Արդյո՞ք բլոքչեյնը պատրաստ է իր լավագույն օրվան

13.04.2024 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Circle ընկերության ռազմավարական դիրքավորման ավագ տնօրեն Ջոշ Բուրեքի հոդվածը՝ գրված Projecy Syndicate-ի համար:

Ջոշ Բուրեք

Սկսվել է կրիպտոարժույթի ձնհալը, ֆինանսական հաստատությունները կրկին հետաքրքրություն են ցուցաբերում թվային ակտիվների նկատմամբ, հետեւաբար վերսկսվում է հին բանավեճն այն մասին, թե արդյոք բլոքչեյնը իսկապես «վստահության մեքենա» է, ինչպես այն 2015-ին նկարագրել էր «The Economist»-ը:

XV դարի մի վենետիկցի կարող է պատասխանել այդ հարցին: Նա ո՛չ տեխնոլոգ էր, ո՛չ էլ բանկիր, բայց վանական Լյուկա Պաչոլին այսօր հայտնի է որպես հաշվապահական հաշվառման կրկնակի մուտքագրման համակարգի ստեղծող, որի վրա հիմնված է ժամանակակից տնտեսության մեծ մասը: Նրա հնարամիտ մոդելն էր, որ ներմուծեց դեբետն ու կրեդիտը երկու առանձին հաշիվներում գործարքների գրանցման մեթոդի մեջ:

Բիզնեսի հիմնական գործառույթի այս ձանձրալի եւ կարծես անհարմար փոփոխությունը ոչ միայն ճշգրտություն ապահովեց եւ օգնեց խափանել խարդախությունը, այլեւ սեփականատերերին նոր պատկերացում տվեց, թե ինչպես վարել ու բարելավել իրենց բիզնեսը եւ կրճատել ծախսերը: Պաչոլիի համակարգի շնորհիվ աճեց արդյունավետությունը, առեւտուրն արագացավ, եւ Վերածնունդը վերելք ապրեց: Կրկնակի հաշվառումը դարձավ տնտեսական գործունեության հիմնաքարը, քանի որ այն պարզ էր, հեշտությամբ տարածվող եւ անհերքելիորեն օգտակար: Դարեր անց Պաչիոլիի աշխատանքի վրա հիմնված ֆինանսական հաշվետվությունը պարտադիր դարձավ ցանկացած բիզնեսում: Այդպիսին է հիմնական ենթակառուցվածքի արդիականացման ուժը:

Ամենամեծ դասն այն է, որ նորամուծությունը, որը գաղափարից դառնում է համաշխարհային կիրառում , սովորաբար անցնում է հանրային վստահության երեք թեստ. արդյո՞ք այն աշխատում է, արդյո՞ք այն օգտակար է, արդյո՞ք այն ապահով է: Այլ կերպ ասած՝ օգտվողներն ակնկալում են կարողունակություն, արժեք եւ հուսալիություն:



Այսօր բլոքչեյնի ջատագովները տեխնոլոգիան տեսնում են որպես հաջորդ մեծ թռիչք՝ ֆինանսական գործարքները զանգվածաբար ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: «Սովորական արժույթի հիմնական խնդիրը վստահությունն է, որն անհրաժեշտ է այն աշխատեցնելու համար», - 2009-ին գրել է Սատոշի Նակամոտո կեղծանունով բիթքոին ստեղծողը: «Էլեկտրոնային արժույթով, որը հիմնված է կրիպտոգրաֆիկ ապացույցների վրա, առանց երրորդ կողմի միջնորդին վստահելու անհրաժեշտության, փողը ապահով կլինի, իսկ գործարքները՝ անկաշկանդ»: Նակամոտոն ենթադրում էր, որ կրիպտո ապացույցները, որոնք կփոխարինեն մարդկային վստահությանը, կստեղծեն հավասարակից, վստահելի ֆինանսական համակարգ:

Բլոքչեյնի հիմքում ընկած տեխնոլոգիան, որը կիրառել է(են) բիթքոինի ստեղծող(ներ)ը, նրբագեղորեն կառուցված է այն հիմքի վրա, որը ստեղծել էր Պաչոլին: Պատկերացրեք, որ 15-րդ դարի ֆլորենցիացի մի վաճառականի գրանցամատյանը անմիջապես հայտնվեր բոլոր մյուս վաճառականների մատյաններում: Այդպիսի բաշխված գրանցամատյանը ստեղծում է եռակի (կամ անսահմանափակ) մուտքագրման հաշվառում, իսկ տվյալները դառնում են անփոփոխ եւ անվիճելի:

Այդ ֆունկցիոնալությունը ինքնին փոխակերպող է, բայց բլոքչեյն ցանցերի ճարտարապետության գերհզորությունը շատ ավելի մեծ է, քան դրա ֆինանսական կիրառությունը: Ինչպես նշում է տեխնոլոգիական ձեռներեց Քրիս Դիքսոնը, «[ս]խալ է համարել, որ բլոքչեյնները պարզապես թվերի աղյուսակավորման մատյաններ են։ Բլոքչեյնները տվյալների բազա չեն. դրանք լիարժեք համակարգիչներ են»:

Իհարկե, կրիպտո արդյունաբերության մեծագույն հեգնանքն այն է, որ ֆինանսական վստահություն ամրապնդելու ցանկությամբ ստեղծված տեխնոլոգիան մեծ անվստահություն առաջացրեց: «The Economist»-ը չէր սխալվել՝ տասնամյակ առաջ բլոքչեյնը «վստահության մեքենա» անվանելով, բայց դրա գնահատումը գուցե թերի էր: Բառացիորեն տրիլիոնավոր գործարքներ ապահովելուց հետո բլոքչեյնի հիմնարար պահանջը՝ հեշտացնել արժեքի հուսալի փոխանակում, հոյակապ ստուգված է: Թերեւս դա մխիթարական չէ նրանց համար, ովքեր ֆինանսներ են կորցրել վերջին տարիներին այդ ոլորտի փլուզման ժամանակ, բայց այդ դրվագները խոսում են իռացիոնալ աշխուժության ու հնաոճ խարդախության մասին, ոչ թե բաշխված գրանցամատյանների արձանագրությունների թերության:



Այս ձախողումները որքան կանխատեսելի էին, նույնքան էլ ցավալի։ Զարգացող տեխնոլոգիաների հետ կապված ոգեւորությունը սովորաբար ավելի մեծ է, քան դրանց օգտակարությունը, եւ դրան հիասթափություն է հետեւեւմ: Նույնիսկ ամենահեռանկարային տեխնոլոգիաները մշակման վաղ փուլում թերություններ ունենեն: Արհեստական բանականույթյան չատբոտերը կարող են հալյուցինացիաներ ունենալ: Էլեկտրական մեքենաների մարտկոցները կարող են խափանվել ծայրահեղ ցրտին կամ շոգին: Նոր ծրագրաշարը հաճախ սխալներ է պարունակում: Բլոքչեյն ցանցերն էլ լրիվ պաշտպանված չէին հաքերներից եւ կատարողական խնդիրներից: Սակայն մարտերում ստուգված հուսալիությունը թույլ է տալիս նրանց արժանի տեղ զբաղեցնել փողի տեղաշարժի արդիականացման գործում:

Իսկ օգտակարությո՞ւնը: Այս որակն ավելի սուբյեկտիվ է։ Ակնհայտ է, որ կոլեկցիոն մուլտֆիլմային կապիկները եւ զուտ սպեկուլյատիվ առեւտուրը համաշխարհային ֆինանսական համակարգի փոխակերպող, ավելի ինկլյուզիվ արդիականացում չէ:

Բարեբախտաբար, շուկայի պատասխանատու խաղացողներն այսօր օգտագործում են բլոքչեյնը բազմաթիվ նպատակներով. փախստականներին շարժական, կոռուպցիայի չենթարկվող մարդասիրական օգնություն տրամադրում, 80%-ով նվազեցնում բարեգործական նվիրատվության, տրանսֆերտների եւ միջսահմանային վճարումների ծախսերը, ընդլայնում հիմնական ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, բարձր գնաճով երկրներում աշխատողներին արժեքի շարժական պահեստ տրամադրում, հաստատում ծագումը «ստեղծող տնտեսությունը» հզորացնելու համար, հեշտությամբ, անվտանգ եւ ինտերնետով տվյալներ փոխանցելու արագությամբ մեծ գումարներ փոխանցում, արդիականացնում 1970-ականներից ժառանգված ֆինանսական ուղիները:

Դեռ սկզբնավորման փուլում գտնվող այս հավելվածնեըն անժխտելիորեն բարձր սոցիալ-տնտեսական արժեք են ապահովում: Ծագում է երրորդ հարցը. արդյո՞ք բլոքչեյնի ֆինանսական ուղիներն ապահով են, ինչը ֆինանսական ծառայությունների լեզվով նշանակում է կարգավորված: Կարո՞ղ են օգտվողներն ամբողջ աշխարհում ակնկալել համընդհանուր, բարձր չափանիշներ: Դեռ ոչ, բայց մոտենում ենք դրան:



Սա կրիպտո արժույթի եւս մեկ հեգնանք է: Կոդերի վրա հիմնված, կառավարությունից մեկուսացած ֆինանսական համակարգի ազատական տեսլականը բախվեց կարգավորման իրականությանը: Աճող գիտակցում կա, որ բլոքչեյնի ցանցերը եւ ֆինանսական հավելվածները ոչ թե փոխարինում են, այլ արդիականացնում եւ ժողովրդավարացնում ավանդական ֆինանսական ենթակառուցվածքը: Դա նշանակում է աշխատել կարգավորողների եւ քաղաքականություն մշակողների հետ, ոչ թե դեմ:

Լավ նորությունն այն է, որ 2024 թվականը պետք է կարգավորման առումով ավելի մեծ որոշակիություն տա: Ճապոնիան, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Եվրամիությունը հիմնել են հզոր չափանիշներ եւ սպառողների պաշտպանություն այս աճող էկոհամակարգի համար: ԱՄՆ Կոնգրեսը կարող է այս տարի հետեւել այդ օրինակին եւ ընդունել թվային ակտիվների եւ «սթեյբլքոին» երկկուսակցական օրենսդրությունը, որը կպայքարի ապօրինի ֆինանսավորման եւ կեղծ թվային արժույթների դեմ: Այն էապես կփոխի հասարակության վստահությունը:

Արդյո՞ք բլոքչեյնը վստահության մեքենա է: Առաջիկա տարին գուցե մեզ վերջնական պատասխան տա:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2642
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW