Համաշխարհային տնտեսության անհավասար վերականգնումը

10.05.2024 | 23:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Կոռնելի համալսարանի Դայսոն դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Էսվար Փրասադի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Էսվար Փրասադ

Աշխարհաքաղաքական հակամարտություններով, պրոտեկցիոնիստական քաղաքականությամբ եւ մշտական գնաճով տոգորված աշխարհը մեծապես ազդում է տնտեսական աճի վրա: Բայց եթե «Brookings-Financial Times»-ի գլոբալ տնտեսական վերականգնման (TIGER) ինդեքսի վերջին տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային աճը կանգ է առել, որոշ երկրների տնտեսական աճը գալիք տարում հույսի նշույլներ է տալիս:

Տնտեսական աճի տեմպերը զգալիորեն տարբերվում են երկրների, հատկապես աշխարհի խոշոր տնտեսությունների միջեւ: Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը պահպանել են ուժեղ ցուցանիշները, իսկ Չինաստանի տնտեսությունը դանդաղում է: Նման տարբերություններ կան նաեւ եվրոգոտու ներսում. Գերմանիան կանգնած է ռեցեսիայի եզրին, մինչդեռ Իտալիայի եւ Իսպանիայի տնտեսությունները սպասվածից ավելի լավ են հանդես գալիս:

Երկրորդ տարբերությունը փաստացի տնտեսական արդյունքների եւ ֆինանսական շուկաների միջեւ է, քանի որ ֆոնդային շուկաներն աճում են նույնիսկ թույլ զարգացող եւ խիստ դրամավարկային քաղաքականությամբ երկրներում: Ավելին, ամբողջ աշխարհում աճում է տնային տնտեսությունների եւ բիզնեսի վստահությունը՝ չնայած աշխարհաքաղաքական տեղաշարժերի եւ անկայուն ներքին քաղաքականության հետ կապված անորոշությանը:

Ֆոնդային շուկայի ձեռքբերումներն ու վստահության աճը գուցե ազդարարում են 2024-ին գլոբալ տնտեսության արագացման մասին, հատկապես, եթե գնաճը շարունակի նվազել՝ թույլ տալով կենտրոնական բանկերին նվազեցնել տոկոսադրույքները: Սակայն այս լավատեսական հեռանկարը վտանգում են աշխարհաքաղաքական լարվածության աճը, մի շարք երկրներում ներքաղաքական ցնցումներն ու կայուն գնաճային ճնշումը: Ավելին, Չինաստանի եւ Գերմանիայի կախվածությունը արտաքին պահանջարկից՝ խթանիչ ներքին քաղաքականության փոխարեն, կարող է բացասական ազդել նրանց առեւտրային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսական աճի վրա:

ԱՄՆ-ի տնտեսությունն ապացուցել է իր տոկունությունը. աշխատաշուկան ծաղկում է, բաժնետոմսերի գները՝ աճում, եւ դրանք խթանում են բիզնեսի ու սպառողների վստահությունը եւ ներքին պահանջարկը: Թեեւ Դաշնային պահուստային համակարգը պահպանել է բարձր տոկոսադրույքները, արտադրողականության աճը եւ ներգաղթը հնարավորություն են տվել պահպանել տնտեսական աճը՝ չսրելով գնաճը: Թեեւ ԴՊՀ-ն հնարավորություն ունի հետաձգելու դրամավարկային թուլացումը, գնաճի դինամիկայի պատճառով դժվար է որոշել քաղաքականության փոփոխության ամենաբարենպաստ ժամկետը:

Մինչդեռ Ճապոնիան վերջապես սկսել է կարգավորել իր դրամավարկային քաղաքականությունը: Ֆոնդային շուկայի աճն ու վստահության վերականգնումը նշանակում է, որ երկրում եւս մեկ տարի չափավոր աճ կգրանցվի: Ի հակադրություն դրան՝ Միացյալ Թագավորությունը գտնվում է երկարատեւ, թեեւ մեղմ ռեցեսիայի շեմին, որը պայմանավորված է մշտական գնաճով, սահմանափակ հարկաբյուջետային ճկունությամբ եւ ներքին քաղաքական անկայունությամբ:

Թեեւ Չինաստանի տնտեսությունը դեռ առերեսվում է մարտահրավերների, կառավարությունը լրացուցիչ մակրոտնտեսական խթաններ է տրամադրել եւ միջոցներ է ձեռնարկել դժվար իրավիճակում հայտնված գույքի եւ արժեթղթերի շուկաներին օգնելու համար: Սակայն այս միջոցառումները արդյունավետ չեն, քանի որ չկան մասնավոր հատվածի վստահության վերականգնման համար անհրաժեշտ համապարփակ բարեփոխումներ: Ավելի կոշտ քաղաքականությունը, ներառյալ ավելի մեծ հարկաբյուջետային աջակցությունը, կարող է օգնել դիմակայելու տնային տնտեսությունների թույլ պահանջարկին եւ գնանկումային ճնշումներին՝ դրանով իսկ բարձրացնելով ներքին եւ միջազգային ներդրողների վստահությունը:

Էսվար Փրասադը


Հնդկաստանն, իր հերթին, տնտեսական աճի եւս մի տարի կվայելի՝ խթանված ֆոնդային շուկայի աճով, որն արտացոլում է տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների լավատեսությունը: Չնայած ցածր գնաճին եւ կառավարության հարկաբյուջետային կարգապահությանը, հեռանկարը, սակայն, լիովին վարդագույն չէ, ինչն արտացոլում է զբաղվածության եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների պակասը: Իր աճի թափը պահպանելու համար Հնդկաստանի քաղաքականություն մշակողները պետք է իրականացնեն կառավարման եւ կրթական բարեփոխումներ՝ ենթակառուցվածքային ներդրումների հետ մեկտեղ:

Ասիայում այլ լուսավոր կետեր էլ կան: Ակնկալվում է, որ Ինդոնեզիան, որը Հնդկաստանի պես ժողովրդագրական շահույթ է ստանում իր երիտասարդ բնակչության շնորհիվ, նույնպես լավ աճ կունենա 2024-ին:

Չնայած վերջին երկու տարիներին ռուսական տնտեսությունը ցուցաբերել է անսպասելի տոկունություն, չպետք է անտեսել արեւմտյան պատժամիջոցների տնտեսական ազդեցությունը: Ուկրաինական պատերազմի խթանը զգալի է, բայց արհեստական է եւ կարող անկայուն լինել կամ չվերածվել արտադրողականության աճի:

Կանխատեսվում է, որ Արգենտինան ու Մեքսիկան 2024 թվականին կունենան 2-3% աճ, իսկ Բրազիլիայինը կլինի մի փոքր ավելի ցածր: Սակայն քաղաքական տարաձայնությունները այս երկրներում կարող են զսպել ներքին պահանջարկը եւ հուսահատեցնել օտարերկրյա ներդրողներին: Մինչդեռ ԱՄՆ-ում եւ այլ զարգացած տնտեսություններում տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը որոշ չափով մեղմել է ճնշումը ցածր եկամուտ ունեցող երկրների վրա, որոնք պայքարում են պարտքի հետ կապված խնդիրների հետ, ինչի արդյունքում աճի հեռանկարները բարելավվել են, բայց դեռեւս թույլ են:

Էսվար Փրասադը


Շատ կարեւոր է հիշել, որ համաշխարհային տնտեսության արագացումը կարող է քողարկել զգալի խնդիրներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական տարաձայնությունները, քաղաքական անկայունությունը, առեւտրային պրոտեկցիոնիզմը, կլիմայի հետ կապված խափանումները եւ խոցելի բնակչության ու երկրների ոչ համարժեք պաշտպանությունը: Տնտեսական ազգայնականության եւ առեւտրային պրոտեկցիոնիզմի բացասական հետեւանքները, հավանական է, ամենաշատը կհարվածեն փոքր զարգացող երկրներին:

Քաղաքականություն մշակողների առջեւ ծառացած մարտահրավերը, հատկապես խոշոր տնտեսություններում, այնպիսի քաղաքականության մշակումն է, որը նվազեցնում է անորոշությունը եւ խթանում բիզնեսի ու սպառողների վստահությունը: Միեւնույն ժամանակ կենտրոնական բանկերը պետք է զբաղվեն գների կայունության վերականգնումով, իսկ կառավարությունները՝ առողջ հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ առաջարկի ոլորտում իրականացվող բարեփոխումներով:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW