ԱԶԲ-ն ներկայացրել է կանխատեսումները Հայաստանի տնտեսության համար
11.04.2024 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս



«ԱԶԲ-ն այս տարվա համար կանխատեսում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչեւ 5.7%:
Կանխատեսվում է, որ 2025թ.-ին այդ թիվը կրկին կաճի մինչեւ 6%, որը պայմանավորված կլինի ենթակառուցվածքների եւ բնակարանաշինության մասով կառավարության ավելի ընդգրկուն ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,- նշել է Լուկ Ֆոտչմանը՝ ներկայացնելով Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024թ.-ի ապրիլյան թողարկումը:
Նրա խոսքով՝ 2022թ.-ին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը.
«Սա կառավարության բնակարանաշինության եւ ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն: Չնայած ավելի դանդաղ աճին՝ շինարարության եւ սպառողական ոլորտների ծառայությունների ընդլայնումը կշարունակի մնալ հաստատուն: Կանխատեսվում է, որ 2024թ.-ին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025թ.-ին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի եւ կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առեւտրի, տրանսպորտի ու տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտներում»:
Ըստ կանխատեսումների՝ 2024թ.-ին շինարարության ոլորտում աճը կկազմի 16․3%, իսկ 2025թ.-ին՝ 18․1%, ինչը, Լուկ Ֆոչտմանի խոսքով, համահունչ է կապիտալ ծախսերի հետագա ավելացման եւ ճանապարհների վրա ու սոցիալական ենթակառուցվածքներում զգալի պետական ներդրումներ կատարելու կառավարության պլաններին:
«Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024թ.-ին կաճի մինչեւ 3%, ինչին կհաջորդի 2025թ.-ի հետագա արագացումը մինչեւ 3․5%»,- նշել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալը:
Անդրադառնալով առողջապահության ոլորտի ծառայություններին՝ նա նշել է, որ Հայաստանն այս հարցում մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք ազդում են մատուցվող ծառայությունների հասանելիության եւ որակի վրա:
«Առողջապահության ոլորտի բարեփոխումների մասով կառավարության 2023-2026 թվականների ռազմավարությունը նախատեսում է հանրային առողջության ծախսերի կայուն աճ՝ մինչեւ 2026թ.-ը դրանք հասցնելով բյուջեի առնվազն 10%-ին եւ ՀՆԱ-ի 2․5%-ին: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը: Առողջապահության համապարփակ բարեփոխումների եւ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը եւ բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը: Մենք կարծում ենք, որ այս բարեփոխումների իրականացումը կմեծացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը եւ որակը»,- ասել է Լուկ Ֆոչտմանը:
Արփի Ջիլավյան
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: