Ներդրումները, ինտեգրացիան եւ Հայաստանի լոգիստիկ դերը՝ Armenian Business Forum 2024-ում

29.05.2024 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Armenian Business Forum 2024-ը երկկողմ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով Մոսկվայում մեկ հարթակում էր հավաքել Հայաստանից եւ Ռուսաստանից խոշոր եւ սկսնակ բիզնեսի շուրջ 400 ձեռներեցների։ Ֆորումը, որի ընթացքում անցկացվեցին նաեւ պանելային քննարկումներ, կազմակերպվել էր «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Banks.am–ը ներկայացնում է առանցքային հատվածներ ֆորումից։

«Կամուրջ» դառնալը եւ երկխոսությունը

Սամվել Կարապետյան, Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ
 
Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք եւ «կամուրջ» դառնանք մեր երկրների միջեւ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։ Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է պահպանել քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում այն սերտ երկխոսությունը, որը ձեւավորվել է մեր երկու երկրների միջեւ երկար տարիների հարաբերությունների ընթացքում: Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող եւ չպետք է խոչընդոտի ռուս-հայկական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքին, գործընկերության զարգացմանը եւ համագործակցությանը: Կարծում եմ՝ այստեղ կարեւոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։

Սամվել Կարապետյանը


Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլ նաեւ Հայաստանի: Ուժեղ սփյուռքն ամուր հենարան է Հայաստանի համար: Ուզում եմ նաեւ ուշադրությունը հրավիրել սփյուռքի առաջ կանգնած պատասխանատվության աստիճանի վրա՝ դա վստահելի գործընկերներ լինելու սփյուռքի պարտավորությունն է։

Ներդրումային ծրագրերը

Նարեկ Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ

Առաջին բիզնես ֆորումը, որն անցկացվեց 2021թ.-ին՝ Երեւանում, հայտարարվել էր Հայաստանում ներդրումային ծրագրի իրականացման մասին: Այդ ծրագրի բոլոր նախանշված կետերն ավարտված են: Դրանցից հիմնականը Հայաստանի Հրազդան քաղաքում նոր ՋԷԿ-ի կառուցումն էր եւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի՝ Սեւան -Հրազդան կասկադի արդիականացումը։

2022թ.-ին բացվեց Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտում վերջին տասնամյակի ամենախոշոր նախագծերից մեկը՝ T-METAL ապրանքանիշի ներքո մետաղագործական նոր գործարանը։ Ձեռնարկությունը կկարողանա լուծել ոչ միայն երկրում պողպատի սակավության խնդիրը, այլեւ թույլ կտա արտահանել այն։ Այդ գործարանը գրեթե 200000 քմ արտադրական եւ պահեստային տարածք է՝ դեպի հայկական երկաթուղի մուտքով, որն իր հերթին միանում է Վրաստանի Փոթիի գլխավոր ծովային նավահանգստին։ Սա Հայաստանի տնտեսության համար մի կարեւոր եւ որակական թռիչք է, որը պետք է խթանի երկրի ողջ արդյունաբերության զարգացումը։ Անցյալ տարի բացված մեկ այլ համակարգ ձեւավորող ձեռնարկություններից է AMPER ուժային տրանսֆորմատորների գործարանը:

Նարեկ Կարապետյանը


Ինչ վերաբերում է թեթեւ արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերին՝ ապա այս ընթացքում ընդլայնվել են Լոռու մարզի TASHIR KAR տեքստիլ կոմբինատի արտադրական հզորությունները։ Այս նախագիծը մի կարեւոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովում է մարզի բնակչության զբաղվածությունը. վերջին երկու տարիների ընթացքում, աշխատողների թիվն ավելացել է 2,5 անգամ եւ կազմել 300 մարդ։

Ինքնիշխանությունը եւ ինտեգրացիան

Տիգրան Սարգսյան, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ

Այսօր բոլորը քննարկում են ազգային ինքնիշխանություն հասկացությունը։ Պետք է ընդհանրապես հասկանալ ի՞նչ է այդ ազգային ինքնիշխանությունը, ինչի՞ համար է այն պետք եւ ինչպե՞ս պետք է իրականություն դարձնել այն։ Եթե այդ ազգային ինքնիշխանությունը անհրաժեշտ է սեփական զարգացման գործընթացը կառավարելու նպատակով, այսինքն՝ երբ դուք կայացնում եք ինքնուրույն որոշումներ եւ ինքնուրույն կերպով գծագրում եք ձեր զարգացման հեռանկարները, ապա հարց է առաջանում՝ ինչպիսի՞ որոշումներ ենք մենք կայացնում այսօր, որոնց արդյունքում առաջանում են բարենպաստ պայմաններ Հայաստանի ինքնիշխան զարգացման համար։



Այսօր աշխարհում ձեւավորվում են տարածաշրջանային միավորումներ, որոնց ինտեգրվելու շնորհիվ պետությունները հնարավորություն են ձեռք բերում իրականացնելու իրենց ազգային ինքնիշխանությունը։ Այս հարցը հասկանալի դարձնելը կարեւոր է, որպեսզի ազգային ինքնիշխանություն հասկացությունը զերծ մնա քաղաքական սպեկուլյացիաներից:

Հայաստանի համար այսօր ի հայտ է եկել յուրօրինակ շանս՝ իր ազգային ինքնիշխանությունը իրականություն դարձնելու գործում, եւ դա հնարավոր է անել Եվրասիական ինտեգրման միջոցով։ Ինտեգրացման շնորհիվ Հայաստանին պատմական շանս է բաժին հասել՝ կայացնելու որոշումներ, որոնք կձեւավորեն երկրի ապագան։ Եվրասիական միությունում այսօր որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում դա։ Այսինքն՝ առանց Հայաստանի ձայնի, առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը 180 միլիոնանոց շուկային վերաբերող որոշումներ չեն կարող ընդունվել։ Հենց դա է սեփական ինքնիշխանությունը իրականացնելու յուրօրինակ գործիքը:



Հայաստանը՝ որպես Եվրասիական միության անդամ, կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հայաստանի առջեւ հենց եվրասիական ինտեգրման միջոցով են արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։ Մրցակցությունն առաջիկա տասնամյակներում լինելու է այն ոլորտում, որը կապված է նոր գիտելիքների արտադրության եւ համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման հետ:
Հայաստանը հայտնի է եղել իր գիտական ներուժով եւ մասնագիտացել է ԽՍՀՄ-ում այդ ոլորտում։ Կապիտալիզացիան այսօր ձեւավորվում է նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Հայաստանի լոգիստիկ դերը եւ «Հյուսիս-Հարավ»-ը

Տիգրան Սարգսյան, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ

Լոգիստիկան միայն ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծումը չէ։ Այսօր մեր աչքի առաջ ձեւավորվող «Արեւելք-Արեւմուտք» ճյուղը, որտեղ Չինաստանի կապն է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Թուրքիա, ԵՄ։ Այս ճյուղի զարգացման հարցում մեծապես շահագրգռված են Չինաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում այնտեղ: Մեր քննարկումները ցույց են տվել, որ այստեղ կարեւոր է ոչ թե բուն ֆիզիկական ենթակառուցվածքը, այլ այն հավելյալ արժեքը, որը ձեւավորվում է այդ ենթակառուցվածքի շուրջ. դա ապրանքային հոսքերի «առանց կարերի» լինելն է, որը ենթադրում է ամբողջ բիզնես գործընթացի թվայնացում:

Սամվել Կարապետյանը եւ Տիգրան Սարգսյանը


Երբ մենք խոսում ենք այն մասին, որ պետք է կառուցենք «Հյուսիս-հարավը», առաջին հերթին պետք է մտածենք այդ միջանցքների «առանց կար» լինելու մասին։ Միայն այս դեպքում մրցունակ կլինեք, հակառակ դեպքում ապրանքափոխադրումները ձեր կողքով կանցնեն։

Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ

Մենք մի շատ գեղեցիկ տարածաշրջան ունենք՝ Սյունիքը: Այսօր ամբողջ աշխարհի համար հիմնական խնդիր է դարձել խլելու մեզանից այդ տարածաշրջանը, բայց ոչ մեկին դա չի հաջողվելու, եւ մենք դառնալու ենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մասնակից:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 2149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW