխատանքը եւ մարքեթինգային ճիշտ մոտեցումները մեզ համար չափելի արդյունք են ապահովում տարիներ շարունակ: Առաջատար դիրքեր ունենք պրակտիկորեն ընդունված բոլոր մեծ վարկանշավորումներում` Chambers and Partners, Legal 500 եւ մի շարք այլ: Ընդ որում, այս հարցում մեր դիրքորոշումը միանշանակ է՝ չենք մասնակցում այնպիսի վարկանշավորումների, որոնց համար պետք է վճարել, քանի որ այս դեպքում անկախ վարկանշավորում ակնկալելն անհնար է:

Chambers and Partners ընկերությունը վարկանշավորումից առաջ մեծածավալ աշխատանք է իրականացնում՝ ուսումնասիրելով ընկերության ներկայացրած տվյալները, հարցազրույցներ անցկացնելով հաճախորդների, շուկայի այլ մասնակիցներ հետ: Այսպիսի վստահելի վարկանշավորումն է, որ մեզ վստահելի է դարձնում նաեւ միջազգային գործընկերների, մեծ կամ հայտնի ընկերությունների համար Հայաստանին առնչվող իրավական հարցերի դեպքում։

Մարքեթինգային տարեկան բյուջե սահմանելիս ընկերությունը չի վարանում ձեռք բերել այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալու մեր դիրքը շուկայում, ինչպես նաեւ՝ ընկերության առաջխաղացման ուղղություններն ու հնարավորությունները։ Այդպիսի պրոֆեսիոնալ հետազոտություններից մեկն էլ Chambers-ի Insight report-ն է։

Սրան զուգահեռ, ընկերությունն ամեն տարի միջոցներ է նախատեսում միջազգային հայտնի իրավաբանական պարբերականների եւ հրատարակչությունների համար, որպեսզի թիմի անդամները համեմատական ուղեցույցներում հեղինակեն հոդվածներ ՀՀ իրավունքի եւ պրակտիկայի վերաբերյալ։ Այս մարքեթինգային գործիքը ցույց է տալիս մեր պրոֆեսիոնալիզմն իրավունքի կոնկրետ ուղղության վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, որ դա գնահատվում է միջազգային գործընկերների շրջանում՝ ավելի ընկալելի դարձնելով Հայաստանի իրավական հնարավորությունները ներդրողների համար։

Աշխատանքի կարեւոր ուղղություն է նաեւ խոշորագույն իրավաբանական դաշինքներից երկուսին (TagLaw եւ Nextlaw) անդամակցությունը եւ համագործակցությունն առանձին երկրներում գործող տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ, որոնք մեզ թույլ են տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել հաճախորդներին փաստացի ամբողջ աշխարհում։

Նունե Հովսեփյանը


Ինչ վերաբերում է հայկական շուկային, կարծում եմ՝ այստեղ Կոնցեռն Դիալոգը դիրքավորվել է տարիների պրոֆեսիոնալ աշխատանքով եւ հաճախորդի համար հավելյալ արժեք ստեղծելու սկզբունքով: Մեր նախկին հաճախորդները նոր հաճախորդներ ներգրավելու առաջնային աղբյուրն են, քանի որ գոհ հեռացած հաճախորդից ավելի արդյունավետ գովազդ իրականացնող հնարավոր չէ գտնել։

Մեզ համար հաճախորդներն ավելին են, քան պարզապես մեր ծառայությունների սպառողներ: Այնպես որ, փորձում ենք յուրաքանչյուրին իր անհատական կարիքներին համապատասխան մոտեցում ցուցաբերել՝  կարեւորելով ոչ թե կարճաժամկետ գործարքները կամ վաճառքները, այլ՝ երկարաժամկետ համագործակցությունը։

«Հաճախորդների հեղինակության կամ գործերի հաշվին դիրքավորվելը մեր ձեռագիրը չէ»

Ընկերության հանրային հաղորդակցությունն ու մարքեթինգը տարբերվում է շուկայի մոտեցումներից․ մեզ համար առաջնային է հաճախորդների հեղինակության կամ գործերի հաշվին չդիրքավորվելը։ Ճիշտ է, թվային մարքեթինգն իր կանոններն է թելադրում, բայց այդ գործիքները մենք կիրառում ենք այնքանով, որքանով անհրաժեշտ է թիրախային լսարանին հասնելու համար եւ դեմ չէ ընկերության որդեգրած սկզբունքներին։

Բաց աղբյուրներում, այդ թվում՝ մեր սոցցանցերում, հնարավոր չէ գտնել անհատական գործերի վերաբերյալ հաջողված պատմություններ, տեղեկություններ միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների կամ անհատների վերաբերյալ, որոնք մեր հաճախորդներն են կամ այն հաջողությունների մասին, որոնք արձանագրում ենք հաճախորդների շահերը ներկայացնելիս տարբեր հարթակներում։

Այնպես չէ, որ քննադատում ենք այդպիսի մոտեցումներ չունեցողներին: Ավելին, ես, որպես մասնագետ, կարեւորում եմ նման ձեւաչափով հրապարակումները, քանի որ դրանք ունենում են որոշակի դրական ազդեցություն, բայց ոլորտի առանձնահատկություններն ու տարիների փորձը մեզ այլ ուղղությամբ են տարել։ Բնականաբար, լինում են հանրային հնչեղության գործեր, որոնցով հնարավոր չէ խուսափել գործի վերաբերյալ մասնագիտական քննարկումներից, բայց այդ դեպքում էլ փորձում ենք առաջնային դարձնել վստահորդների խնդիրների կարգավորումը։

Ցավոք, մեր հասարակությունում տարեցտարի արմատավորվում է իրավաբանին նրա վստահորդի հետ նույնացնելու միտումը, որը բացառելու համար բոլորս պետք է հետեւողական աշխատենք: Սա նշում եմ ոչ թե այն պատճառով, որ վստահորդի վերաբերյալ լավ կամ վատ կարծիք ունենալու հետեւանքով չենք ցանկանում նույնանալ, այլ, քանի որ պետք է հասկանալ՝ փաստաբանի աշխատանքն ուղղված է յուրաքանչյուրի իրավաբանական օգնության իրավունքի ապահովմանը:  

Կոնցեռն Դիալոգ. վստահելի գործատու եւ կարիերայի աճի հնարավորություն

Կոնցեռն Դիալոգը հնարավորինս խրախուսում է թիմի անդամների մասնագիտական աճի շարունակական ձգտումը։

Մեր մասնագետները դասավանդում են տարբեր համալսարաններում, ներգրավված են օրենսդրության կատարելագործման հարցերում, վարում են սեմինարներ մասնագիտական ամենատարբեր թեմաներով։ Առանձին կարեւորություն ունի նաեւ լրագրողների, ուսանողների հետ աշխատանքը, այդ թվում՝ սեմինարներ եւ աշխատաժողովներ կազմակերպելու միջոցով։

Նունե Հովսեփյանը


Այս ամենին զուգահեռ, ընկերությունում ստեղծված է միջավայր, որում հնարավոր է պահպանել մասնագիտական-անձնական կյանք բալանսը․ սա ես նաեւ իմ օրինակով եմ ասում՝ որպես երկու փոքր երեխաների մայր (ժպտում է –հեղ.):

Առաջիկայում մի շարք ծրագրեր ունենք, որոնցից կառանձնացնեմ երկուսը՝ ուսանողների հետ ավելի հիմնարար ծրագրերի իրականացումն ու իրավական թեմաներով փոդքասթ ունենալը: Համոզված եմ՝ այս ոլորտներում եւս ընկերությանը կհաջողվի մասնագիտական հետաքրքիր քննարկումներ ծավալել։

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 17838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW