Ավտոաշխարհը շարժվում է դեպի էլեկտրական շարժունակության (e-mobility) ոլորտ։ E-mobility տերմինը ոչ միայն թրենդային է այսօր, այլեւ խորքային։ Ոլորտի փորձագետ Արտյոմ Պետրոսյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որքան մոբիլ է Հայաստանը ավտոաշխարհի քարտեզի վրա, ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած, եւ զարգացման որ փուլում է գտնվում երկիրը։ - Ինչպիսի՞ն է ավտոմոբիլային աշխարհն այսօր։- Եթե խոսենք ավտոմոբոլիային աշխարհի մասին առհասարակ, ապա զարգացումը դեպի էլեկտրականացում է կատարվում։ Այսօր առաջնային դիրքերում հայտնվող, չափազանց շատ գովազդվող մեքենաները հենց էլեկտրամոբիլներն են։ Վերջին տարիների հիմնական միտումը սա է։ Իհարկե, էլեկտրամոբիլների զարգացումն աշխարհում հավասարաչափ չի տեղի ունենում։ Տարբեր աշխարհամասերում զարգացման ընթացքը տարբեր արագությամբ, տարբեր միտումներով է տեղի ունենում։ - Ո՞ր երկրներն են ոլորտի առաջատարները։ - Այսօր տեսնում ենք չինական ավտոարտադրության թռիչքային աճը։ Նախկինում չինական ավտոարտադրությունը, մեղմ ասած, աշխարհում լավագույններից չէր։ Չինաստանը, Եվրոպան եւ Ամերիկան են հիմնական կանգառները, որտեղ վերջին մի քանի տարիներին էլեկտրականացումը ակնհայտորեն թափ է առել։ Այսինքն՝ e-mobility ոլորտի շեշտակի զարգացում է տեղի ունենում։ - E-mobility եզրույթը, իհարկե, շատ է կիրառվում, սակայն խորապես ընկալելի չէ։- Իրականում e-mobility եզրույթը շատ ընդգրկուն է եւ բազմաշերտ։ Այն վերաբերում է էլեկտրական էներգիայի օգտագործմամբ փոխադրամիջոցների ամբողջական համակարգին եւ ենթակառուցվածքներին՝ ներառելով էլեկտրական մեքենաները, ավտոբուսները, մոտոցիկլները, հեծանիվները, շատերին նյարդայնացնող ինքնագլորները եւ այլն... Ենթակառուցվածքների առումով կարելի է առանձնացնել զարգացած էլեկտրական լիցքավորիչների, էներգետիկ ցանցերի, էներգիայի աղբյուրների ամբողջական համակարգը։ Մի խոսքով՝ e-mobility-ն այդ պրոդուկտների եւ համակարգերի համախումբն է։- Նշեցիք, որ չինական ավտոարտադրությունը թռիչքային աճ է գրանցել, ինչո՞ւ է դա տեղի ունենում եւ ինչպե՞ս են ավանդական ավտոարտադրողները դիմակայում էլեկտրամոբիլների մրցակցությանը։- Իրականում ավանդական ավտոարտադրողները չափազանց դժվարությամբ են դիմակայում մրցակցությանը։ Սա շատ ծանր ոլորտ է, որտեղ շատ տարբեր, մանր ու մեծ օղակներ են ներգրավված: Պատահական չէ, որ շատ բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ոլորտներից է։ Երբեմն չենք էլ պատկերացնում, որ բոլորիս հայտնի որեւէ մակնիշի ավտոմեքենայի մասերը, դետալները ոչ թե տվյալ երկրում են արտադրվում, այլ մեկ ուրիշ երկրից են մատակարարվում։ Մյուս հարցն այն է, որ անցումը էլեկտրական մեքենաների պահանջում է բոլորովին այլ մտածելակերպ, տեմպ ու մոտեցում։ Այստեղ կարեւոր է նշել տնտեսական գործոնը, որովհետեւ Չինաստանում ցանկացած արտադրություն (ավտոարտադրությունն առաջին հերթին) գտնվում է պետական հովանավորության ներքո. չինական ավտոարտադրողները լուրջ սուբսիդավորում են ստանում պետությունից։ Ավանդական ավտոարտադրողները, որոնք հիմնականում Եվրոպայում եւ Ամերիկայում են գտնվում, չունեն պետական նույն աջակցությունը. նրանք դասական բիզնես են։ Եվ այստեղ, իհարկե, ոչ մրցակցային պայմաններ են առաջանում։ Օրինակ՝ մեզ ծանոթ գերմանական որեւէ բրենդ հնարավորություն չունի պետությունից ստանալ նույնքան շահավետ սուբսիդավորում իր էլեկտրական ավտոմեքենաները վաճառելու համար, որքան չինական ավտոարտադրողը։ Մյուս կողմից՝ Չինաստանն աշխարհի ամենամեծ շուկան է․ 1,4 մլրդ բնակչություն ունեցող երկիրը կարող է իրեն թույլ տալ առաջատար լինել այս ոլորտում։ Արտյոմ Պետրոսյանը Այդուհանդերձ, ավանդական ավտոարտադրողները դիմակայում են էլեկտրամոբիլների մրցակցությանը մի քանի ուղղությամբ՝ նորարարության ներդրմամբ, արտադրության փոփոխություններով, համագործակցությունների եւ շուկայական ռազմավարությունների ընդլայնմամբ, մարքեթինգային խոշոր արշավների կազմակերպմամբ: - Տարածաշրջանում Հայաստանն այս առումով զարգացման ո՞ր փուլում է։ Որո՞նք են ոլորտի ամենամեծ մարտահրավերները։ - Տարածաշրջանում Հայաստանը, թերեւս, առաջատար դիրքերում է։ Դա պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ՝ էլեկտրական ավտոմեքենաների ներկրումը ազատված է մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից, ինչը, բնականաբար, գրավիչ է այս բիզնեսով զբաղվելու համար, սպառողներն էլ ավելի մատչելի արժեքով են էլեկտրամոբիլ ձեռք բերում։ Բացի այդ, քաղաքների, ավանների համեմատաբար կոմպակտ դասավորությունը թույլ է տալիս արագ զարգացնել լիցքավորիչների ցանցը։ Այնուամենայնիվ, կան որոշակի մարտահրավերներ, որոնք դեռ խոչընդոտում են ոլորտի շեշտակի զարգացմանը, օրինակ՝ լիցքավորման կայանների ոչ բավարար քանակը կամ առկա լիցքավորման կայանների տեղակայման անհամաչափությունը: Աշխարհում գոյություն ունի չափորոշիչ, ըստ որի՝ յուրաքանչյուր 6-7 մեքենայի համար մեկ լիցքավորիչ պետք է լինի: Հայաստանում դեռ այս ցանցը լիարժեք զարգացած չէ։ Խոչընդոտ է նաեւ լիցքավորման կետերում հոսանքի արժեքը՝ ավելի թանկ է, քան տնից լիցքավորելու դեպքում: Էլեկտրամոբիլների՝ հանրային լիցքավորիչներով լիցքավորման ծախսը կարող եմ համեմատել գազով շահագործվող մեքենաների ծախսի հետ, ուստի ներկա պահին խնայողության առումով մարդիկ էական տարբերություն դեռ չեն զգում։ Մյուս խոչընդոտը տեխնիկական սպասարկման հարցն է. Հայաստանում քիչ են հատուկ մասնագիտացված ծառայությունները, որոնք կարող են ապահովել էլեկտրամոբիլների բարձրակարգ սպասարկում եւ վերանորոգում։ Իսկ տեխնիկական սպասարկման մասնագետները բավարար կրթված չեն եւ չունեն էլեկտրամոբիլների հետ աշխատելու բավարար փորձ։ Բացի այդ, քանի որ էլեկտրամոբիլները նորություն են, շատ սպառողներ բավարար տեղեկացված չեն դրանց առավելությունների եւ հնարավորությունների մասին։ Կամ փորձի պակաս ունեն. շատերը հնարավորություն չեն ունեցել դրանք փորձելու, ուստի երկմտում են՝ արժի՞ արդյոք անվերապահորեն ընտրել այս փոխադրամիջոցը, թե ոչ։- Որո՞նք են սպառողների հիմնական մտահոգությունները՝ կապված էլեկտրական մեքենաների հետ:- Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների հետ կապված կա range anxiety («վազքի մտահոգություն») արտահայտությունը. արդյո՞ք մեքենայի վազքի պաշարը կբավարարի առօրյայում Ա կետից Բ կետ հասնելու համար։ Հայաստանի դեպքում դա մեղմ է արտահայտված, քանի որ տարածությունները փոքր են։ Անգամ ռելիեֆը, եղանակային պայմանները, ենթակառուցվածքների ոչ համաչափ բաշխվածությունը եւ մնացած հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ մեկ լավ լիցքավորումը բավարար կլինի ճանապարհին լիցքավորման նպատակով չկանգնելու համար։ - Զարգացա՞ծ են արդյոք Հայաստանի ենթակառուցվածքները էլեկտրամոբիլների համար։ - Ենթակառուցվածք ասելով՝ առաջին հերթին խոսենք հանրային լիցքավորիչների մասին, քանի որ սեփական ավտոտնակում եւ այլուր նույնպես կարելի է լիցքավորել էլեկտրամոբիլը։ Քաղաքի ներսում սպառողները լիցքավորման հետ կապված, որպես կանոն, խնդիր չեն ունենում։ Հիմնական խնդիրը ծագում է քաղաքից դուրս երթեւեկելիս։ Կարեւոր է, որ Հայաստանի գլխավոր ճանապարհային հանգույցները, որոնք մարզերը կապում են միմյանց, զինված լինեն արագ լիցքավորման կայաններով, որովհետեւ էլեկտրամոբիլների գլխավոր խնդիրը լիցքավորման ժամանակահատվածն է։ Որքան էլ արագ լիցքավորում ապահովեն կայանները, այնուամենայնիվ, նվազագույնը 25-30 րոպե է տեւում: Հայաստանն այս առումով դեռ զարգացման փուլում է։- Ներկա պահին էլեկտրամոբիլների հայաստանյան շուկայում ի՞նչ է կատարվում, եւ առաջիկա տարիներին ի՞նչ է սպասվում: - Հայաստանում էլեկտրական մեքենաների մեծ մասը մատչելի է այն պատճառով, որ ներկրվում է ոչ պաշտոնական ներկայացուցիչների խողովակներով, առանց գործարանային հատուկ երաշխիքների։ Իսկ քանի որ Հայաստանում վճարունակությունը բարձր չէ, մարդիկ մեծամասամբ որոշում են կայացնում հենց այդ ճանապարհով մեքենա ձեռք բերել։ Արտյոմ Պետրոսյանը Հույս ունեմ ու նաեւ աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեւավորենք սպառողական ճիշտ վարքագիծ, որպեսզի գործարանային երաշխիքներով ավտոմեքենաներ ներկրվեն մեր երկիր։ Ի դեպ, հաջորդ հարցն այդ մեքենաների ապագային է վերաբերելու, ի՞նչ է լինելու դրանց ուտիլիզացիայի հետ, հատկապես որ էլեկտրամոբիլների մարտկոցները վերամշակման մեծ խնդիրներ են առաջացնում։ Այդ խնդիրը միայն անհատի կամ դիլերի մակարդակով չի լուծվում, դա պետական քաղաքականության հարց է։- Դուք ղեկավարում եք ընկերություն, որը հանրահայտ ավտոբրենդներից մեկի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ի՞նչ առավելություն ունի պաշտոնական ներկայացուցչից գնված մեքենան։- Որեւէ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ լինելը, նախեւառաջ, պատասխանատվություն է՝ սպառողի, բիզնեսի ու հասարակության առջեւ։ Սա նաեւ սպառողական վարքագիծ ձեւավորելու իսկական միջոց է։ Նախ՝ ի՞նչ ավտոմեքենա ես առաջարկում, ի՞նչ երաշխիքներով ու դրա դիմաց ի՞նչ ես պատրաստ տալ։ Բացի դրանից, պետք է գնորդին ապահովես համապատասխան որակի տեխնիկական մասնագիտական օժանդակություն, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում, ինչը եւ անում ենք մենք՝ «Անդրոն» ընկերությունը։ Պաշտոնական ներկայացուցչից մեքենա ձեռք բերողը, որպես կանոն, կարող է վստահ լինել, որ ունի պատասխանատու եւ հետեւողական գործընկեր, իր մեքենայի հետ կապված ցանկացած խնդիր առաջանալու դեպքում կարող է դիմել տվյալ ընկերությանը։- Ձեր ղեկավարած ընկերությունն էլ է չինական էլեկտրամոբիլ ներկրում։ Հենց վերը նշած գործոննե՞րն եք հաշվի առել՝ չինական էլեկտրամոբիլ ներկրելու համար։- «Անդրոն» ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում, թերեւս, չինական էլեկտրամոբիլների շուկայի առանձնահատկությունները հաշվի առնելով է դեռեւս 4 տարի առաջ Neta ավտոբրենդի պաշտոնական ներկայացուցիչը դարձել Հայաստանում։ Բացի այդ, «Անդրոն»-ը գործունեության ընթացքում ձեւավորել ու շարունակում է ձեւավորել նոր մշակույթ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ եւ բարձրացնելով վստահությունը էլեկտրամոբիլների նկատմամբ: - Էլեկտրական շարժունակության հետ կապված ձեր ընկերությունը ի՞նչ մարտահրավերներ է հաղթահարել ու հիմա ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել։ - «Անդրոնը», նախ, սկզբունքներ ու արժեքներ ունեցող ընկերություն է։ Մեզ համար կարեւոր է էլեկտրամոբիլության ոլորտում արժեք ու վարքագիծ ձեւավորելը։ Պատահական չէ, որ մենք աշխատում ենք այն սկզբունքով, որ մեզ համար առաջնայինը ոչ թե պարզապես գնորդ գտնելն է, այլ համախոհների համայնք ձեւավորելը, որտեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ ունի ամուր եւ հավատարիմ հենարան։ Tweet Դիտում՝ 8446